Շիրակի մարզի բենիամին համայնքի նախկին ղեկավար, ՀՀՇ-ական Գրիգոր Գրիգորյանն ապօրինաբար յուրացրել է գյուղապետարանի շենքը, որը ոչ մի նպատակի չի ծառայեցնում: Իսկ գյուղապետարանի աշխատակազմը ստիպված է աշխատել 70-ական թվականներին կառուցված մշակույթի տանը: Այս մասին «Ժողովուրդ»-ին տեղեկացնում է Բենիամին համայնքի գործող ղեկավար, ՀՀԿ-ական Սամվել Մկրտչյանը:
«Վերցրեցին, իրանցով արեցին: Ո՛չ իրանք են օգտագործում, ո՛չ էլ համայնքին են տալիս: Փաստաթղթերը կեղծել են: Ցույց են տալիս, թե 1992թ. աճուրդով օտարել են, բայց փաստաթղթեր չունեն: Իսկ ես ունեմ փաստեր, որ դա արել են 2009-ին: Դիմել եմ դատարան: Առաջին ատյանի դատարանն իմ հայցը մերժել է՝ պատճառաբանելով, թե իմ փաստերը հիմնավոր չեն: Է՛լ վերաքննիչ ենք դիմել, է՛լ վճռաբեկ, նորից վերաքննիչ, մի խոսքով, օգոստոսի 29-ին դատն է, տեսնենք՝ հիմա ինչ կասեն»,-«Ժողովուրդ»-ին ասաց գյուղապետը:
Ըստ նույն աղբյուրի՝ Գ. Գրիգորյանը, իր իշխանական լծակներն օգտագործելով, ապօրինի օտարել է պետական միջոցները սեփական կապիտալի կուտակման նպատակով: Յուրացումների ցանկում է նաեւ գյուղմեքենաների պարկը, որը եւս ապօրինի օտարվել է: «Վարող ցանող տրակտոր ունեինք, կոմբայն, շարքացան, մեքենաներ, սաղ յուրացրեց, բան չթողեց: Ինքը հերթով վաճառում է, մենք էլ ստիպված մեր հողերն անմշակ ենք թողնում»,-վրդովված ներկայացրեց համայնքապետը:
Ինչեւէ, անդրադառնալով գյուղի ներկայիս սոցիալական վիճակին՝ Մկրտչյանը մեզ հետ զրույցում մտահոգություն հայտնեց, որ համայնքում բարձր է գործազրկության տոկոսը, ծնելիությունը կիսով չափ նվազել է: Աշխատուժի 50-70%-ը մեկնում է արտագնա աշխատանքի: Բանակից զորացրված յուրաքանչյուր տղա դուրս է՝ գնում հաց վաստակելու: Համայնքում կա 164 ծուխ շուրջ 638 բնակչով: Ինչպես Մկրտչյանն է ներկայացնում, նրանցից 6 ընտանիք փակել է իր տան դռները եւ լքել գյուղը:
Համայնքապետը նշեց, որ դպրոցի շենքը կիսանորոգ է, տանիքը վերանորոգման կարիք ունի, իսկ պատուհանները՝ փոխելու: Այնտեղ սովորում է 128 սան, որոնց թիվը 2002թ. համեմատ զգալի նվազել է: Դպրոցի շենքում է գործում նաեւ մանկապարտեզը, ուր հաճախում է 29 երեխա: Համայնքը չունի գյուղապետարան, մշակույթի տուն, գրադարան: Գրական ֆոնդը շատ հին է: Բնակիչներին առաջնային օգնություն է ցուցաբերվում վագոն-տնակում գործող բուժկետում:
Բենիամինցիների հիմնական զբաղմունքը հողագործությունն է, մասնավորապես կարտոֆիլի մշակությունը: Մկրտչյանի տեղեկացմամբ՝ հեկտարի վրա կատարվում է 2 մլն դրամի ծախս, սակայն ստանում են 1-1,5 տոննա բերք, որի կգ-ի մթերման գինը 70-100 դրամ է. «Այստեղ էլ հուսահատվում է գյուղացին ու էլ հողը չի մշակում»: Համայնքային կարեւոր նշանակություն ունեցող ջրագծերը վերանորոգման կարիք ունեն, քանի որ «գյուղի նախկին իշխանությունները չեն կանխել խողովակների եւ չուգունե փականների ապօրինի յուրացումը»:
ՆԱԽԿԻՆ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԸ ՅՈՒՐԱՑՐԵ՞Լ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ