ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ «ՔՅԱՍԻԲ» ՆՈՏԱՐ ՉԻ ՈՒԶՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում քիչ չեն դեպքերը, երբ մարդը մահանալուց առաջ կտակ է թողնում ժառանգներին, որով երեխաներից մեկին զրկում է ժառանգությունից` ունեցած գույքը կտակելով մյուս երեխային (երեխաներին): Թվում է՝ ծնողը պատժել է անարժան զավակին եւ զրկել իր ստեղծած բարիքից` տնից, ունեցվածքից, սակայն իրավիճակը կարող է ճիշտ հակառակը լինել նոտարի շնորհիվ:
Ունեցվածքին կտակով հավակնող երեխաները կարող են Հայաստանում չլինել, իսկ ժառանգությունից զրկվածը` երկրում լինել ու միայն հաշվառում ունենալ խնդրո առարկա հասցեում, բայց մինչ ծնողների մահը փաստացի բնակվել այլ հասցեում: Այս իրավիճակում ժառանգությունից զրկվածը օրենքով նախատեսված 6 ամսում վազում է նոտարական գրասենյակ ու ասում, որ մահացողի միակ ժառանգն է եւ դիմում է ժառանգություն ստանալու: Նոտարն էլ, ինչ-ինչ շահերից ելնելով կամ առանց ճշտելու ինչ-ինչ հանգամանքներ, ժառանգության իրավունքի վկայագիր է տալիս ժառանգությունից «զրկվածին»: Հետո, երբ արդեն մյուս ժառանգը գալիս է արտերկրից եւ փորձում կտակով ստանալ իր ժառանգությունը, կանգնում է լուրջ խնդրի առաջ, ինչպես Վերգինե Հովհաննիսյանը: Նա կտակը ներկայացնում է նույն նոտարին, վերջինս, իհարկե, ձեւակերպում է նույն գույքը նաեւ նրա անվամբ, բայց Վերգինեն ստիպված է լինում ընկնել դատարանների դռները` ապացուցելու, որ ծնողների ստեղծած գույքը նրանց կամքով ինքը եւ մյուս եղբայրը պետք է ստանան ու տնօրինեն: Այսինքն՝ նոտարը երկու կողմերին էլ տալիս է հավասար իրավազորություն ունեցող փաստաթուղթ, ինքը հանգիստ նստում իր գրասենյակում, իսկ կողմերը, այդ փաստաթղթերը ձեռքներին, ժամանակ, նյարդեր, ֆինանսական միջոցներ ծախսելով, ընկնում են դատարանների դռները` վիճարկելու, թե դրանցից որն է օրինական:
2005-ից ԱՄՆ-ում բնակություն հաստատած Վերգինե Հովհաննիսյանը դիմում է գրել գլխավոր դատախազին` նշելով, որ իրենց ծնողներին պատկանող ամբողջ գույքին եղբայրը տիրացել է խարդախությամբ եւ ապօրինաբար, ու խնդրել քրեական պատասխանատվության ենթարկել նրան: Դիմումում նշել է, որ եղբայրը՝ Սմբատը, օգտվելով իր՝ Վերգինեի՝ ԱՄՆ-ում գտնվելու եւ գործերին անտեղյակ լինելու հանգամանքից, անտեսելով այն փաստը, որ ընտանիքի հայրը դեռեւս իր կենդանության օրոք Սմբատին զրկել է ժառանգության իրավունքից, անտեսելով կտակով ժառանգությունը քրոջը եւ եղբորը՝ Գագիկին փոխանցելու փաստաթուղթը, 2005-ից քայլեր է ձեռնարկել՝ ժառանգությունն իրենով անելու համար:
Գագիկը, գտնվելով ֆինանսական ծանր վիճակում, ի վիճակի չի եղել հոգալ փաստաբանական եւ այլ ծախսերը, ճարահատյալ անգործության է մատնել սկսած դատական գործընթացը, եւ Սմբատը հնարավորություն է ստացել տիրանալ ընտանիքի՝ Երեւանի Նորքի 90/6 հասցեում գտնվող ամբողջ անշարժ գույքին: Ավելին, նա, ժառանգության իրավունքի վկայագիր ստանալով 1-ին նոտարական գրասենյակի նոտար Է. Շաբոյանից, շատ կասկածելի հանգամանքներում Նորքի 90/6 հասցեի մեջ ներառել է հարակից տարածքում գտնվող 600 քմ հավելյալ ապօրինի հողատարածք օժանդակ շինությունով, որը կառուցել եւ շուրջ 15 տարի խնամել են Վերգինեն եւ նրա ամուսինը` վճարելով նաեւ անհրաժեշտ կոմունալ վարձերը: Հոր մահից հետո Վերգինեն եւ Գագիկը կատարել են իրենց մոր կամքը եւ հոր կողմից դեռեւս 1996թ-ից արված կտակը թողել չբացված՝ մոր մահից հետո այն բացելու պայմանով: Այդ հանգամանքը ճարպկորեն օգտագործել է Սմբատը՝ նոտարին մոլորեցնելու եւ ժառանգություն ստանալու համար: Հետո Վերգինեն հայցադիմում է ներկայացրել դատարան: Գործը դեռ դատական քաշքշուկների փուլում է, սակայն Վ. Հովհաննիսյանը խնդրել է դատախազին. «…Հարուցել քրեական գործ՝ Սմբատ Հովհաննիսյանի կողմից իմ ընտանիքին պատկանող 600 քմ հողամասի եւ օժանդակ շինության յուրացման, ինչպես նաեւ Վ. Հովհաննիսյանին հասանելիք ժառանգական գույքին խարդախության միջոցով տիրանալու փաստերի առթիվ»:
Խնդիրն այստեղ այնքանով է լուրջ, որ այսօր շատ ընտանիքներ իրենց սոցիալական վիճակը, գոյությունը պահպանելու համար գտնվում են արտերկրում ու ֆինանսական եւ այլ դժվարությունների կամ վստահելի մարդ չունենալու պատճառով կարող են կորցնել իրենց ունեցածը: Ճիշտ է, կառավարությունը ցույց է տալիս, թե կանխարգելիչ ինչ-որ քայլեր է անում` բարձրացնելով նոտարների գույքային պատասխանատվությունը իրավունքի վկայագրեր տրամադրելիս, բայց փաստաբաններն այնքան էլ չեն հավատում դրա իրագործմանը, քանի որ «Նոտարիատի մասին» օրենքն արդեն նման կետ ունի, սակայն ոչ մի նոտար իր վավերացրած անօրինական վկայագրի պատճառով չի զրկվել սեփական նյութական միջոցներից: Դրա համար էլ իշխանությունը հարուստ նոտարների կարիք ունի:    

ԱԼԲԵՐՏ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ




Լրահոս