Hetq.am-ը գրում է. «Շուրջ 10 տարի հայկական երկնքում մոնոպոլ դիրքեր ունեցող «Արմավիայի» պատմությունն այն էջերից է, որոնք, ինչպես եղավ «Հայկական ավիաուղիների» սնանկացման պարագայում, մեծ հաշվով մութ մնացին: Հանրությունն այդպես էլ չիմացավ, թե 2005-ին տեղական ավիաշուկային ամբողջությամբ տիրած հայտնի գործարարի ընկերությունն ինչու որոշեց սնանկ ճանաչվել, եթե գրեթե մեկ տասնամյակ չուներ ոչ մի մրցակից ու, թվում է, որեւէ խոչընդոտ՝ դիրքերն էլ ավելի ամրապնդելու ճանապարհին:
«Հետքի» այս շարքն «Արմավիա» ավիաընկերության մասին է՝ ստեղծումից մինչեւ մեր օրերը՝ ներառյալ վերելքներն ու վայրէջքները:
Ընկերության ծնունդը
«Արմավիա» ընկերությունը պետական գրանցում է ստացել 1996-ի դեկտեմբերի 12-ին: Հիմնադիրներն են եղել երեւանաբնակ Արարատ Սարգսյանը, Հովիկ Դավթյանը, Օհան Սեմիրջյանը, Իսահակ Սեյրանյանը եւ «Ավիատրանս» ՍՊԸ-ն: Նորաստեղծ ՍՊԸ-ն էլեկտրոնային ռեգիստրում այսօր ներկայացված է առանց անվան: Առաջ անցնելով՝ նշենք, որ միայն 2001-ին է ընկերությունը վերանվանվել ««Արմավիա»-Ավիաընկերություն» ՍՊԸ:
Ընկերության ամենամեծ փայատերը եղել է «Ավիատրանս» ընկերությունը, որը գրանցված էր Մաշտոցի 15 հասցեում: Հետագայում տվյալ ընկերությունը լուծարվել է, սակայն այսօր նույն հասցեում գործում է «Ավիատրանս» ՓԲԸ-ն, որի հիմնադիրներից մեկը նույն Իսահակ Սեյրանյանն է: Այս ՓԲԸ-ն զբաղվում է ավիատոմսերի վաճառքով:
Իսկ թե ինչով է զբաղվել 1996-ին ստեղծված ընկերությունը, հայտնի չէ, սակայն, ըստ էլեկտրոնային ռեգիստրի, 1999-ին ՍՊԸ-ն գործունեության փոփոխություն է կատարել: Սրա հետ մեկտեղ ընկերությունից դուրս է եկել Արարատ Սարգսյանը: 2001-ի հոկտեմբերին իրենց բաժնեմասերը օտարել են նաեւ Հովիկ Դավթյանը, Օհան Սեմիրջյանը եւ Իսահակ Սեյրանյանը, որոնց տեղը զբաղեցրել է Միխայիլ Բաղդասարովի «Միկա Արմենիա Թրեյդինգ» ՍՊԸ-ն (սրա հիմնադիր է գրանցվել Էդմոնդ Ասիրյանը): Ընկերությունը վերանանվել է ««Արմավիա»-Ավիաընկերություն» ՍՊԸ: Մեկ ամիս անց` նոյեմբերին, «Արմավիայի» իր փայը վաճառել է «Ավիատրանսը», փոխարենը գրանցվել են երեւանցի Լիպարիտ Պողոսյանն ու մրգաշենցի Սլավիկ Կոշտոյանը (ծագումով` գյումրեցի):
Հետաքրքիր է, որ էլեկտրոնային ռեգիստրում նշված չէ, թե ով է եղել ընկերության տնօրենը դրա ստեղծումից մինչեւ 2003 թ.: Փոխարենը գիտենք, որ մինչեւ 2008-ը «Արմավիայի» իրավաբանական հասցեն Մաշտոցի 15-ն էր, որից հետո տեղափոխվել է «Զվարթնոց» օդանավակայան:
Առաջին օդանավը
«Արմավիան» իր թռիչքները սկսեց 2001-ին (Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի՝ IATA-ի կողմից «Արմավիան» ստացավ U8 կոդը, իսկ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը՝ ICAO-ն, տվեց RNV կոդը, ընկերության ազդականչն էր՝ ARMAVIA): Ուղղություններն էին Ռուսաստանն ու Թուրքիան: Այդ ժամանակ դեռ գործում էր «Հայկական ավաուղիները»: Ըստ ավիացիոն տեղեկատու բազաների՝ «Արմավիան» 2001-ին ուներ մեկ ինքնաթիռ՝ «Տու-134Ա» (գրանցման համարը՝ EK-65575, գործարանային համարը՝ 62350), որը 22 տարեկան էր:
«Արմավիայի» առաջին ինքնաթիռը՝ Մալթայի օդանավակայանում (29.12.2001)
Այս օդանավը վարձակալվել էր Սոչիում բազավորված «Չեռնոմոր-Ավիա» ընկերությունից: Վերջինիս հիմնադիրը Գյումրու օդանավակայանի նախկին տնօրեն Համլետ Կոշտոյանն էր՝ «Արմավիայի» փայատեր Սլավիկ Կոշտոյանի ազգականը: Պատահական չէ, որ արդեն 2004-ին EK-65575-ը վարձակալմամբ տրվել էր Կոշտոյանների հիմնադրած մեկ այլ ընկերության՝ «Գյումրու ավիաուղիներ» ՍՊԸ-ին (նշված ինքնաթիռը եղել է ընդամենը մեկ տարի թռիչքներ իրականացրած այս ընկերության միակ օդանավը):
EK-65575-ը՝ «Գյումրու ավիաուղիների» միակ ինքնաթիռը (Բեռլին, 25.06.2004)
«Սիբիրի» մուտքը «Արմավիա»
2002-ի սեպտեմբերին տեղի ունեցավ «Արմավիայի» տերերի հերթական վերադասավորությունը: Լիպարիտ Պողոսյանն ու Սլավիկ Կոշտոյանը վաճառեցին իրենց բաժնեմասերը, որոնք գնեց ՌԴ քաղաքացի Նատալյա Ֆիլյովան: Նովոսիբիրսկի այս բնակչուհին ներկայում Ռուսաստանի ամենահարուստ կանանցից մեկն է: Նատալյան եւ ամուսինը՝ Վլադիսլավը, ««S7» ընկերությունների խումբ» ՓԲԸ-ի հիմնադիր-տերերն են: Այս խմբին են պատկանում «Սիբիր» («S7 Airlines»), «Գլոբուս» ավիաընկերությունները:
Ֆիլյովան դարձավ «Արմավիայի» 50 տոկոսի փայատեր, իսկ մնացածի տերը «Միկա Արմենիա Թրեյդինգ»-ն էր: Փաստորեն, «Չեռնոմոր-Ավիա»-ի տեղը զբաղեցրեց «Սիբիրը»:
Սրանից մեկ ամիս անց՝ հոկտեմբերի 2-ին «Արմավիան» ստացավ իր առաջին «Airbus A320-211» օդանավը (գործարանային համարը՝ 726), որը բավականին թարմ էր. կառուցվել էր 5 տարի առաջ: Դրա սեփականատերը ամերիկյան «ILFC» (International Lease Finance Corporation) կորպորացիան էր, վարձակալը՝ «Սիբիրը», բայց շահագործում էր «Արմավիան»: Եվ չնայած սրան՝ մինչեւ 2003-ի հունիս օդանավը թռչում էր P4-VNF գրանցման համարով (ՀՀ ազգային նիշը EK-ն է, Ռուսաստանինը՝ RA-ն կամ RF-ն), բայց պոչին կրում էր «Armavia» անունը (տես ստորեւ):
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: