Փետրվարի 12-ին ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանն ընդունեց ֆրանսահայ երիտասարդ երգիչ, կոմպոզիտոր, պրոդյուսեր, գործիքավորող Եսայի Ալթունյանին:
Ալթունյանը տեղեկացրեց, որ արմատներով Արևմտյան Հայաստանի Խարբերդ գավառից է, պապը ցեղասպանության ականատեսներից է եղել, որի հարազատներից շատերը զոհ են գնացել թուրքական յաթաղանին, և Եսային իր մեջ կրում է պապի հիշողություններն ու ցեղասպանության ցավը: Նա միշտ սերտ կապեր է պահպանել ֆրանսահայ համայնքի հետ, համագործակցել է Միշել Լեգրանի և այլ նշանավոր ֆրանսահայերի հետ: Առաջին անգամ Հայաստան է եկել 1997-ին՝ «Երկիր և մշակույթ» կազմակերպության միջոցով և մասնակցել է Գոգարանի եկեղեցու վերանորոգմանը: Ներկայումս ֆրանսիական հեռուստաալիքներից մեկի երաժշտական տնօրենն է: Ունի իր անձնական ստուդիան Ֆրանսիայում: Երաժշտություն է գրել ֆրանս-ալժիրյան համատեղ արտադրության ֆիլմի համար, որը ցուցադրվելու է Կաննի կինոփառատոնում: Աշխատել է նաև հայկական հեռուստաալիքների հետ, «Էրեբունի-Երևան» տեսահոլավակի սցենարի հեղինակն է:
Ողջունելով հյուրին՝ նախարարն իր ուրախությունն ու հպարտությունը հայտնեց արվեստում նրա ունեցած հաջողությունների, մասնավորապես, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Չեմ մոռանա» երգի ստեղծման առթիվ, որի նկարահանումները իրականացվել են Հայաստանում և Ֆրանսիայում:
Երգիչը մեծ ոգևորությամբ ու զգացմունքայնությամբ պատմեց տեսահոլովակի ստեղծման մասին՝ շեշտելով, որ այնտեղ ինքը ներդրել իր բոլոր զգացողություններն ու ցանկությունները. «Այս երգով ես փորձել եմ աշխարհին ասել, որ այն, ինչ պատահեց մեր նախնիների հետ, երբե՛ք չի մոռացվի: Ես ուզում եմ երաժշտության և երգի միջոցով մեր հաջորդ սերունդներին փոխանցել ոչ միայն այդ ցավն ու հիշողությունները, այլև պայքարի և հավատի ոգին: Ուզում եմ, որ Թուրքիան հասկանա, թե անհնար է այդպես շարունակել, և վերջապես, ներողություն խնդրի հայ ժողովրդից: Դա ես համարում եմ իմ առաքելությունը»:
Նախարար Հ. Հակոբյանը երգչին ծանոթացրեց վերջերս ՀՀ նախագահի կողմից հրապարակված Ցեղասպանության համահայկական հռչակագրի հիմնական դրույթներին, խոսեց հետագա համագործակցության հնարավորությունների մասին: Հանդիպման վերջում նախարարը երիտասարդ երգչին նվիրեց տարվա խորհրդանիշը՝ Անմոռուկը, ինչպես նաև նախարարության կողմից հրատարակված «Ցավի, հիշողության և պայքարի կոթողներ» ալբոմը: