Նախկինում մարդիկ Հայաստանից արտագաղթում էին, բայց դա էապես չէր ազդում ՀՀ բնակչության պաշտոնական թվի վրա, սակայն վերջին երկու տարիներին բնակչության պաշտոնական թիվը եւս սկսել է տարեցտարի նվազել: Սա նշանակում է, որ ՀՀ քաղաքացիների թիվը պաշտոնապես նվազում է, ինչն այլեւս հնարավոր չէ թաքցնել: Բայց ուշագրավն այն է, որ պաշտոնական վիճակագրերն այս փաստը փորձում են չտեսնելու տալ, կարծես ոչինչ էլ չի եղել:
Մարդահամար անցկացնելիս, ինչպես հայտնի է, բնակչության երկու թիվ է ստացվում՝ «առկա բնակչություն» եւ «մշտական բնակչություն»: Առաջին խումբը՝ «առկա բնակչությունը», իր մեջ ներառում է մարդահամարի անցկացման պահին ներկա մարդկանց թիվը: Իսկ «մշտական բնակչությունը» մարդահամարի պահին ներկա եւ բացակա բնակչության հանրագումարն է, կամ այլ կերպ ասած՝ քաղաքացիների թիվը:
2001 թվականին անցկացված մարդահամարի արդյունքներով, ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանի «մշտական բնակչության» թիվը եղել է 3 միլիոն 213 հազար 11 մարդ: Մինչեւ 2011 թվականը Հայաստանի մշտական բնակչության թիվը շարունակաբար աճել է, եւ արդեն 2011-ի սկզբին այդ ցուցանիշը, կրկին ըստ ԱՎԾ-ի, կազմել է 3 միլիոն 262 հազար 200 մարդ: Նշված տարիներին Հայաստանից արտագաղթը չի դադարել, բայց մշտական բնակչության թիվը, միեւնույն է, շարունակում էր աճել, ինչը հիմնականում բացատրվում էր այն հանգամանքով, որ արտագաղթների հաշվառում, որպես այդպիսին, չի իրականացվում (ներկայումս էլ չի իրականացվում) եւ, որ ամենակարեւորն է, պաշտոնական վիճակագրերը պնդում էին, որ արտագաղթած մարդը, քանի դեռ չի հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից, շարունակում է մնալ մշտական բնակչության կազմում:
2011 թվականի հոկտեմբերի 12-ից 21-ը անցկացված մարդահամարի արդյունքներով ՀՀ մշտական բնակչության թիվը կազմել էր 3 միլիոն 18 հազար 854 մարդ: Այսպիսով՝ ստացվում է, որ 2001 թվականի համեմատ մշտական բնակչության թիվը նվազել է 194 հազար 157 մարդով: Սակայն նշված տասը տարիներին Հայաստանն ունեցել է նաեւ բնակչության բնական աճ՝ ծնվածների եւ մահացածների թվի դրական տարբերությունը: Մասնավորապես, նշված տասը տարում Հայաստանի բնակչության բնական աճը կազմել է 134 հազար 291 մարդ: Իսկ բնական աճի պայմաններում մշտական բնակչության թվի նվազում արձանագրելու համար անկումը պետք է լիներ ավելին: Այսինքն՝ մշտական բնակչության իրական նվազումը եղել է բնական աճի եւ արձանագրված անկման գումարի չափով, այն է՝ 328 հազար 448 մարդ: Ստացվում է՝ 2001 թվականից մինչեւ 2011 թվականը Հայաստանի Հանրապետությունը կորցրել է նշված վերջին թվի չափով քաղաքացիներ:
Մարդահամարից հետո՝ 2012 թվականին, ՀՀ մշտական բնակչության թիվը կազմել է 3 միլիոն 21 հազար 400 մարդ, 2013 թվականի սկզբին այդ թիվը եղել է 3 միլիոն 41 հազար, 2014 թվականի տարեսկզբին՝ 3 միլիոն 17 հազար 400, իսկ արդեն 2015 թվականի սկզբին՝ 3 միլիոն 10 հազար 600: Այսինքն՝ 2011-ի մարդահամարից հետո մինչեւ 2013 թվականի սկիզբը Հայաստանի մշտական բնակչության թիվը շարունակել է աճել, իսկ արդեն 2014-ի սկզբին այդ ցուցանիշը կտրուկ անկում է ապրել: 2012-ից 2014 թվականը ներառյալ Հայաստանի բնակչության բնական աճը կազմել է 44 հազար 735 մարդ: Այսպիսով՝ եթե հանրագումարի բերենք, ապա ստացվում է, որ 2001 թվականից մինչեւ 2015 թվականի սկիզբը Հայաստանի մշտական բնակչության թիվը նվազել է 403 հազար 583 մարդով:
Սակայն, երբ ուսումնասիրում ենք պաշտոնական վիճակագրության տվյալները, պարզվում է՝ վերը բերված թիվն էլ վերջնական չէ: Բանն այն է, որ ըստ ԱՎԾ-ի՝ 2007 թվականից, երբ ներդրվեց երկքաղաքացիության համակարգը, Հայաստանը երկքաղաքացիություն է շնորհել 53 հազար 322 մարդու: Բնականաբար, երկքաղաքացիները եւս ներառված են ՀՀ մշտական բնակչության թվաքանակի մեջ: Այսինքն՝ ստացվում է, որ վերջին 14 տարիներին Հայաստանը կորցրել է 456 հազար 905 քաղաքացի: Այս թիվը չշփոթել արտագաղթի թվի հետ: Արտագաղթի թիվը շատ ավելի մեծ է, բայց այն մարդիկ, ովքեր արտագաղթել, բայց չեն հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից, շարունակում են մնալ ՀՀ քաղաքացի: Եթե մի լավ օր Հայաստանում իրավիճակը փոխվի, եւ այն իր քաղաքացիների համար դառնա գրավիչ երկիր, ապա կասկած չկա, որ քաղաքացիների մի մասը կվերադառնա Հայաստան: Իսկ քաղաքացիությունից հրաժարված եւ այլ երկրի քաղաքացիություն ընդունած մեր նախկին հայրենակիցներին Հայաստան վերադարձնելն արդեն կարելի է համարել անհույս գործ:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ՄԵԼԻՔ-ԱԴԱՄՅԱՆՈՒՄ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հանրապետական կուսակցության կողմից ստեղծվելիք «Հայք» հեռուստաընկերությունը տեղակայված կլինի Մելիք-Ադամյան փողոցում գտնվող ՀՀԿ կենտրոնական գրասենյակում: Ըստ նույն տեղեկությունների՝ ներկայումս այնտեղ ընթանում են նախապատրաստական աշխատանքները, որպեսզի շուտով հեռուստաընկերությունը սկսի գործել: Հանրապետականները «Ժողովուրդ»-ի հետ մասնավոր զրույցում հաստատում են տեղեկությունը՝ ասելով, որ առայժմ այդ մասին չեն ցանկանում հրապարակային խոսել եւ մանրամասներին անդրադառնալ: Մեր տեղեկություններով՝ նոր բացվելիք հեռուստաընկերության գործադիր տնօրեն կնշանակվի Արման Թերջանյանը, որն այժմ զբաղեցնում է «Արմնյուզ» հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնը: Երեկ ողջ օրվա ընթացքում «Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունը ճշտել Արման Թերջանյանից, սակայն նրա հետ կապվել մեզ չհաջողվեց:
ԳՈՐԾԱՐԱՆ ԿԲԱՑԵ՞Ն
Տավուշի մարզում հայ գործարարներից մեկը ցանկանում է ձեռնոցի արտադրամաս «բացել»: Ըստ տարածված տեղեկությունների՝ նա ռուսասատանաբնակ գործարար է: Գործարան բացելու հարցով նա վերջերս հանդիպել է ՀՀ ղեկավարության հետ: Տավուշցիները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատմեցին, որ գործարանը մինչեւ 2000 աշխատող կարող է ունենալ: Մեր հայրենակիցը ցանկանում է արտադրամասը հիմնել Բերդ քաղաքում, սակայն մինչ այժմ նա չի կարողացել արտադրամասի համար տարածք գտնել: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունը ճշտել Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանից, սակայն վերջինս կտրականապես հրաժարվեց այդ թեմայով խոսել:
ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակել է այս տարվա հունվարի սպառողական գների ինդեքսը: Ըստ այդմ, սպառողական գները հունվարին, անցած տարվա դեկտեմբերի համեմատ, բարձրացել են 2,5 տոկոսով, իսկ անցած տարվա հունվարի համեմատ՝ 4,3 տոկոսով: Մասնավորապես, մրգերի գները հունվարին, դեկտեմբերի համեմատ, թանկացել են միջինը 9 տոկոսով, բանջարեղենի եւ մասնավորապես կարտոֆիլի գները՝ 14 տոկոսով: Ընդհանուր պարենային ապրանքների գները, ըստ ԱՎԾ-ի, այս տարվա հունվարին, նախորդ ամսվա համեմատ, թանկացել են 4,5 տոկոսով: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ ոչ պարենային ապրանքների եւ ոգելից խմիչքների գները հունվարին գրեթե չեն թանկացել, աճը եղել է համապատասխանաբար 0,5 եւ 0,3 տոկոսով: Ի դեպ, հունվարին թանկացումները Հայաստանում, մեղմ ասած, աննորմալ երեւույթ է եւ տնտեսությունում առկա ճգնաժամի վկայություն:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ԿՈՉ
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները Մյունխենում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո հանդես են եկել հայտարարությամբ` կոչ անելով առաջին իսկ հնարավորության դեպքում վերսկսել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ երկխոսությունը: Փետրվարի վերջին համանախագահները պատրաստվում են այցելել տարածաշրջան:
ՆՈՐ ՊԵՏ
Սերժ Սարգսյանի հրամանագրով գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ: Հիշեցնենք, որ նախկին պետը` գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանը, դիմում էր գրել աշխատանքից ազատվելու վերաբերյալ` ռազմական ինստիտուտի սաների կողմից կուրսանտներից մեկի դաժան սպանությունից հետո:
ՍՏՈՐԱԳՐԵՑԻՆ
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի` ՌԴ կատարած աշխատանքային այցի շրջանակում փետրվարի 5-ին ստորագրվել է ՀՀ տարածքում ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար Հայաստանի Կառավարությանը վարկ տրամադրելու մասին համաձայնագիր: Հայկական կողմից համաձայնագիրը ստորագրել է ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ Սուրեն Կարայանը, ռուսական կողմից՝ ՌԴ ֆինանսների փոխնախարար Սերգեյ Ստորչակը:
ԿՐՃԱՏԵՑԻՆ
Երեկ կրճատվել են «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ 1700 աշխատակիցներ: Այս կապակցությամբ «Նաիրիտի» արհմիությունը հայտարարություն է տարածել, որում ասված է.«Կրճատվեցին ընկերության հազվագյուտ, բարձր որակավորում ունեցող մասնագետները, ովքեր տարիներ շարունակ իրենց անուրանալի ներդրումն են ունեցել գործարանի արտադրական գործընթացում: Ընկերության արհմիությունն իր խորին երախտագիտությունն է հայտնում աշխատանքից ազատված աշխատակիցներին եւ լիահույս է, որ գործարանն, այնուամենայնիվ, վերագործարկվելու է, եւ բոլոր մասնագետները կրկին վերադառնալու են աշխատանքի: Ինչ վերաբերում է աշխատավարձի պարտքի մարմանը, ապա մենք վստահեցնում ենք, որ ձեզ հետ միասին պայքարելու ենք՝ հնարավորինս սեղմ ժամկետներում պարտքերի խնդիրը լուծելու համար»:
ՈՉ ՄԻ ԼԱՎ ԲԱՆ
Հայաստանի ու Եվրամիության միջեւ արտաքին առեւտուրը շարունակում է նվազել: Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2014 թվականի ամբողջական տվյալները, որտեղից երեւում է, որ 2014-ի վերջի դրությամբ ՀՀ ընդհանուր առեւտրաշրջանառության մեջ ԵՄ երկրների հետ առեւտրի ծավալը կազմել է 1 միլիարդ 574 միլիոն դոլար կամ 26.6%, այն դեպքում, երբ 2013թ. հունվար-նոյեմբերին եղել էր 28.2%: 2013 թվականի համեմատ ԵՄ-ի հետ առեւտրի ծավալը նվազել է 4.8%-ով: ԱՊՀ երկրների հետ արտաքին առեւտրի տեսակարար կշիռը նույնպես նվազել է, սակայն ոչ այդքան զգալի չափով՝ 0.3 տոկոսային կետով (29%-ից դարձել է 28.7%): Հայաստան-ՌԴ առեւտրաշրջանառությունը 2014 թվականին կազմել է 1 միլիարդ 402.7 միլիոն դոլար: 2013 թվականի համեմատ այս ցուցանիշն աճել է 3.2%-ով, սակայն ոչ հօգուտ մեզ: Ռուսաստանից ներմուծումն աճել է 6.7%-ով, իսկ Հայաստանից Ռուսաստան արտահանումը նվազել է 7.7%-ով:
ՉԵՆ ԱՌՆՉՎԵԼ
2015թ. հունվարի 12-ին Գյումրի քաղաքում սպանված Ավետիսյանների ընտանիքի անդամների եւ մեղադրյալ Վալերի Պերմյակովի՝ ՌԴ-ում միմյանց հետ առնչություն ունենալու հավանական վարկածը ստուգելու ուղղությամբ կատարված քննությամբ պարզվել է, որ Ավետիսյանների ընտանիքի անդամներից Հասմիկ եւ Աիդա Ավետիսյանները, Արաքսյա Պողոսյանը 2005 թվականից մինչ դեպքի օրը Հայաստանի սահմաններից դուրս չեն եկել: