Հարցազրույցի այս հատվածում կբացահայտենք Անիին որպես քաղաքացի, կիմանանք նաեւ, թե ինչու է փոխել իր Ամիրյան ազգանունն ու դարձել Ղամբարյան:
-Ինչ-որ բան ես ուզում անել Հայաստանում, բայց հասկանում ես, որ դու անզոր ես քո երկրում: Այդ դեպքում գերադասում ես լինել օտար տեղում ու հասկանալ, որ դու օտար ես, դրա համար ես անզոր, քան լինել սեփական հայրենիքում ու հասկանալ, որ դու ինչ-որ բան անելու համար անզոր ես, այսինքն՝ ընդամենը կատարող ես:
-Քաղաքացիական նախաձեռնություններին մասնակցե՞լ եք` Մաշտոցի պուրակ, Փակ շուկա…
-Ես չեմ մասնակցում, եւ գիտե՞ք՝ ինչու, քանի որ շահարկվում է, թե հայտնի մարդիկ դրանով փորձում են դառնալ ավելի հայտնի, իրենց PR-ն են անում: Չեմ ուզում, որ դա երբեւէ էդպես ընկալվի: Տանը նստած՝ հետեւում եմ ամեն ինչին, չեմ գնում, որովհետեւ միայն դրանով չէ:
Իսկ ինչ վերաբերում է իմ գրառմանը, թե Հայաստանում արդեն անհնար է ապրել, ես նաեւ մի տեսանյութ էի տեղադրել «Ֆեյսբուք»-ի իմ էջում, երբ գիշերը 00:00-ից մեր շենքում բարձր, շատ բարձր երաժշտություն էր հնչում: Հետո երեւի շոգեցին տանը կամ անհարմար էր, դինամիկը հանեցին 4-րդ հարկից, դրեցին դրսում, իջան ու սկսեցին պարել մեր բակի տաղավարում, եւ այդպես մինչեւ գիշերվա 4:30-ը: Ու ցավալին այն էր, որ մեր հարեւաններից եւ ոչ մեկը չկարողացավ դուրս գալ ու ասել՝ խնդրում եմ, մի փոքր կամաց: Որովհետեւ այսօր, կներեք արտահայտությանս համար, բայց «բեսպրեդել» է Հայաստանում: Չես էլ կարող ոստիկանություն դիմել, որովհետեւ հետո էլ կասեն՝ այդ ո՞վ է արել, դե հիմա արի՛, ես քեզ կասեմ, մարդ եմ, ուրախանում եմ, հարամ արեցիր: Հա՛, եթե մի օր լինի, ես կհասկանամ, բայց նաեւ կենդանի երաժշտություն է հրավիրվում` դհոլ, զուռնա, դուդուկ:
Այդպիսի բաներ ես տեսնում ու հետո… Լավ, դու չքնես, բայց այդ շենքում ապրում են երեխաներ, մեծ կանայք, իսկ քնելը կարեւոր նախապայման է մարդու համար: Ինչպե՞ս կարող էր այդ աղմկող հասարակությունը չմտածել հարեւանի ծեր մոր կամ փոքրիկ երեխայի մասին, բայց չէ՛, կարեւորն իրենք են, գիշերը բակում պարեն ուրախանան: Մնացած ոչինչ նրանց չի հետաքրքրում, հազվադեպ են պատահում մարդիկ, ում մտահոգում է մյուսի կյանքը:
Չգիտեմ, միգուցե սա միշտ էլ եղել է, ուղղակի ես եմ մեծանում եւ տարիների հետ այս ամենը տեսնում ու հասկանում: Բայց այն, որ ես գրեթե ամեն օր, չեմ վախենա ասել, հիասթափություն եմ ապրում իմ երկրում, միանշանակ այդպես է:
-Մեկնելու ցանկություն չկա՞:
-Չեմ կարծում, դեռ չկան այդպիսի պլաններ: Հետո դա ամենահեշտ տարբերակն է` մեկնել, հեռանալ ու թողնել այս երկիրը բախտի քմահաճույքին կամ այդ մարդկանց հաճույքին: Նույնն էլ ամուսնության մեջ, ամենահեշտը բաժանվելն է, պահել կարողանալն է դժվար:
Հիմա մենք ինչ-ոչ ձեւով, թեկուզ ֆեյսբուքյան էջերում գրելով ու կոչ անելով մարդկանց՝ լինել ավելի բարի, պայքարել հանուն մի բանի, փորձում ենք այդպես փրկել որեւէ բան: Թե չէ գնալ միշտ էլ կարող ես: Մնալ պայքարել՝ դա է տարբերակը: Գտնել էնպիսի մարդկանց, որոնք համախոհ կլինեն, որ վաղը երեխադ մեծանա ոչ խեղաթյուրված մթնոլորտում:
-Անի՛ ջան, մի բան էլ նկատեցի, որ «Ֆեյսբուք»-ում Դուք փոխել եք Ձեր ազգանունն ու դարձել Անի Ղամբարյան:
-Այո՛, ազգանունս իրականում փոխել եմ, որովհետեւ մեր ընտանիքում այդպես է. մայրիկս, հորեղբորս կինը, բոլորը վերցրել են իրենց ամուսինների ազգանունը: Երբ փոքր էի, ու մենք հրավիրատոմս էինք ստանում, մեջն էլ գրված` տեր եւ տիկին Ամիրյաններ, իմ մեջ դեռ այն ժամանակվանից տպավորվել է, թե ինչքան գեղեցիկ է հնչում, որ ամուսինները միեւնույն ազգանունն ունեն: Ու վաղը, երբ երեխադ ծնվի, նաեւ քո ազգանունն է կրում, չէ՞ որ մի ընտանիք եք: Չգիտեմ, միգուցե ես շատ եմ խորանում, ի վերջո, կարեւորը թուղթը չէ: Մարդիկ քաղաքացիական ամուսնություններում էլ կարող են երջանիկ լինել: Ուղղակի ես հայկական ընտանիքի այդ ավանդույթը պահպանում եմ: Միշտ սիրել եմ ընտանեկան այդ տեսակ բաները ու բացի դրանից, շատ եմ սիրում ամուսնուս ու այն ամենն, ինչ կապված է իր հետ, ազգանունը՝ այդ թվում: Ես հպարտ եմ, որ կրում եմ Ղամբարյան ազգանունը, իհարկե, երբեւէ եւ ոչ մի դեպքում չուրանալով, որ Ամիրյան եմ, վերջապես, ես սերում եմ այնտեղից: Բայց նաեւ պետք է հասկանալ, որ ես առանձին ընտանիք եմ եւ ունեմ իմ պատմությունը:
ՄՆԱԼ, ՊԱՅՔԱՐԵԼ՝ ԴԱ Է ՏԱՐԲԵՐԱԿԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ