2007թ. օգոստոսի 24-ի լույս 25-ի գիշերը՝ ժամը 00:20-ի սահմաններում, Վանաձորում սպանվեց Լոռու մարզի դատախազ Ալբերտ Ղազարյանը: Ըստ դատախազության պաշտոնական հաղորդագրության՝ նա սպանվել էր աշխատանքից վերադառնալիս իր տան մոտակայքում: Նրա ուղղությամբ արձակվել էր չորս կրակոց: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր «Մակարով» տեսակի ատրճանակի չորս պարկուճ: Լուրեր կան այն մասին, որ դեպքի օրը դատախազի հետ է եղել կիսահեղինակություն համարվող «Հայռուսգազարդ»-ի աշխատակից, վանաձորցի Գառնիկ Ղաբուզյանը՝ Գոջո մականունով, որն առաջին կրակոցից հետո փախուստի է դիմել: Վերջինս կասկածվել է առանձնապես խոշոր չափերի հասնող գողություն կատարելու մեջ եւ փորձել է դատախազի միջամտությամբ փակել տալ հարուցված քրեական գործը:
Սպանությունից անմիջապես հետո գլխավոր դատախազության քննչական վարչության վարույթում հարուցվեց քրգործ: Ստեղծվեց քննչական խումբ՝ համալրված դատախազության, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության փորձառու աշխատակիցներով: Դեպքից արդեն հինգ տարի է անցել, բայց մեղավորները բացահայտված չեն: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը Լոռու մարզի նախկին դատախազի սպանությանն ունի իր գնահատականը. «Ես սա միանշանակ գնահատում եմ որպես պատվիրված սպանություն»: Այդ համոզմունքին Ա. Սաքունցը հանգել է մի քանի հիմնավորմամբ: Նախ՝ 2007թ. մայիսի 30-ին՝ դատախազի սպանությունից մի քանի ամիս առաջ, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի հաղորդման համաձայն՝ Լոռու մարզի դատախազության կողմից ՀՀ քր. օր.-ի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով Վանաձոր քաղաքի կեղտաջրերի մաքրման կայանում առանձնապես խոշոր չափերի հասնող գողությունների փաստի առթիվ հարուցված էր քրգործ, որի վարույթը կասեցվեց 2008թ. մայիսի 5-ին՝ դատախազի սպանությունից մոտ մեկ տարի անց:
«Այն ժամանակ դատախազությունը շատ ակտիվ էր կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման ուղղությամբ: Նախկին դատախազը շատ հետեւողական էր մաքրման կայանի գործով: Դատախազին սպանեցին, եւ մաքրման կայանի գործը կասեցվեց: Կա՛մ պետք է մտածենք, որ նախկին դատախազը որեւէ հիմք չուներ՝ մաքրման կայանի հետ կապված քրեական գործ հարուցելու, մտացածին գործ էր, որն իր մահով ավարտվեց, կա՛մ եթե, այնուամենայնիվ, տեսնում ենք, որ իրապես հիմքեր կային, քանի որ քրեական գործ հարուցելը օդից վերցված չէ, ինչո՞ւ մինչեւ հիմա չի շարունակվում այդ մաքրման կայանի գործը: Էդ ի՞նչն է, որ նախորդ դատախազի համար տեսանելի էր, եւ էդ ուղղությամբ շատ ինտենսիվ աշխատանք էր գնում, բայց քննչական մարմինների կողմից անտեսանելի դարձավ նրա սպանությունից հետո»,-նշեց Ա. Սաքունցը:
Նա ներկայացրեց դատախազի սպանությունը «պատվիրված» որակելու մյուս հիմնավորումը. «Դատախազի հուղարկավորությանը մասնակցում էր ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը, որն ամեն մի մարզի դատախազի թաղմանը չի մասնակցում: Ո՞րն էր Լոռու մարզի դատախազի հուղարկավորության նկատմամբ Ս. Սարգսյանի հետաքրքրության, նրա մասնակցության պատճառը»:
Այս պատմության մեջ հետաքրքիրն այն է, որ լռում են դատախազի հարազատները: Մենք հեռախոսազրույց ունեցանք Ա. Ղազարյանի աներորդի Գագիկ Հովսեփյանի հետ, որը հրաժարվեց թեմայի վերաբերյալ զրույցից. «Դա իմ թույլ կողմն է: Չեմ ուզում խոսել»: Նախկին դատախազի հարազատների լռությունը զարմացնում է նաեւ Ա. Սաքունցին. «Որոշ ժամանակ Ղազարյան Ալբերտի ընտանիքը հետամուտ էր այդ քրեական գործի բացահայտմանը: Իսկ հիմա ոչ ոք չի հետաքրքրվում: Այդ ի՞նչ հարցեր են քննարկվել ընտանիքի հետ, որի արդյունքում հա՛մ գայլերն են կուշտ, հա՛մ նրանց զոհերն են գոհ»:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավարի կարծիքով՝ հանրային մեծ հնչեղություն ունեցող այս քրեական հանցագործության նկատմամբ նման պասիվ վերաբերմունքն ավելի շատ կասկածներ է առաջացնում, որ կա շահագրգռվածություն այդ քրեական գործը չբացահայտելու. «Եթե կա ոտնձգություն դատախազի նկատմամբ, ապա դա ոտնձգություն է իշխանության նկատմամբ: Եթե իշխանությունը դա կուլ է տալիս, ուրեմն նշանակում է՝ այդ ոտնձգություն կատարողները հենց իշխանության ներկայացուցիչների մեջ են կամ իր կողմից հովանավորվող անձանց մեջ: Մեկ էլ Սիցիլիայում է, որ դատավորին կամ դատախազին կարող է սպանեն, ու հետամուտ չլինեն»:
ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի պետ Թաթուլ Շուշանյանն ու դատախազ Կարեն Շահբազյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեցին, որ դատախազի սպանության առիթով հարուցված քրգործը գտնվում է ՀՔԾ-ում: Մեր նամակ-հարցմանը ստացանք հետեւյալ պատասխանը. «Լոռու մարզի դատախազ Ալբերտ Ղազարյանի սպանության դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի եւ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի վարույթը 2008թ. օգոստոսի 25-ին կասեցվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ հանցագործություն կատարած անձի ինքնությունը հայտնի չլինելու պատճառով»: Մեկնաբանությունները թողնում ենք ընթերցողներին:
Լոռի