Մինչ Հայաստանում նոր թափ է հավաքում ներիշխանական գզվռտոցը, որի շրջանակներում հանրության ուշադրությունը սեւեռվում է այս կամ այն ակտիվիստի կամ ակտիվիստների խմբի ծեծի վրա, աշխարհում տեղի են ունենում լրջագույն զարգացումներ, որոնք Հայաստանի համար չափազանց մտահոգիչ հեռանկարներ են ուրվագծում:
Մասնավորապես` անցած շաբաթ, բացի ԲՀԿ-ական մի ակտիվիստի ծեծից, տեղի ունեցավ նաեւ այնպիսի «ոչ նշանակալից» իրադարձություն, ինչպիսին Ուկրաինայի հարցով Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի ղեկավարների հանդիպումն էր, որի արդյունքում, սակայն, հնչեցին Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու մասին հայտարարություններ: Ու թեեւ եւս մեկ հանդիպում` արդեն Ուկրաինայի նախագահի մասնակցությամբ, նախատեսված է անցկացնել չորեքշաբթի, կարելի է չկասկածել, որ լավագույն դեպքում այն շատ կարճ ժամանակահատվածով իրավիճակի սառեցմանն է հանգեցնելու: Աշխարհը գնում է լրջագույն առճակատման մեր ռազմավարական դաշնակցի` Ռուսաստանի հետ, եւ բոլոր հարակից գործընթացներում այդ հանգամանքը որոշիչ նշանակություն է ունենալու:
Տվյալ դեպքում խոսքը ղարաբաղյան հակամարտության մասին է, որը, ինչպես օրերս հայտարարեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը, ներկայումս վերաճել է «սահմանային դանդաղ պատերազմի»: Եվ այն, որ հունվարից ի վեր, չնայած միջնորդների արդեն անթաքույց զգուշացումներին, Ադրբեջանը ոչ միայն չի նվազեցնում սահմանային լարվածությունը, այլեւ է՛լ ավելի է խստացնում պատերազմական հռետորաբանությունը, ցույց է տալիս, որ Բաքվում չեն պատրաստվում «ձեռքից բաց թողնել» աշխարհաքաղաքական ներկայիս խառնաշփոթը: Նախօրեին Մյունխենի անվտանգության գագաթանաժողովում Ի. Ալիեւի արած աննախադեպ հայտարարությունները, համենայն դեպս, խաղաղ կարգավորման պատրաստակամության անգամ ֆորմալ տարրեր չէին պարունակում:
Տարիներ շարունակ, երբ Ալիեւ կրտսերը հանդես էր գալիս նմանատիպ հոխորտանքներով, ՀՀ պաշտոնական քարոզչամեքենան հավաստիացնում էր, թե դրանք Ադրբեջանի «ներքին լսարանի համար արված հայտարարություններ են, եւ թե Ալիեւնը բանակցային սեղանի շուրջ իրեն գառան նման հեզ է պահում»: Մինչդեռ հիմա մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի նախագահը պատերազմի սուր է ճոճում արդեն արտաքին լսարանի առջեւ` չարժանանալով գերտերությունների զսպիչ հորդորներին անգամ:
Սակայն պատերազմի անմիջական, թերեւս, առավել քան երբեւէ՝ իրական վտանգը, կարծես թե չի մտահոգում աթոռակռվից բացի այլ բանի մասին մտածելու ոչ ունակ ՀՀ քաղաքական վերնախավին: Եվ էական չէ, թե ինչի արդյունքում է տարբեր քաղաքական առաջնորդների անմեղսունակությունը` քյաբաբի չարաշահումից, առաջացած տարիքից, կոկաինի գերդոզավորումից, թե պարզապես` ի ծնե: