ՄԻ ԷՇԱԲԵՌ ՓԱՅՏԻ ՀԱՄԱՐ՝ Ա՞ԿՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի մի խումբ բնակիչներ “Ժողովուրդ”-ին բողոքեցին. “Հանդից մի շալակ փայտ տանելու համար մեզ վրա ակտ են գրում, բայց որ անտառը  վայեննի կամազներով  կրում են, նրանց տեսնող չի լինում: Իրանք հարստացել տրաքում են, մենք ել, խեծուպուտ անելով, ապրում ենք”:
“Վայեննի կամազները դրած՝ հանդը տարան է՜, տարան: Կրում են, ո՛չ մելիցեն է տենում, ո՛չ արբեշիկը (անտառապահ-Ս.Մ.): Մի լաֆետ փետ բերեցի անցյալ ձմեռ, արբեշիկը քթիցս բերեց, լեսխոզի շեֆն էլ թե՝ ակտը պիտի տաս, ձեւ չկա, բայց որ իր տեղակալը հանդը կրում է, էդ իրա աչքին չի երեւում: Սաղ Ախիտկի ու Բովերի հանդերը, էլ Զիկատարը տարան է՜, տարան”,-ասում են բնակիչները:
“Ժողովուրդ”-ը փորձեց ճշտել Նոյեմբերյանի անտառտնտեսության պետ Վասիլի Չիլինգարյանից, թե ինչով են պայմանավորված բնակիչների բողոքները: Վերջինս չհերքեց, որ իսկապես զինվորական մեքենաներով անտառանյութ է տեղափոխվում Կողբի անտառտնտեսությունից, սակայն այս հանգամանքը Չիլինգարյանը բացատրեց հետեւյալ կերպ. “Այո՛, կա նման բան: Զինվորական մեքենաներով փայտ են տանում, գյուղացիներն իրենց նկատածն են արձանագրում: Սակայն կա մի բան, որ գյուղացիները ճիշտ կլինի  իրազեկվեն: “Հայանտառ” ՊՈԱԿ-ի եւ պաշտպանության նախարարության միջեւ կնքված է պայմանագիր, ըստ որի՝ անտառտնտեսությունը պարտավոր է ՊՆ-ին տրամադրել 200 խմ ծավալի փայտանյութ: Ասեմ ավելին, նախորդ տարի Պն-ին մատակարարվել է 150 խմ փայտ սահմանագծում  բլինդաժների,  խրամատների կառուցման համար: Այստեղ ոչինչ ապօրինի չկա,  համեցե՛ք եւ համոզվե՛ք ինքներդե: Անդրադառնալով  բնակիչներին  վառելափայտ չտրամադրելուն, նրանց վրա “մի էշաբեռ” փայտ տանելու համար ակտ գրելուն,   Չիլինգարյանը պատասխանեց. “Նախ՝ ակտ գրվում է այն դեպքում երբ հայտնաբերվում է ապօրինի ծառահատում: Դա օրենքով սահմանված կարգ է: Իսկ ինչ վերաբերում է  անտառից մթերված փայտանյութին, ասեմ, որ կան վաճառքի սահմանված գներ, որով էլ բնակիչներին  վառելափայտ ենք տրամադրում”:
Վերջինս հավելեց, որ ՀՀ կառավարությունը, ելնելով բնակչության սոցիալ-տնտեսական պայմաններից, որոշում է կայացրել, որով 2011թ. նոյեմբերից սկսած` թափուկ տեսակի փայտանյութը տրամադրում է անվճար: Դրա համար գյուղացին պետք է անտառտնտեսությունից վերցնի համապատասխան անդորրագիր եւ անտառապետի ցուցումով  հատատեղից ստանա անհրաժեշտ փայտաքանակը: “Եթե նախորդ տարիներին այն արժեր 1200 դրամ խմ-ի համար, ապա հիմա անվճար է”,-նշեց անտառտնտեսության պետը: 
Թե որքանով են հավաստի այս տեղեկությունները, “Ժողովուրդ”-ը փորձեց ճշտել  “Հայանտառ” ՊՈԱԿ-ից: Կազմակերպության տնօրեն Մարտուն Մաթեւոսյանը վստահեցրեց, որ վերոնշյալ անտառտնտեսությունն ամենաներկայանալի տնտեսություններից է թե՛ կառավարման, թե՛ բնական վերաճով հարուստ անտառածածկի առումով. ,Հանրապետությունում ամենահարուստ տնտեսությունն է, այն մի քանի անգամ արժանացել է աջակցության Համաշխարհային բանկի եւ միջազգային մի քանի կառույցների կողմից, որոնք համագործակցային սկզբունքով ներդրումներ են կատարել: Ինչ վերաբերում է բնակիչների ահազանգին, դա ավելի շատ անիրազեկության հետեւանք է: Եթե անտառից վայեննի կամազ է դուրս գալիս, դա չի նշանակում, որ զինվորները մեր անտառները թալանում են: Բա մարդն ունի պայմանագիր, չկատարի՞ պլանային առաջադրանքները: Մինչեւ տարեվերջ ՊՆ-ին պիտի տանք 3500 խմ փայտ, որից 88 խմ-ն արդեն տրամադրել ենքե: Մաթեւոսյանի խոսքով՝ ըստ երկարության չափի եւ տեղայնացման՝ վառելափայտի գինը տատանվում է 6-15 հազար դրամի սահմաններում. “Մենք ստիպված ենք ՊՆ-ին խմ-ն 12 հազար դրամով փայտ տրամադրել, քանի որ կառավարությունն այդ գինն է որոշել: Իրականում ներքին պահեստից տրվող այդ փայտն արժե 15 հազար դրամ: Մի խոսքով, մեկ խորանարդ քառակուսի փայտի մեջ մեր ՊՈԱԿ-ը 3 հազար դրամ վնաս է կրում: Սա, իհարկե, այլ խնդիր է”:
Ինչեւէ, դեռեւս Պյոտր Առաջինը հարկ չէր համարել անտառապետերին աշխատավարձ նշանակել: “Նրանք իրենց վարձը անտառից կստանան”,-ասել էր ցարը: Կարծես ցարական ժամանակներից մինչ օրս քիչ բան է փոխվել, այլապես կառավարությունը կմտածեր անտառապահների աշխատավարձը բարձրացնելու մասին, քանի որ 45 հազար դրամ աշխատավարձ ստացող անտառապահը դժվար թե դիմանա անտառից ապօրինի եկամուտ ստանալու գայթակղությանը:
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս