ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ մի փոքր մանրամասնել, թե ինչ է իրենից ներկայացնում խաղողօրհնեքը: Այս տարի ո՞ր օրն է նշվելու այդ տոնը, եւ արդյոք դա շարժական տոն է:

Սյուզաննա Ստեփանյան, 28 տարեկան,
տնային տնտեսուհի

ՊԱՏԱՍԽԱՆ. Օգոստոսի 12-ին Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցին հանդիսավորությամբ կնշի Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը, որը Հայոց եկեղեցու հինգ տաղավար տոներից 4-րդն է:
Տոնը նշվում է ամեն տարի օգոստոսի 15-ին մոտակա կիրակի օրը:
Աստվածածնի վերափոխման տոնի օրը սուրբ պատարագից հետո կատարվում է խաղողօրհնեք: Խաղողի օրհնությամբ օրհնվում է տարվա ողջ բերքն ու բարիքը: Այն խորհրդանշում է տարվա առաջին բերքի ընծայաբերումն Աստծուն որպես երախտագիտություն` վերստին դրախտի պտուղները վայելելու:
Հայ եկեղեցին դարեր շարունակ խորին հարգանք ու երկյուղածություն է տածում Աստվածամոր հանդեպ` շեշտելով նրա` Աստծո մայր լինելու հանգամանքը, մաքրակենցաղությունը, անօրինակ խոնարհության ոգին, առաքինի վարքն ու նվիրվածությունը: Իսկ հայ կնոջ համար սուրբ կույսն առաքինի, հավատավոր մոր, ընտանեկան սրբության պահապանի մարմնացումն է:

Մայր Աթոռ Ս. էջմիածնի տեղեկատվական
համակարգի տնօրեն տեր
Վահրամ քահանա Մելիքյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տոնը թեեւ բազմաթիվ խորհուրդներ ունի, բայց մեր հասարակությունը տոնի խորհուրդն առավելապես խաղողի բերքի հասունացմամբ է պայմանավորում: Ամռան վերջին ամսվա կեսերին համարվում է, որ սիրված մրգատեսակն արդեն հասունացել է, ու դրա եկեղեցական օրհնությունից հետո մինչեւ ուշ աշուն ժողովուրդը կարող է վայելել այն:




Լրահոս