Ինչն է պակասում հայ ընթերցողին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 19-ին հայերս նշում ենք գիրք նվիրելու տոնը: Օրվա ընտրությունը պայմանավորված է հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան տոնով: ՀՀ Կառավարության նախաձեռությամբ եւ գրողների միության որոշմամբ՝ տոնը վերականգնվել է դեռեւս 2008-ից: Օրվա թեմային հավատարիմ մնալով՝ «Ժողովուրդը» զրուցել է հայ գրողների հետ եւ պարզել, թե այսօր ինչպիսի գրականության պակաս կա մեր երկրում, ընթերցողների գրական քաղցը հագեցնելու համար ինչն է դեռեւս պակասում:

Այսօրվա «ամենասպառվող» հեղինակներից մեկը՝ գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը, այն համոզման է, որ այդ բացն առնչվում է օտարազգի հեղինակների բարձրարժեք ստեղծագործություններին, որոնք մինչ օրս թարգմանված չեն հայերեն, եւ մեր հայ ժամանակակից գրողների գործերին, որոնք այդպես էլ ընթերցողին չեն տալիս այն, ինչը նրանց պահանջների ու ճաշակի շրջանակում է. «Նորագույն գրականությունը դեռեւս շարունակում է մնալ անորոշությունների եւ հպանցիկ հրապուրանքների ազդեցության տակ: Իսկ ընթերցողը համբերությամբ սպասում է, թե այդ մոլորյալը երբ կվերադառնա տուն ու կունենա անդավաճան սեր»,-մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց նա:

Բանաստեղծ, գրականագետ Աշոտ Գաբրիելյանն էլ նկատում է, որ թեեւ մեր գրաշուկայում առկա է բազմաբնույթ, բազմաժանր գրականություն, դա շատ քչերին է հետաքրքրում. «Խնդիրը մատուցածի մեջ չէ…Պետք է ջանքեր գործադրել գրքի հանդեպ ձեւավորված որոշակի անտարբերությունը չեզոքացնելու համար: Մյուս կողմից էլ՝ պետք է ասել, որ կան բազմաթիվ գրքեր, որոնք պետք է հասցվեն հայ ընթերցողին»,-մեզ հետ զրույցում նշեց նա:

Բանաստեղծը եւս փաստեց, որ մենք ունենք սահմանափակ թարգմանչական ռեսուրսներ, եւ միշտ չէ, որ կարողանում ենք արձագանքել համաշխարհային գրականության զարգացումներին. այս պարագայում փորձ է արվում թարգմանել գոնե լավագույնը:

Ա. Գաբրիելյանը նշեց նաեւ, որ կան գրական ժանրեր, որոնք այսօր մեզանում զարգացում չեն ապրում, նաեւ չեն թարգմանվում այլ լեզուներից, խոսքը, մասնավորապես, դեդեկտիվ, ֆանտաստիկ եւ ֆենթզի գրականության մասին է:

Աննա Բաբաջանյան




Լրահոս