Երեկ Ադրբեջանի կենտրոնական բանկը հայտարարել է, որ փետրվարի 16-ից մանաթի փոխարժեքն այսուհետ չի կապվելու ամերիկյան դոլարի հետ:
Ադրբեջանի կենտրոնական բանկի վերջին փոփոխությունները կապված են այն բանի հետ, որ երկիրը հիմնականում արտահանում է նավթ, որն էլ դոլարով է գնահատվում: Նավթի գնի անկումն ու դոլարի աճը կրկնակի հարված են հասցնում այնպիսի նավթ արտահանող երկրների տնտեսություններին, ինչպիսին է Ադրբեջանը, որի ազգային արժույթը կապված է ԱՄՆ դոլարին: Ինչպես հայտնում է Report-ը, այս մասին հայտարարել է համաշխարհային հանրաճանաչություն վայելող SaxoBank-ի արժույթի ռազմավարության բաժնի ղեկավար Ջոն Ջ. Հարդին:
Ըստ փորձագետի՝ ազգային արժույթը դոլարին կապելուց հրաժարվելու դեպքում մանաթն, անկասկած, կթուլանա եվրոյի ու դոլարի հանդեպ: Եթե տեղի ներդրողները զգան, որ ազգային արժույթի վրա որևէ ազդեցությունը նպատակահարմար չէ, կգերադասեն իրենց կապիտալը պահել արտարժույթով, արդյունքում կարող է էլ ավելի լարված իրավիճակ ստեղծվել»,- եզրափակել է փորձագետը:
Հավելենք, որ արդեն այսօր Բաքվում կեսօրին արտարժույթի փոխանակման բոլոր կետերում սպառվել են դոլարի և եվրոյի պաշարները, քանի որ Ադրբեջանի բնակիչները ԿԲ-ի հայտարարությունից հետո որոշել են ձերբազատվել ազգային արժույթով կուտակումներից՝ այդ կերպ ստեղծելով արտարժույթի դեֆիցիտ և, որպես տրամաբանական արդյունք, մանաթի արժեզրկում: