ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ ԼՂՀ ԱԺ պաշտոնական կայքից

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը փետրվարի 6-ին ընդունել է ՀՀ ԱԺ պատգամավորական պատվիրակությանը, որի կազմում էին Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի եւ ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներ: Քննարկվել են ԼՂՀ եւ Ադրբեջանի շփման գծի երկայնքով լարվածության ավելացման արդյունքում ստեղծված իրավիճակին վերաբերող հարցերը: Անդրադառնալով ս.թ. հունվարի 31-ին Քաշաթաղի շրջանում տեղի ունեցած միջադեպին՝ օրենսդիրներն ընդգծել են նման իրավիճակներում խնդիրներն օրենսդրության շրջանակներում կարգավորելու անհրաժեշտությունը: Հանդիպմանը կարեւորվել են Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի համագործակցության ընդլայնմանն ու 2015 թվականին իրականացվելիք ծրագրերին վերաբերող հարցերը:

 

 

 

 
ՀԱՐՑ. 75 տարեկան թոշակառու եմ: 2005թ. մինչեւ 2014թ. աշխատել եմ, բոլոր հարկերը վճարված են: Սեպտեմբերին պետք է գնայի արձակուրդ: Սեպտեմբերի 4-ից արձակուրդի մեջ եմ եղել: Այն ժամանակ, երբ արձակուրդի մեջ եմ եղել, ինձ աշխատանքից ազատել են: Կխնդրեի պարզաբանել՝ արդյո՞ք ես իրավունք ունեմ չօգտագործված արձակուրդի համար փոխհատուցում պահանջելու:

Մերուժան Մուրադյան (75 տարեկան, թոշակառու)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ըստ օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի` յուրաքանչյուր աշխատանքային տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է տվյալ տարում:
Օրենսգրքի 165-րդ հոդվածով սահմանված կարգով տեղափոխված ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է նույն աշխատանքային տարում, բայց ոչ ուշ, քան 18 ամսվա ընթացքում` սկսած այն աշխատանքային տարվա վերջից, որի համար աշխատողին չի հատկացվել կամ մասնակի է հատկացվել ամենամյա արձակուրդը (Օրենսգրքի 165-րդ հոդված, 3-րդ մաս):
Օրենսգրքի 170-րդ հոդվածով կարգավորվում է ամենամյա արձակուրդը չօգտագործելու դեպքում դրամական հատուցում վճարելու կարգը: Մասնավորապես, համաձայն վերոհիշյալ հոդվածի՝ ամենամյա արձակուրդի փոխարինումը դրամական հատուցմամբ չի թույլատրվում: Սակայն, եթե աշխատանքային պայմանագրի լուծման հետեւանքով ամենամյա արձակուրդի իրավունք ձեռք բերած աշխատողին չի կարող տրամադրվել ամենամյա արձակուրդ, կամ աշխատողը չի ցանկանում դրա տրամադրումը, ապա նրան վճարվում է դրամական հատուցում: Ամենամյա արձակուրդը չօգտագործելու համար դրամական հատուցումը վճարվում է աշխատանքային պայմանագիրը լուծելիս: Հատուցման չափը որոշվում է տվյալ ժամանակահատվածի համար տրամադրման ենթակա ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի քանակով: Եթե աշխատողին ամենամյա արձակուրդը չի տրամադրվել մեկ տարուց ավել ժամանակահատվածով, ապա հատուցումը վճարվում է չօգտագործված բոլոր արձակուրդների համար:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի եւ զբաղվածության վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». 2014թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոններում հաշվառվել է աշխատանք փնտրող 72.800 անձ, որից 66.541-ը ստացել է գործազուրկի կարգավիճակ: Տարեցտարի ոչ թե նվազում, այլ մեծանում է գործազուրկների թիվը: Իսկ նման պայմաններում գործատուներն իրենց ազատորեն թույլ են տալիս ոտնահարել աշխատողների իրավունքները` քաջ գիտակցելով, որ նրանք չեն ընդվզի:

 

 

 

 
ՀԱՐՑ. Շատերի նման Թբիլիսիի ավտոշուկայից մեքենա եմ գնել: Մինչեւ Հայաստանի սահման հասնելը ավտոպատահարի արդյունքում մեքենան մետաղի ջարդոնի վերածվեց: Խնդրում եմ պարզաբանել՝ մաքսազերծման եւ որեւէ այլ խնդիր, պարտականություններ ունե՞մ: Առանց այն էլ զգալի նյութական կորուստ եմ կրել:

Սարգիս Գասպարյան (31 տարեկան, համակարգչային ծրագրավորող)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ի պատասխան Ձեր հարցման՝ տեղեկացնում ենք, որ «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 175-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետություն ներմուծվող Եվրասիական տնտեսական միության ապրանք չհանդիսացող ապրանքները ձեւակերպվում են հայտարարատուի ընտրած մաքսային ընթացակարգով` մաքսային միության մաքսային օրենսգրքով, վերոնշյալ օրենքով եւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված կարգով եւ պայմաններին համապատասխան: Ինչ վերաբերում է վթարված ավտոմեքենային, ապա այն եւս Հայաստանի Հանրապետություն ներմուծվելու դեպքում ենթակա է հայտարարագրման՝ հայտարարատուի ընտրած մաքսային ընթացակարգին համապատասխան վճարելով համապատասխան մաքսային ընթացակարգով նախատեսված մաքսային վճարները:

ՀՀ ՖՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ՀՀ քաղաքացիների համար Վրաստանից ավտոմեքենաներ գնելը վերջին տարիներին ամենամատչելի տարբերակն էր, սակայն առաջիկայում դա կարող է փոխվել: Այսպես՝ ԵՏՄ-ում ավտոմեքենաների ներմուծման մաքսատուրքը սկսվում է 25%-ից (որոշ դեպքերում մաքսատուրքը հաշվում է ըստ շարժիչի ծավալի եւ կարող է կազմել արժեքի մինչեւ 50%-ը)։ 2012թ., օրինակ, ՀՀ է ներմուծվել 32.000 հատ մարդատար մեքենա, որոնցից ռուսական են ընդամենը 2.000-ը: ՀՀ-ում ռուսական ավտոմեքենաների համար գործում է զրոյական մաքսատուրք, արտասահմանյան մեքենաների համար՝ 10%: Ստացվում է, որ եթե ԵՏՄ մտնելուց հետո հայաստանցիները շարունակեն նախընտրել եվրոպական եւ ռուսական արտադրության կամ հավաքման մեքենաներ, ապա առաջիկա տարիներին մեքենաների թանկացումը Հայաստանում նշանակալի կլինի:




Լրահոս