Տավուշի մարզի Կոթի գյուղն Ադրբեջանին սահմանամերձ համայնքներից է: Երեւանից հեռավորությունը 188 կմ է, իսկ ՀՀ պետական սահմանից՝ 0.5 կմ: Կոթին սովորական գյուղ է՝ իր հայկական ուրույն ավանդույթներով, նաեւ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, գրող, ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի ծննդավայրն է: Այսօր գրեթե բոլոր կոթեցիներն անհամբեր սպասում են մոտ 12 տարի հետախուզման մեջ գտնվող Վանոյի վերադարձին:
«Ժողովուրդ»-ն օրեր առաջ եղավ Կոթիում եւ զրուցեց Վանո Սիրադեղյանի եղբայր Սերոժի որդու` Մուշեղ Սիրադեղյանի հետ, որը նաեւ տեղի դպրոցի տնօրենն է: «Անկեղծ ասած՝ երեք-չորս տարի առաջ դպրոցը պետբյուջեի հաշվին հիմնովին վերանորոգվեց: Բայց որպես սահմանամերձ գյուղի դպրոց՝ աշակերտների թվի պակաս կա, եւ դրանից էլ` ժամաքանակի պակասություն: Հարկադրված նաեւ կրճատումներ են լինում»,-դպրոցի խնդիրներն այսպես ներկայացրեց տնօրենը: Նրա կարծիքով՝ դրա պատճառն այն է, որ երիտասարդության մի մասը գյուղում չէ` երկրից դուրս Է: Նաեւ` աշխատանք չունենալու պատճառով ուշ են ամուսնանում եւ երեխաներ քիչ են ունենում: «Ընդհանուր ծնելիության թիվն է պակաս: Այս պահին դպրոցի աշակերտների թիվը կազմում է 286: Իսկ 1995-ին դպրոցն ուներ 412 աշակերտ»,-պարզաբանեց Մ. Սիրադեղյանը:
Դպրոցի մասին հարցուփորձ անելուց հետո զրուցեցինք նաեւ Վանոյի մասին: Արդյոք այսօր կա նրա վերադարձի բարոյական հնարավորություն. նրա համագյուղացիները ցանկանո՞ւմ են Վանոյին տեսնել ազատության մեջ: «Որպես հարազատ՝ կուզեի՝ նա այստեղ լիներ: Բայց չեմ կարծում, որ քաղաքացիական նախաձեռնության շնորհիվ Վանոյին հնարավոր կլինի վերադարձնել: Իհարկե հավատում եմ, որ երբ մարդիկ հավաքվեն ու միավորվեն մի հարցի շուրջ, սկսեն պայքարել, ապա անպայման մի արդյունքի կհասնեն: Ես շատ կուզեի, որ նման բան լիներ»,-ասաց մեր զրուցակիցը՝ նկարագրելով, որ Վանոյին կարոտել են ոչ միայն հարազատները, այլեւ համագյուղացիները: «Հնարավոր չէ նման մարդուն չկարոտել: Գյուղացիներն էլ շատ կուզեն, որ նա գա: Երբ պատերազմական այդ շրջանում գյուղը ռմբակոծում էին, Վանոն զենքով շատ էր օգնում գյուղին. զենքի գրեթե բոլոր տեսակներից ունեինք: Պետական մտածողություն ուներ: Սուտ հայրենասեր չէր»,- լրացրեց Վանոյի հարազատը: Վանոն գյուղի համար «ասֆալտ չի փռել կամ ջրագիծ չի քաշել», ուրիշ կարեւոր տնտեսական հարցեր չի լուծել, քանի որ այն ժամանակ, ըստ եղբորորդու, դժվար էր նման հարցեր լուծել: «Այդ ժամանակ առաջին հերթին մտածում էին Ղարաբաղի եւ սահմանամերձ գյուղերի պաշտպանության հարցերը լուծել: Նա ընդամենը կարող էր այդ ծանր իրավիճակում զենքով օգնել: Եւ օգնեց»,-բացատրեց Մ. Սիրադեղյանը:
Մուշեղը «Ժողովուրդ»-ին պատմեց, որ այդ լարված ժամանակ Վանոն իրենց հորդորել է ապրել այնպես, ինչպես ժողովուրդն է ապրում: «Մի անգամ միայն համարձակվեցի նրան մի հարցով դիմել: Դժգոհեցի նրա մոտ՝ ասելով, թե էսպես ոնց կլինի, 4 ախպերներով գյուղում ենք, ինքն էլ թե` բա ո՞նց են ապրում այս գյուղացիները, ասացի՝ մի կերպ, ինքն էլ թե` դե դուք էլ մի կերպ ապրեցեք, մինչեւ տեսնենք, թե ինչ է գալիս գլուխներս այս պատերազմական վիճակից հետո»,-պատմեց գրողի եղբորորդին:
Մենք զրուցեցինք նաեւ Կոթիի բազմաթիվ բնակիչների հետ՝ պարզելու, թե արդյոք նրանք ցանկանում են, որ Վանոն վերադառնա: Շատ մարդիկ նույնիսկ մոռացել էին, թե ինչի մեջ էր մեղադրվում ՆԳ նախկին նախարարը: «Թող գա, մենք շատ ուրախ կլինենք: Թող գա ու էլի վերեւներում լինի, մեզ էլ տիրություն կանի»,-ասաց մի պապիկ: Գյուղամիջում խմբված երիտասարդները եւս կիսում էին պապիկի տեսակետը՝ ասելով. «Մենք վատ բան չենք տեսել էդ մարդուց, թող գա»:
Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում Վանոյի վերադարձը, չէ՞ որ նրա դեմ այդքան քրգործեր կան հարուցված. այս հարցին ի պատասխան՝ Մուշեղ Սիրադեղյանն ասաց. «Հնարավոր է՝ այդ համակարգում այդ ժամանակ սպանություններ արված լինեն: Բայց հնարավոր չէ, ամեն մարդ էլ հասկանում է, որ Վանոն չէր կարող սեփական նախաձեռնությամբ ենթադրենք Պողոսին կանչեր ու ասեր՝ գնա՛ էն մարդուն, մյուսին կամ այն մեկին խփի, սպանի: Եթե դա նույնիսկ արվել է, ապա արվել է մարդկանց ինչ-որ խմբի կողմից: Եւ եթե այսօր այդ խմբի մարդկանցից մեկը քաղաքական գործիչ է կամ ազատության մեջ է, ուրեմն ամեն ինչ բարդում է Վանոյի վրա: Իսկ Վանոյին էլ դարձնում են քավության նոխազ»: Թե ում նկատի ուներ եղբորորդին, չմանրամասնեց՝ հորդորելով այլեւս հարցեր չտալ: Միայն ասաց, որ Վանոյի մասին թերեւս տեղեկություն կունենան միայն նրա ընտանիքի անդամները:
Վերջում Վանոյի եղբորորդուց հետաքրքրվեցինք, թե ինչ է կարծում, հորեղբայրը վերադառնալուց հետո ինչով է զբաղվելու: «Նա քաղաքականությունն այդքան էլ չէր սիրում: Ինձ թվում է՝ հոգնած կլինի քաղաքականությունից, միգուցե նորից գրիչ վերցնի ձեռքը»,-պատասխանեց մոտ 12 տարի հետախուզման մեջ գտնվող Վանո Սիրադեղյանի եղբորորդին:
ՎԱՆՈՆ ՍՈՒՏ ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ՉԷ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ