Հաշված օրերից էկրան կբարձրանա ռեժիսոր Արա Երնջակյանի՝ պատմական հիմքի վրա նկարահանած նոր ֆիլմը, որը կոչվում է «Ժաննա»: Գլխավոր դերում Երեւանի Կամերային երաժշտական թատրոնի դերասանուհի Անի Լուպեն է (Անի Գրիգորյան): «Ժողովուրդը» նրա հետ զրուցել է նոր կերպարի, փոքր թատրոնում խաղալու եւ ոլորտին առնչվող թեմաների շուրջ:
-Անի՛, նոր ֆիլմում Ձեր կերտած կերպարը ֆրանսիական հայտնի հերոսուհու հայկականացված տարբերա՞կն է: Ինչո՞ւ հենց Ժաննա դ՚Արկ:
-Այո՛, սա նրա շուրջ ծավալված պատմության հայկականացված տարբերակն է, որի հիմքում ընկած է Արա Երնջակյանի դրամատուրգիան: Իսկ Ժաննան նույն Ժաննան է, որը պայքարում է սեփական գաղափարների եւ դրանց դրսեւորման համար:
-Դուք խաղում եք մի թատրոնում, որտեղ հանդիսատեսի հետ շփումն ուղղակի է եւ առավել քան՝ անմիջական: Փոքր թատրոնի առավելությունը ո՞րն է, եւ ո՞ր դեպքում այն կարող է ճնշող լինել:
-Փոքր թատրոնի մեծագույն առավելությունը հենց հանդիսատեսի հետ ջերմ ու հարազատ շփման հնարավորությունն է: Այն եւ ոչ մի դեպքում ճնշող չի կարող լինել: Այս պարագայում է, որ տեղի է ունենում յուրահատուկ նյութափոխանակություն դերասանի եւ հանդիսատեսի միջեւ:
-Քանի որ Դուք սովորել եք երաժշտական թատրոնի ֆակուլտետում, մյուզիքլի ժանրն առավել քան մոտ է Ձեր մասնագիտությանը: Այնինչ, հարցազրույցներից մեկի ժամանակ նշել եք, որ որեւէ մյուզիքլի շրջանակում կորսետով եւ զուգագուլպայով ներկայանալը Հայաստանում սխալ է ընկալվում: Ի՞նչ եք կարծում՝ սա հանդիսատեսի կրթվածության պակասի, տեղեկացված չլինելու հետեւանք է, թե՞ պայմանավորված է ազգային մենթալիտետով:
-Բոլորը միասին: Եվ, առհասարակ, ես համարձակվում եմ ասել, որ Հայաստանը պատրաստ չէ մյուզիքլի ժանրին:
-Ակումբներում կատարում եք կուբայական, լատինոամերիկյան, բրազիլական հայտնի գործեր… Փաստորեն, մեզ մոտ՝ Երեւանում, այդ երգերը պահանջված են, այո՞:
-Շուրջ 4 տարի է, ինչ աշխատում եւ ստեղծագործում եմ իմ սեփական բենդի հետ, որն ունի մեծ լսարան: Փորձը ցույց է տվել, որ Հայաստանում կա մի մասսա, որը սիրում եւ գնահատում է լատինոամերիկյան երգարվեստը:
-Եղե՞լ է այնպես, որ գանգուր մազերով, փոքրամարմին աղջկան հանդիսատեսը որպես տարիքով փոքրի ընկալի, այսինքն՝ արտաքինը խանգարի, որպեսզի հանդիսատեսը Ձեզ լուրջ ընդունի…
-Վարսերս իմ ամուլետն են, ինչպես նաեւ՝ ամբոխից առանձնանալու լավագույն միջոցը: Չէ՛, չի եղել այնպիսի իրավիճակ, երբ ես ինձ փոքր կամ անինքնավստահ կզգամ… Հանդիսատեսն էլ ինձ որպես փոքրիկ աղջնակ չի ընկալել…
-Ինքներդ ծնվել եք արվեստագետի ընտանիքում: Մեր տեղեկություններով՝ Ձեր ընկերը եւս արվեստի մարդ է… Մի ընտանիքում երկու խենթ. վտանգավոր չի՞ լինի:
-Կարծում եմ՝ յուրաքանչյուր դեպքում ընտանիքում ինչքան խենթ, այնքան լավ ու հրաշալի (ծիծաղում է):
-Արտերկրի հետ կապված ի՞նչ ծրագրեր, երազանքներ ունեք, որոնք ռեալ են եւ կարող են իրականություն դառնալ:
-Ծրագրեր լինում են, որոնք իրագործվում են գործուղումներով: Իսկ ինչ վերաբերում է երազանքներին, ասեմ, որ ճիշտ եւ շահեկան առաջարկի դեպքում կմեկնեմ Հայաստանից…
-Գուցե Հայաստանում Ձեզ նման ազատամիտ աղջիկների համար դժվա՞ր է ապրելը: Այդ ներքին ազատությունը երբեւէ խանգարե՞լ է:
-Այդ առումով երբեւէ դժվարություններ չեմ ունեցել, քանի որ ես ազատ մտքերիս սահմանները չեմ անցել: Եվ դա ոչ այն պատճառով, որ դրանք բարոյական չեն, այլ որովհետեւ դրանք կարող են սխալ ընկալվել մարդկանց կողմից: Պարզապես կարծում եմ, որ Հայաստանը կարծրատիպերի երկիր է: Լավ է, որ իմ բախտը բերել է, եւ ես ունեմ ընկերներ, ովքեր ամբողջովին ընկալում են ինձ: Ցավոք, իմ մտքերն ու երեւակայությունը կապ չունեն այս երկրի հետ: Ես ուղղակի սիրում եմ իմ Երեւանը…
ԳՈՒՍԱՆ ՀԱՅԿԱԶՈՒՆԻՆ ԲՈԼՈՐԻՍ ՕԳՆՈՒԹՅՈՒՆՆ Է ՊԵՏՔ
Եթե գուսան Հայկազուն անունն ամենքին կարող է ծանոթ չլինել, ապա «Գետաշեն», «Պատերազմ ենք գնում», «Հայե՛ր, միացե՛ք», «Մոնթե Մելքոնյան», «Լավագույն տղերքը մենք ենք», «Հպա՛րտ գնացեք» եւ մի շարք այլ երգեր ամեն հայ էլ լսել է եւ ստացել հեղինակից փոխանցվող ազգային ոգու շունչը: Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Նազարյանի երգերն Արցախի ազատագրման վկաներն են եղել: Նա, սակայն, այսքանով հանդերձ մշտապես խուսափել է իր մասին խոսելուց, զերծ է մնացել շոու-բիզնեսյան կոմերցիոն կանոններից:
Ընդամենը մի քանի ամիս առաջ էր, երբ գուսանն իմացավ իր ծանր հիվանդության մասին, որի բուժման համար մեծ գումարներ են անհրաժեշտ: Այսօր ամեն երախտավոր հայ կարող է օգնել նրան. «Հայե՛ր, միացեք» կարգախոսն ուղղված է այն ստեղծողի կյանքը փրկելուն:
Ազգագրական երգերի հայտնի կատարող Ներսիկ Իսպիրյանն առաջինն է եղել, ով կատարել է գուսան Հայկազունի «Պիտի գնանք վաղ թե ուշ» երգը: Նրա խոսքով՝ ամենակարեւորն այն է, որ գուսան Հայկազունն իր երգով ցույց է տալիս՝ ինքը պահանջատեր է: «Նա չմոռացավ Արեւմտյան Հայաստանի Ավետյաց երկիր լինելու գաղափարախոսությունը, իսկ Արցախյան գոյամարտի ժամանակ ձեռքերը ծալած չնստեց, այլ իր արվեստով կենդանացրեց, ոգեւորեց հերոսամարտի մասնակիցներին»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նկատեց երգիչը:
Ժողովրդական երգչուհի Գոհար Հովհաննիսյանն էլ, անդրադառնալով գուսանի մարդ տեսակին, ընդգծեց, որ նա, ի տարբերություն թիթեռի կյանք ունեցող երգերի հեղինակների, երբեք չի «ցուցադրել ինքն իրեն»: «Գուսանի երգերն ինքս շատ եմ կատարել մեր զորամասերում եւ տեսել եմ, թե դրանք ինչ մեծ ուժ են տվել զինվորներին: Չէի ուզենա, որ մեկս մյուսիս կորցնելուց հետո նոր միայն իրար արժեքը հասկանայինք: Կորստի վախով եկե՛ք իրար ծառայենք»,- մեզ հետ զրույցում կոչ արեց Գ.Հովհաննիսյանը:
Երգիչ, երգահան ազատամարտիկ Դավիթ Ամալյանն էլ իր հերթին վկայեց, թե ինչ կարեւոր նշանակություն են ունեցել գուսանի երգերը հայոց բանակի ամեն անդամի համար. «Ես լավատեսորեն եմ տրամադրված եւ վստահ եմ, որ միասնական ուժերով օգնելու ենք գուսան Հայկազունին, որպեսզի նա ապաքինվի»,-մեզ հետ զրույցում ասաց Դ. Ամալյանը:
Հ.Գ.-Գուսան Հայկազունի հեռախոսահամարն է +37498 565-997: Գագիկ Նազարյանի անունով «Անելիք» բանկում բացված է հետեւյալ հաշվեհամարը՝
AMD-11805003430500,
USD-11805003430501,
EUR-11805003430502,
RUR-11805003430503:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
ՀԱՅ ՓՈՔՐԻԿՆ ԱՌԱՋԻՆՆ Է
Ութամյա դաշնակահարուհի Մանե Մարտիրոսյանը երաժշտական գործիքների նվագողների միջազգային մրցույթ-փառատոնում առաջին տեղն է գրավել: Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի աշակերտուհին կատարել է երկու ստեղծագործություն, նկարահանվել տեսանյութում եւ այն ուղարկել մրցույթի կազմակերպիչներին: Ամենամյա միջազգային երաժշտական մրցույթն անցկացվել է հունվարի 12-26-ը: Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնի ուսուցչուհի Լիա Սահակյանը, ով դաշնամուրի դասեր է տալիս Մանեին, փաստում է, որ մրցույթի մասին իմացել է համացանցից. «Բոլոր ծնողները չէ, որ հնարավորություն ունեն տարբեր երկրներ գնալու, իսկ այս մրցույթը մատչելի տարբերակ է՝ տեսագրում ես երեխային եւ ուղարկում մասնակցության հայտը»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է Լիա Սահակյանը:
ՀԱՄԵՐԳՆ ԻՆՉՈ՞Ւ ՉԻ ԿԱՅԱՑԵԼ
Իտալացի դաշնակահար Անտոնիո Կոնսալեսի համերգը, որը նախատեսված էր Օպերային թատրոնում, երաժշտի վատառողջ լինելու պատճառով չի կայացել: Թատրոնի ադմինիստրացիայի կողմից հանդիսատեսին նախապես տեղեկացվել է, որ դաշնակահարը ելույթ չի ունենալու, եւ ցանկացողները կարող են վերադարձնել տոմսերը կամ ներկա գտնվել առաջին գործողության համար նախատեսված «Ալեկո» օպերային: «Ինչ վերաբերում է նույն օրը երեկոյան թատրոնի ճեմասրահում տեղի ունեցած վիճաբանությանը, ապա խուլիգանական պահվածք թույլ է տվել թատրոնի աշխատակիցների հետ կապ չունեցող մի երիտասարդ, միջադեպը կասեցվել է թատրոնի անվտանգության աշխատակիցների կողմից: Այս միջադեպը որեւէ առնչություն չունի Անտոնիո Կոնսալեսի չկայացած համերգի հետ, եւ թատրոնի տնօրինությունը հայցում է հանդիսատեսի ներողամտությունը»,-ի պատասխան BRAVO.am-ի հարցմանը՝ հայտնել են Օպերային թատրոնից:
ԿԵՐԳԵՆ ՏՂԱՄԱՐԴԻԿ
Կանանց միջազգային օրվա առթիվ մարտի 9-ին Մոսկվայի Կրեմլի պետական պալատում կկայանա «Հայ տղամարդկանց շոու» խորագրով համերգային ծրագիր, որը կազմակերպում է «Euromusic entertainment»-ը: Մոսկվայում կայանալիք համերգին մասնակցելու են միայն տղամարդիկ, որոնք կկատարեն կանանց նվիրված երգեր: Մասնակիցների թվում են Արմենչիկը, Արման Հովհաննիսյանը, Միհրան Ծառուկյանը, Ռազմիկ Ամյանը, Մարտին Մկրտչյանը, Հայկոն եւ ուրիշներ: