«Հայրենասիրությունը հայրենիքում «բառադի» ապրելը չէ» (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասան, ռեժիսոր Արթուրո Սայանը, ով տեւական ժամանակ է՝ բնակություն է հաստատել Գերմանիայում, կես կատակ-կես լուրջ նշում է, որ գնացել է այդ երկիր՝ «բախտ որոնելու»: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նկատել է, որ մի կողմից՝ եթե դժգոհում ենք հայաստանյան կյանքի ինչ-ինչ կանոններից, հայրենիքը լքելով՝ չենք նպաստում այդ հարցերի հանգուցալուծմանը, մյուս կողմից էլ՝ կյանքը մարդուն մեկ անգամ է տրվում, եւ հայրենասիրությունն ամենեւին էլ հայրենիքում ոչինչ չանելով գոյատեւելը չէ:

Գերմանիայում միգրացիայի եւ ինտեգրացիայի թեմայով դոկումենտալ ֆիլմ էր նկարահանվում, որտեղ Դուք կերտում էիք ինքներդ Ձեր կերպարը, մեկին, ով հայրենիքում թողել է իր կարիերան, աշխատանքը եւ մեկնել Եվրոպա: Փաստորեն, խաղացել եք ինքներդ Ձեզ, ով իր կաշվի վրա զգացել է միգրացիայի հետեւանքները…

-«Դեպի ո՞ւր, Եվրոպա» ֆիլմում իմ մասնակցությամբ տեսարաններն արդեն նկարահանված են: Ֆիլմում արծարծվող թեման, ինչ խոսք, մտահոգիչ է ինձ համար:

Սակայն պետք է ասեմ, որ ես ինձ արտագաղթող չեմ համարում, քանի որ օրինական փաստաթղթերով եւ կոնկրետ նպատակներով եկել եմ այս երկիր, ինչպես հեքիաթներում է ասվում՝ «բախտս որոնելու»: Մի կողմից՝ եթե դժգոհում ենք հայաստանյան կյանքի ինչ-ինչ կանոններից, հայրենիքը լքելով՝ չենք նպաստում այդ հարցերի հանգուցալուծմանը: Մյուս կողմից էլ կյանքը մարդուն մեկ անգամ է տրվում, եւ հայրենասիրությունն ամենեւին էլ հայրենիքում «բառադի ապրելն» ու ոչինչ չանելով գոյատեւելը չէ:

arturo sayan

-Իսկ ինչո՞ւ որոշեցիք հայրենիքից դուրս «բախտ որոնել»: Հայաստանում Ձեր բախտը չբերե՞ց:

-Բախտս լավ էլ ժպտում էր ինձ: Ես հավատում եմ, որ հաջողակ աստղի տակ եմ ծնվել, բայց «բախտ» կոչվող վիճակախաղը մեր երկրում արդար կերպով չի անցկացվում…Իսկ ես չունեի իմ սեփական «հրատարակչությունը», որ մի վիճակախաղ էլ ինքս տպագրեի: Ալեգորիան, կարծում եմ, հասկանալի է…

-Այդտեղից հետեւո՞ւմ եք հայաստանյան իրադարձություններին, ներքին քաղաքական կյանքին:

-Անշուշտ, հետեւում եմ, բայց չեմ ուզում դառնալ մասսայական տեսարաններում խաղացող: Այսինքն՝ անմիջական կերպով չեմ մասնակցում դրան…Ցավում եմ սահմանին գրանցվող դեպքերի համար, ինքս ծառայել եմ զիված ուժերում ու իմ մաշկի վրա զգացել եմ այդ պատասխանատվությունը…Իսկ, առհասարակ, ուզում եմ Հայաստանում դրական տեղաշարժ տեսնել: Մշակութային մասով, օրինակ, վստահ եմ, որ ապագայում ինչ-որ բան ինքս կփոխեմ դեպի լավը:

arturo sayan3

-Կարելի է կարծել, թե Եվրոպայում երկնքից մանանա է թափվում…

-Ես խոչընդոտներից ու դժվարություններից երբեք չեմ խուսափել, բայց գոյություն ունեն մի շարք հանգամանքներ, որոնք ես անվանում եմ արհեստական խոչընդոտներ: Իսկ արհեստական ու հատուկ ձեւով քո առջեւ դրված խոչընդոտը հաղթահարելը միեւնույն ժամանակ ե՛ւ ժամանակատար է, ե՛ւ ծիծաղելի: Պայքարը միշտ էլ կա բոլոր երկրներում, բայց արդարացի է, երբ ճշմարիտ պայքարից հետո նշմարվում է հաղթանակը: Եվրոպայում երկնքից մանանա չի թափվում բնավ. այստեղ էլ պետք է չարչարվես, բայց հաղթանակի պտուղները հասունանալու փուլում ակնառու են:

-Հիմա ուզում եմ Ձեր մասնակցությամբ ֆիլմի վերնագրի տրամաբանությամբ հետեւյալ հարցի շուրջ Ձեր կարծիքն իմանալ՝ դեպի ո՞ւր, Եվրոպա:

-Հայտնի չէ, թե դեպի ուր է գնում Եվրոպան…Եթե պատկերացնենք, որ այդ անունն ունեցող նավի հետ գործ ունենք, ապա այն ուղղակի ընթանում է օվկիանոսով, բայց ուղղությունը պարզ չէ: Համեմատելով հայաստանյան իրականության հետ՝ կարելի է նկատել, որ եթե Եվրոպան ունի նավապետեր, նավի անձնակազմը ծառայում է ուղեւորներին, ապա Հայաստանի անձնակազմը «բառադի» է: Ժամանակ առ ժամանակ առնետներ են երեւում նավում. դա օրհասական խնդիր է, իսկ ուղեւորների մեծ մասն էլ իրենց գործով չեն զբաղվում: Այդ մի ժամանակ էր, որ, ըստ լեգենդի, մեր նավ-տապանը գնաց ու իջավ Արարատի վրա: Հիմա, ցավոք, այլ ժամանակներ են…

-Ամեն դեպքում, ամեն հայ պետք է վերադառնա հայրենիք: Դուք ո՞ր դեպքում կգաք Հայաստան:

-Մշտական բնակություն հաստատելու մասին, թերեւս, լռեմ, որովհետեւ ինձ չեմ պատկերացնում այդտեղ, բայց կարճատեւ մասնագիտական այցերի շրջանակներում սիրով պատրաստ եմ լսել առաջարկներ, եթե այդպիսիք լինեն…

Աննա Բաբաջանյան




Լրահոս