ԼԱՓԵԼՆ ՈՒ ԹԱԼԱՆԵԼԸ` ՊԵՏԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սուր, չափազանց հետաքրքիր ու նաեւ հումորով հարցազրույցի շարունակությունը ԱՐՏԱՎԱԶԴ ԵՂՈՅԱՆԻ հետ:
-Ինչո՞ւ եք այդքան համոզված, որ բան չի փոխվի:
-Ես վաթսուն տարեկան եմ (ծիծաղում է-Ե.Ռ.): Քանի՞ տարի է անցել, երբ շարժումը սկսվեց, մենք ոգեւորվեցինք, ես իմ տունը, իմ ընկերներին, իմ տեսանյութերը տրամադրեցի շարժմանը: Իմ զոհված ընկերները մահից առաջ ասում էին՝ երանի՜ քեզ, որ ապրելու ես ազատ ու անկախ Հայաստանում: Բայց հիմա ի՞նչ երկրում ենք ապրում: Լափելն ու թալանելը պետական մտածողություն են դարձել:
-Իսկ ի՞նչ կարող ենք պահանջել իշխանություններից:
-Պահանջե՞լ: Աղաչես էլ, ոտքերն էլ ընկնես, չեն տա: Նրանցից շատերն իրենց գրպանի ու ստամոքսի մասին են մտածում: Այն մարդիկ, որոնց ես տեսնում եմ Ազգային Ժողովում, մի մասն էլ իմ նախկին ընկերներն են, արդեն հասկացել եմ, երբ ընկել են այդ ոլորտ, նրանք այլեւս նրանք չեն: Մարդու տեսակն է փոխվում, դառնում են ընչաքաղց: Նրանցից մի քանիսի համար ինքս եմ պատրաստել տեսանյութերը, որոնցով դեռ նոր պետք է դառնային ազատ անկախ հանրապետության պատգամավորներ: Քիչ-քիչ, տարեցտարի տեսնում եմ նրանց վերեւից նայող հայացքները: Իհարկե, իմ դեմ ոչինչ չեն անում, որովհետեւ ես լրագրող եմ: Ի՞նչ բարեփոխում, ի՞նչ դերասանություն: Մի՞թե վերեւներում չգիտեին Մաշտոցի պուրակի մասին: Ակտիվիստներն ամիսներով գոռացին, պայքարեցին այգու համար, նոր տեսա՞ն… բա Թեղո՜ւտը, բա Թռչկա՜նը, բա Սեւա՜նը… Էլ ո՞րն ասեմ, էլ ո՞րը…
-Դե այս պարագայում ժողովրդի ձայնը տեղ հասավ:
-Բայց շատ հաճախ մեր ձայնն արժեք չունի: Ժողովրդի ձայնը ո՞րն է, ես այդ ջահելների ցավը տանեմ: Ուրախ եմ, որ Հայաստանում կան այդպիսի երիտասարդներ, որ պատրաստ են պայքարել հանուն հանրային արժեքների: Ուրեմն դեռ ամեն ինչ կորած չէ:
-Ինչպիսի՞ Հայաստան եք ուզում ունենալ վաղը:
-Ոչ այսպիսի: Ինձ այսօր շատ երեւույթներ են նեղացնում: Ամեն անգամ աղբարկղերը փորփրողներին տեսնելիս ամոթից ու ցավից գետինն եմ մտնում: Քանի՜ քանիսին ենք օգնել, ոմանց էլ նույնիսկ օթեւանով ապահովել… Բայց մի՞թե դա մեր, հասարակ քաղաքացիներիս գործն է: Մի՞թե մեր ձեռքին լծակներ կան այդ կարգի հարցեր լուծելու համար: Այն, որ իմ պատուհանի տակ մարմնավաճառներ են կանգնում, մի հարց է, որ նրանց օրն ու վիճակն է շատ վատացել, նրանց հասկանալու համար էլ ծայրահեղ դեպքում պետք է նրանց տեղում լինել: Այն, ինչ կատարում են նրանք, կատարվում է իմ պատուհանների տակ, անհնար է գիշերները քնել, եւ ոչ միայն ես, այլեւ կողքի շենքերի բնակիչները նույնպես: Բա նրանց «հաճախորդներին» տեսնեք՝ միլիոնանոց ավտոհամարանիշներով ու սարսափելի թանկանոց մեքենաներով: Լավ, հերն էլ անիծած, բա երբ «գործը» կպնում է կամ չի կպնում, այնպիսի վայնասունով են անիվները ճռռացնելով տեղից պոկվում, կարծես աշխարհի ամենագեղեցիկ հարսին են տուն տանում կամ կորցնում…
-Դիմե՛ք ոստիկանություն:
-Հազար անգամ ասել ենք, գալիս են, իբր պետք է տեղափոխեն, շատերը նույնիսկ օգտվում են նրանց ծառայություններից: Բազար ու աղմուկ մինչեւ առավոտվա 4-5-ը: Այնքան բարձր են սակարկում, որ բոլոր ծառայությունների գներն անգիր եմ արել (ծիծաղում է-Ե.Ռ.): Հատուկ սիլիկոնի ականջակալներ եմ գտել, որ դրանց ձայները չլսեմ, արդեն եվրոպատուհանն էլ չի փրկում:
-Ո՞ր փողոցում է Ձեր շենքը:
-Չեխովի ու Բագրատունյաց խաչմերուկի մոտ: Չմեռանք, մարմնավաճառների մեջ էլ ապրեցինք… Ճիշտ է, ծիծաղի եմ տալիս, բայց այս ամենը զավեշտ է հիշեցնում:
-Միայն ա՞յդ երեւույթից եք նեղվում:
-Նաեւ մարդկանց ծայրահեղ աղքատությունից: Օր օրի թանկացում: Մարդ մեքենան առել, կրակն է ընկել ձեռքը, քանի որ բենզինի գումար չի կարող տալ, որ քշի: Բա տուգանքնե՞րը: Նախ ձե՛զ փոխեք, հետո ժողովրդին: Ժողովրդին են փոխում, ստիպում են, որ փախչեն: Եւ մեծ մասն էլ փախչում է:
-Այո՛, արտագաղթն այսօր անհերքելի փաստ է:
-Իմ աշխատանքային գործունեության ընթացքում, տեսախցիկը ձեռքս առած, թափառել եմ աշխարհով մեկ: Լինելով աշխարհի տարբեր մասերում ու տեսնելով այնտեղ հայերի վիճակը՝ խնդրել, համոզել ու աղաչել եմ, որ հետ գան: Նրանցից մի քանիսը հետ են եկել ու վերջերս քիչ էր մնում երեսիս թքեին, ասում են. «Սա՞ էր քո ասած երկիրը, դրա համա՞ր եկանք»: Ցավում եմ, երբ ասում են՝ էս երկիր չէ: Ախր սա մեր երկիրն է, այո՛, կատարյալ չէ, բայց մերն է: Հիմա ո՞նց անենք: Բռունցքներով ջարդենք փշրե՞նք, թե՞ խելք ու գլուխ պիտի ունենա այդ հայ ղեկավարը, որ հասկանա, որ կողքիններն էլ մարդ են: Չէ՞ որ երբ իրեն հարվածում են, ցավ է զգում, բա մյուսներն էլ են ցավ զգում: Ոռնում է հոգիս, ու կոկորդս խեղդվում է էս անարդարություններից:
Չեմ ուզում հոռետեսական բաներ ասել, ցավում եմ, որ վաղվա օրը չեմ տեսնում: Ղեկավարների մեծ մասը երեսպաշտ է դարձել, իսկ ժողովրդին սարքել են մուրացկան: Փառք Աստծո, դեռ երիտասարդներ կան, որոնք ընդվզում են, Աստված չանի՝ նրանց գլուխն ուտեն:
-Ի՞նչ կմաղթեք երիտասարդներին:
-Միայն մի բան` անհրաժեշտի պակաս չունենան, ավելորդի ձգտում…

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս