ՊՈՒՏԻՆԻ ԱՅՑԻ ՀԱՐՑԸ ԿԱԽՎԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, որն այս օրերին գտնվում է Մոսկվայում, Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումից ոչինչ չի հասկացել: «Կարծում եմ, որ ո՛չ Պուտինն է Սարգսյանից գլուխ հանել, ո՛չ էլ Սարգսյանը՝ Պուտինից»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Կարապետյանը:

Պուտինը կոնկրետություն է ուզում

– Պարոն Կարապետյան, Դուք արդեն երկար ժամանակ է, ինչ Մոսկվայում եք եւ շփվում եք ՌԴ քաղաքական էլիտայի որոշ ներկայացուցիչների հետ: Կարո՞ղ եք ասել՝ օգոստոսի 8-ին, ի վերջո, ինչի՞ շուրջ զրուցեցին երկու երկրների նախագահները: Պաշտոնական տեղեկությունները բավականին աղքատիկ էին ու հակասական:
– Ես կարծում եմ, որ Մատվիենկոյի եւ Նարիշկինի այցից հետո Ռուսաստանում այդպես էլ չկարողացան հասկանալ, թե Հայաստանը քաղաքական ինչ ուղղվածություն ունի, դրա համար էլ ուղղակի հանդիպման անհրաժեշտություն առաջացավ: Բնականաբար, Պուտին-Սարգսյան հանդիպման օրակարգում արտաքին քաղաքական հարցերն էին, ինչքան ես գիտեմ, Սերժ Սարգսյանը մոտ 1 մլրդ դոլար էր խնդրում: Լրջորեն քննարկվել են նաեւ Եվրասիական միությանն անդամակցության հարցը, ԼՂՀ-ի, Սիրիայի, Իրանի, Վրաստանի հետ կապված խնդիրները:
– Ի՞նչ են ուզում ռուսները Սերժ Սարգսյանից:
– Կոնկրետություն՝ արտաքին քաղաքական զարգացումների մասով:
– Այսինքն՝ Ռուսաստանի տարբեր պաշտոնյաները, որոնք եղան Հայաստանում, Սերժ Սարգսյանից «գլուխ չե՞ն հանել»:
– Նախ նկատենք, որ Պուտին-Սարգսյան հանդիպումը կայացավ օգոստոսի 8-ին. 4 տարի առաջ այդ օրը սկսվեց ռուս-վրացական պատերազմը: Դրանով Պուտինը կարողացավ հանդիպումը օգտագործել PR նպատակներով: Ինչպես հայտնի է՝ սեպտեմբերի 7-8-ը Պուտինը, հնարավոր է այցելի Հայաստան: Կարծում եմ, որ երկու օր առաջ Բադեն-Բադենից Սերժ Սարգսյանին Մոսկվա կանչելը նպատակ ուներ ճշտել՝ արդյոք անհրաժեշտ է սեպտեմբերին այցելել Հայաստան: Բայց իմ տպավորությամբ Պուտինն էլ «գլուխ չի հանել» Սարգսյանից եւ չի հասկացել, թե ինչ է անում Հայաստանը եւ ուր է գնում: Թեեւ մյուս կողմից էլ Սերժ Սարգսյանը «գլուխ չի հանել» Պուտինից:
–  Ինչո՞ւ եք այդպես կարծում:
– Կարդալով երկու երկրների տարածած հաղորդագրությունները՝ հետաքրքիր եզրահանգումներ կարելի է անել: Սերժ Սարգսյանն ասում է, որ ռուսական բիզնեսը Հայաստանում «հարմարավետ է զգում», ինչը նշանակում է, որ եթե իմ հետ լավ չլինեք, խնդիրներ կառաջանան: Այսինքն՝ շանտաժային ինչ-որ բան կա սրա մեջ: Պուտինն էլ իր հերթին էր ասում, թե դուք փող եք ուզում, բայց չենք տա, որովհետեւ ձեր հայրենակիցները այդ 1 մլրդ-ը այսպես թե այնպես ուղարկում են: Այսինքն՝ կարող է այնպես լինել, որ վաղը այլեւս չուղարկեն: Այստեղ եւս ինչ-որ ենթատեքստ կա: Բայց այս ամենը ինչքանո՞վ է հետաքրքրում ՀՀ քաղաքացիներին, որոնք այնքան են արտագաղթել, որ բյուջեի մեկ քառորդի չափով փող են ուղարկում մեր երկիր: Լավ չէ՞ր լինի, որ ՌԴ-ն Հայաստանում ներդրումներ աներ, մեծացներ արդյունաբերության ծավալները, աներ քայլեր, որ Հայաստանն այս ծանր վիճակից դուրս գար: Մեր երկիրն էլ համաձայներ դառնալ Եվրասիական միության անդամ: Այսինքն՝ որպեսզի ինչ-որ տեղաշարժ լիներ երկու երկրների փոխհարաբերություններում: Իսկ մենք ի՞նչ ունենք՝ գույք պարտքի դիմաց ՌԴ-ին տված ձեռնարկություններ՝ պարապուրդի մատնված, ԼՂՀ հիմնահարցի մասին բազմաթիվ դատարկ քննարկումներ, ռուսական ռազմաբազայի ժամկետի 49 տարով երկարացում: Է հետո՞:

Սարգսյանը խճճվել է իր խոստումների մեջ

– Այսինքն՝ երկու երկրների նախագահները չե՞ն խոսել այն հարցերի մասին, որոնք հրատապ են այսօր:
– Հայաստանի ներկայիս իրավիճակը, ներկա աշխարհաքաղաքական գործընթացները պահանջում են այդպիսի տոնայնությամբ խոսակցությո՞ւն: Երկու նախագահները քննարկում են, թե ով է ոսկե մեդալակիր դարձել: Հայկական կողմն ուզում է հասկացնել, որ հայազգի մարզիկներ են մեդալակիր դարձել ՌԴ-ում: Մի խոսքով, եթե դուք այդ պաշտոնական հաղորդագրություններից որեւէ բան եք հասկացել, բրավո: Իմ ընդունակությունները չեն բավարարում այդ «մեծ» քաղաքականությունը բացատրելու:
– Հայաստանում մենք մի բան, այնուամենայնիվ, պարզեցինք. Սերժ Սարգսյանը համաձայնել է, որ Հայաստանը դառնա Մաքսային միության անդամ, սակայն դրա մասին խոսում է Վլադիմիր Պուտինը:
– Հիշո՞ւմ եք՝ Նարիշկինը Հայաստանում ասաց, որ եվրաինտեգրացիան չի խանգարում Եվրասիական միությանը: Պուտինն էլ՝ Մոսկվայում՝ Սերժ Սարգսյանի անունից հայտարարեց, թե Հայաստանը համաձայնել է լինել մաքսային միության հանձնաժողովում: Ստացվում է, որ Հայաստանի քաղաքական քայլերի մասին ՌԴ-ում ավելի շատ գիտեն, քան Սերժ Սարգսյանը եւ մնացածը: Ասեմ՝ ես կողմ եմ, որ Հայաստանը մտնի Մաքսային միության կազմում, եվրաինտեգրացիան եւ Եվրասիական միության անդամագրումը ամենեւին չեն խանգարում իրար: Այս հարցում Նարիշկինն ու Պուտինը ճիշտ են: Այլ հարց է, որ ՀՀ նախագահի փոխարեն այդ մասին ասում են ՌԴ պաշտոնյաները: Մնում է հայտարարենք, որ ՀՀ-ն մաս է կազմում ՌԴ-ին եւ վերջացնենք: Ես դեմ եմ այս տարբերակին: Իմ տպավորությամբ Սարգսյանը այնքան երկրներում այնքան խոստումներ է տվել, որ ուղղակի խճճվել է: Դրա համար էլ իր փոխարեն խոսում են ուրիշները: Քլինթոնն էլ է նրա փոխարեն խոսում: Բայց այս ամենի արդյունքում Հայաստանում իրավիճակը չի լավանում:
– Լավ, ի վերջո՝ Սերժ Սարգսյանը համաձայնե՞լ է միանալ Մաքսային միությանը:
– Իմ տվյալներով՝ Սարգսյանը ոչ մի համաձայնություն չի տվել: Իսկ Դուք կարդացե՞լ եք Սերժ Սարգսյանի խոսքերը՝ գազի գնի վերաբերյալ:
– Այո՛:
– Կարծում եմ, որ ե՛ւ Դուք, ե՛ւ ես հայերեն այդքան վատ չգիտենք: Բայց ես այդպես էլ չհասկացա՝ երկու նախագահները ինչ-որ բան պայմանավորվե՞լ են գազի սակագնի շուրջ, թե՞ ոչ:
– Պաշտոնապես անհասկանալի է, իսկ Ձեր տեղեկություններով՝ կա՞ նման պայմանավորվածություն:
– Իմ տեղեկությամբ՝ ոչ մի հարցի շուրջ պայմանավորվածություն չի եղել: Ու ընդհանրապես, երկու նախագահները «մեծ» դիվանագիտության շրջանակներում այնպիսի որոշումներ են կայացնում, որ երկու ժողովուրդների համար անհասկանալի է: Դրա համար էլ եզոպոսյան պահվածք է:
– Ո՞րն է դրա պատճառը:
– Այսպես ասեմ՝ եթե Սերժ Սարգսյանի նպատակը 2013 թվականի նախագահական ընտրություններն են, թող ասի, որ ինձ հետաքրքրում է ամեն ինչ՝ «դաբրո» ստանալու համար: Ի՞նչ Եվրասիական միություն, ի՞նչ աշխարհաքաղաքական հարցեր: Ամեն ինչ ուղղված է մեկ բանի՝ «դաբրոյի»: Նա անվերջ հասկացնում է, որ այդ հարցերը պատրաստ է քննարկել 2013-ից հետո:

«Դաբրո» պետք է ստանալ իրավիճակից

– Սերժ Սարգսյանին հաջողվե՞ց ստանալ Պուտինի «դաբրոն»:
– Ես կարող եմ միանշանակ ասել, որ Օբամայից սկսած մինչեւ Պուտինը՝ իրավիճակից պետք է «դաբրո» խնդրեն: Աշխարհաքաղաքական իրավիճակն այնպիսին է, որ «դաբրո»-ն չի օգնում: Դրանից ո՛չ նավթի գինը կբարձրանա, ո՛չ հացահատիկի գինը կփոխվի: Այնպես որ, եթե Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարից էլ «դաբրո» ստանա, ոչինչ չի որոշվի: Առավել եւս, որ հիմա ոչ ոք ոչ ոքի «դաբրո» չի էլ տալիս:
– Ինչո՞ւ:
– Որովհետեւ դրա հետ միասին պետք է փող տա, որը չկա: Առանց փողի ի՞նչ «դաբրո»: Իհարկե, ով ում ինչ ուզի, կասի: Այնպես որ, հարցերը պետք է որոշել երկրի ներսում:
– Ի՞նչ եք կարծում համաձայնության եկե՞լ են Սարգսյանն ու Պուտինը՝ ՌԴ նախագահը կայցելի՞ Հայաստան սեպտեմբերի 7-8-ին:
– Ինչքան գիտեմ՝ հարցը կախված է մնացել:
– Դուք հայտնի եք որպես պրոռուսական դաշտում գտնվող գործիչ: Բայց քննադատեցիք նաեւ ՌԴ նախագահին: Ինչ-որ բան է փոխվե՞լ, ընդդիմադիր եք նաեւ Ռուսաստանի իշխանությունների՞ն:
– Եթե նկատում եք, գտնվելով Մոսկվայում՝ երբեւէ կախվածություն չեմ ունեցել: Ես այսօր ավելի շատ մտերիմներ ունեմ ռուսական էլիտայում, քան նախկինում: Բայց իսկական հայրենասերները չեն լռում: Իհարկե, ես էլ կարող եմ լռել կամ խոսել այնպես, ինչպես ցանկալի է, ստանալ ամեն ինչ, դառնալ նախագահ, վարչապետ եւ այլն: Բայց դա չեղավ հայրենասիրություն: Ասեմ, որ Ռուսաստանում տիրող իրավիճակը նույնն է, ինչ ՀՀ-ում, ուղղակի նավթն է այստեղ շատ: ՌԴ-ն եթե աշխարհաքաղաքական ճեղքում ու առաջընթաց չապահովի ԱՊՀ երկրներում, իրանական գործընթացներից հետո կորցնելով ԱՊՀ-ն՝ քայքայվելու է: Ես մի վերլուծություն եմ գրել՝ «Իսկ ի՞նչ է ուզում Ռուսաստանը»: Այն ռուսերենով կտեղադրվի կայքերից մեկում: Իհարկե, ես ընդդիմադիր եմ թե՛ հայկական կուրսին, թե՛ ՌԴ-ին, որը պաշտպանում է այդ կուրսը:
– Հայաստանի այսօրվա իրավիճակին ի՞նչ լուծում եք տեսնում, եւ այդ լուծումը որքանո՞վ է պայմանավորված ՌԴ վարած քաղաքականությամբ:
– Կարծում եմ, որ ՌԴ-ն ինքն է իր տեղը փնտրում: Նույնիսկ ՌԴ-ում հեղափոխական իրավիճակը սկսելու է ավելի շոշափելի դառնալ: Հայաստանում եւս իրավիճակը կամաց-կամաց սկսում է մոտենալ 17 թվականի հունվարին: Նիկոլայ Երկրորդի խնդիրն այն էր, որ ռեժիմը այնքան էր հոգնեցրել բոլորին ու համը հանել, որ ոչ ոք՝ անգամ իր կողմնակիցները, այլեւս չպաշտպանեցին նրան: Բոլոր ղեկավարները պետք է շատ գրքեր կարդան. իրավիճակը կրկնվում է:

Զրուցեց ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ
Մոսկվա




Լրահոս