ՓՈՂԻ ՎՐԱ  ՆՍՏԱԾ-2

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 6-ին հրավիրված Գյումրու ավագանու նիստը սկսվեց սկանդալով: Ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանը՝ նկատելով, որ օրակարգում բացակայում է իր կողմից մշակած Ավետիսյանների սպանության հարցով ՀՀ նախագահին ուղերձով դիմելու կոչը, լքեց նիստը՝ նպատակահարմար չգտնելով այեւս մասնակցել: Փոխարենն ավագանու առջեւ իր ուղերձով հանդես եկավ քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ միաժամանակ խնդրելով եւ պահանջելով ավագանու անդամներից, որ վերջիններս մարզային իշխանությունների, ԱԺ պատգամավորների, ՀՀ Կառավարության առջեւ հանդես գան Գյումրին ոտքի կանգնեցնելու նոր առաջարկություններով:

«Ավելի քան 20 տարի է անցել 88-ի աղետից: Չնայած իրականացված բազմաթիվ պետական եւ բարեգործական ծրագրերի՝ կան շատ խնդիրներ, որոնք այսօր լուծված չեն: Գյումրիում ներկայումս կա ավելի քան 3520 տնակ, որոնցից 2970-ը բնակեցված է, ավելի քան 9000 մեր համաքաղաքացիներ դեռեւս ապրում են անմարդկային պայմաններում՝ առանց նորմալ ջերմության եւ անգամ լողանալու հնարավորությունների: Գյումրու փողոցների մոտ 70 տոկոսը քարուքանդ վիճակում է: Գյումրիում կա 88 վթարային շենք՝ շուրջ 1000 բնակիչով»,-իր ելույթում նշեց քաղաքապետը` ընդգծելով, որ սրանք են այն հիմնական խնդիրները, որոնք խոչընդոտում են քաղաքի բնականոն զարգացմանը: Բալասանյանի խոսքերով՝ միայն տարեկան մեկ կամ երկու փողոցի ասֆալտապատումը, քաղաքապետարանի աղքատիկ բյուջեով արված մի քանի գործերը բավարար չեն թե՛ իր, թե՛ բնակիչների համար. քաղաքին անհրաժեշտ են ֆինանսական լուրջ միջոցներ:
Գյումրու քաղաքապետն իր տարակուսանքը հայտնեց առ այն, որ Երեւանին հատկացվում է 50 մլրդ դրամ, մինչդեռ Գյումրիին անգամ 5 մլրդ չի հատկացվում:
Նիստի օրակարգից դուրս չմնաց նաեւ Մնացական Ալեքսանյանի ձերբակալության հարցը: Հիշեցնենք, որ Մն. Ալեքսանյանին ոստիկանությունը, հարցաքննության նպատակով հրավիրել էր բաժանմունք եւ ձերբակալել՝ որպես հունվարի 15-ին Գյումրիում տեղի ունեցած խժդժության կազմակերպիչ:
Քաղաքապետ Սամվել Բալասանյանն ասաց, որ գրավոր ձեւով անձամբ դիմել է ՆԳ վարչություն եւ Շիրակի դատախազություն` հորդորելով ազատ արձակել երիտասարդին, քանի որ դա կարող է առաջացնել ազգաբնակչության վրդովմունքի նոր ալիք, ինչը նախորդից առավել վտանգավոր է: (Ի դեպ, երեկ՝ օրվա երկրորդ կեսին, պարզ դարձավ, որ Մնացական Ալեքսանյանին բաց են թողել):
Ավելացնենք նաեւ, որ ավագանու որոշմամբ 11 մլն դրամ հատկացվեց «Հավերժ հիշատակ» կազմակերպությանը՝ սպանված Ավետիսյանների շիրմաքարերը կառուցելու նպատակով: Դրան գումարվեց նաեւ այն 600 հազար դրամը, որը գոյացել էր փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի համար բացված հաշվեհամարին:

ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
Գյումրի

 

 
ԲԱՑ ՆԱՄԱԿ
Հարգելի՛ խմբագիր,
Ձեր թերթի միջոցով ուզում եմ գրել մի մարդու մասին, որն իսկապես ծառայում է մեր չքավոր ու հիվանդ ժողովրդին…
Խոսքս վերաբերում է Արաբկիրի շրջանի 8 պոլիկլինիկայի գլխավոր բժիշկ ընկեր Արմինե Հարությունյանին:
Անցած տարվա վերջերին թաղային բժիշկները մոտ հարյուր հիվանդների հրավիրել էին հանդիպման: Հանդիպումը կազմակերպել էր գլխավոր բժիշկը, մենք՝ հիվանդներս, այն կարծիքին էինք, որ նա մեզ կանչել էր նոր տարվա առթիվ շնորհավորելու, բայց դուրս եկավ, որ մենք սխալվել էինք: Նա մեզ կանչել էր՝ հիվանդներից իրենց ցավն ու դարդը իմանալու եւ այն իսպառ վերացնելու ու բուժման միջոցով օգնելու համար: Հավաքում գրեթե բոլոր հիվանդները խոսեցին բժիշկների լավ ու հոգատար վերաբերմունքի մասին: Ես՝ որպես տարեց մարդ եւ աշխատանքի վաստակաշատ վետերան, հավաքը, որը կազմակերպել էր գլխավորը, համարում եմ մարդասիրական եւ հայրենասիրական միջոցառում:
Իմ իմացածի համաձայն՝ մյուս բժշկական կազմակերպություններում նման միջոցառումներ չեն եղել, ինչի համար խնդրում եմ նամակս Ձեր կարդացվող թերթում լուսաբանեք, որպեսզի մյուսներն օրինակ վերցնեն Հարությունյանից:

Լիպարիտ Շահնազարյան
2-րդ խմբի հաշմանդամ




Լրահոս