ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները, այդ թվում` հանրապետականները, բազմիցս անտեսել են նախագահ Սերժ Սարգսյանի` «խրամատը չլքելու» մասին հորդորները:
Հիշեցնենք` ամիսներ առաջ ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ ՀՀ նախագահն Ազգային ժողովը համեմատել էր խրամատի հետ, իսկ նիստերից բացակայող պատգամավորներին՝ խրամատը լքած զինվորների: Նախորդ տարի, օրինակ, առաջին քառօրյայի վերջին օրը ԱԺ նիստերի դահլիճը գրեթե դատարկ էր. նույնիսկ հիմնական զեկուցողներին հարց տվողներ չեն եղել:
Իսկ երկրի ղեկավարի` փետրվարի 12-ի հայտնի հայտարարությունը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մասին ոչ միայն ներքաղաքական խմորումներ առաջացրեց, այլև բազում հարցերի տեղիք տվեց:
«2013-2014թթ. ՀՀ ԱԺ գումարած 145 նիստերից Գագիկ Ծառուկյանը մասնակցել է միայն 4-ին: Եթե նա այդ աստիճանի արհամարհում է իր ընտրողներին և Ազգային ժողովի դերը, մենք դրա իրավունքը չունենք. մենք պատասխանատու ենք ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների համար: Մեր պատգամավորները վաղվանից կնախաձեռնեն նման անհեթեթ վիճակին վերջ տալու համար անհրաժեշտ քայլերը»,- ասված է վերոնշյալ հայտարարության մեջ:
Եվ այսպես, հղում կատարենք ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ-օրենսգրքի 12-րդ հոդվածի ե կետին` ԱԺ պատգամավորի լիազորությունները դադարում են, եթե մեկ հերթական նստաշրջանի ընթացքում քվեարկությունների ավելի քան կեսից նրա բացակայելը, սույն օրենքի 99-րդ հոդվածով սահմանված կարգով, համարվել է անհարգելի: 99-րդ հոդվածն (Նստաշրջանի ընթացքում քվեարկություններից անհարգելի բացակայելու դեպքում պատգամավորի լիազորությունների դադարման կարգը) ասում է` քվեարկությունից պատգամավորի բացակայությունը համարվում է անհարգելի, եթե
բ) բացակայելուց առաջ կամ քվեարկությունից հետո` չորսօրյա ժամկետում, իր բացակայության պատճառի մասին նա պաշտոնապես տեղեկացնում է Ազգային ժողովի նախագահին, եւ այն վերջինիս կողմից համարվում է հարգելի,
գ) հերթական նստաշրջանի ավարտից հետո` 15-օրյա ժամկետում, իր բացակայության պատճառի մասին նա պաշտոնապես տեղեկացնում է Ազգային ժողովի նախագահին, և այն վերջինիս կողմից համարվում է հարգելի:
Նշված երկու կետերում շեշտվում է ԱԺ նախագահի կողմից պատգամավորի բացակաները հարգելի համարելու հանգամանքը: Այսինքն` պատգամավորը կարող էր բացակայել քվեարկությունների 141 նիստից, եթե ներկայացներ անաշխատունակության թերթիկ, ձերբակալվեր, ԱԺ-ի կողմից գործուղման մեկներ, և բերված հանգամանքները հարգելի համարվեին ԱԺ նախագահի կողմից:
Ստացվում է` ԱԺ նախկին և ներկայիս նախագահները Գագիկ Ծառուկյանի` ԱԺ նիստերին չներկայանալը համարել են հարգելի:
Իսկ նույն կանոնակարգ-օրենսգրքի 18-րդ հոդվածի ժդ կետը սահմանում է` Ազգային ժողովի նախագահն ապահովում է Ազգային ժողովի բնականոն գործունեությունը, ըստ անհրաժեշտության հրավիրում է քաղաքական կոնսուլտացիաներ: Իսկ ինչ ասել է ապահովել բնականոն գործունեություն: Թերևս, առաջին և կարևորագույն հանգամանքը պատգամավորների ներկայությունն է քվեարկություններին նիստերի դահլիճում: Իսկ սա ապահովել չկարողանալը, մեղմ ասած, ցավալի է:
Թե ինչ պատասխանատվության կարող է ենթարկվել ԱԺ նախագահը պատգամավորի մշտական բացակայությունները հարգելի համարելու համար, թողնենք օրենքի կետի սահմանումներին: Սակայն ավելորդ չենք համարում նշել նաև այն փաստը, որ ԲՀԿ-ն այսօր հանդես եկավ հայտարարությամբ, որ եթե կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվեն, իրենք Ազատության հրապարակում անժամկետ հացադուլի դուրս կգան: Իսկ հացադուլը, նկատենք, իրավական մոտեցում չէ, մանավանդ, որ մեր երկրում, որպես կանոն, այն իր սպասելի արդյունքը չի տալիս (հիշենք Րաֆֆի Հովհաննիսյանի և Պարույր Հայրիկյանի «ինքնախոշտանգումները»):
Հ.Գ. Ազգային ժողովի կանոնակարգ-օրենսգրքում ասվում է` «Պատգամավորը կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով և համոզմունքներով»:
Տաթև Հարությունյան