ՎԱԳՐԻ ԹՌԻՉՔՆԵՐ՝ ՏՐԱԿՏՈՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանն արդյունաբերական ոլորտում այս տարվա առաջին կիսամյակում գրանցել է աննախադեպ մեծ աճ, բնականաբար, երկնիշ թվերով: ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն օրերս աչքալուսանք տվեց, որ առաջին կիսամյակում արդյունաբերության բնագավառում աճը կազմել է 13 տոկոս: Եւ այդ ամենը, անշուշտ, տեղի է ունեցել իր ժողովրդի հոգսերի մասին զօրուգիշեր մտածող, ամենակարող կառավարության շնորհիվ:
«Աճն ապահովվում է արդյունաբերության գրեթե բոլոր ճյուղերի հաշվին` մեքենաշինություն, թեթեւ արդյունաբերություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, հանքարդյունաբերություն, մետալուրգիա: Ընդ որում, մեքենաշինությունը, թեթեւ արդյունաբերությունն ու տեղեկատվական տեխնոլոգիաներն ավելի բարձր աճ ունեն, քան հանքարդյունաբերությունը»,-ասել էր Տիգրան Դավթյանը:
Խոստովանենք՝ այս ամենը բավական լավ է հնչում, ոգեւորիչ: Ավելին, եթե այս տեմպերով մի փոքր էլ առաջ գնանք, ոչ միայն կգերազանցենք հարեւան երկրներին, այլեւ կհասնենք աշխարհի առաջատարներին: Գոնե դա են հուշում հրապարակված պաշտոնական տվյալները: Ու ոչինչ, որ շարքային քաղաքացիներս չենք տեսնում արդյունաբերական այդ աճը, չենք զգում դրա հետեւանքները մեր մաշկի վրա. ի՜նչ արած, երեւի հայերս մեր տեսակով կա՛մ «չուզող» ենք, կա՛մ հոռետես, կա՛մ էլ անզգա: Մենթալիտետով էլ՝ քոչվոր, որովհետեւ, չնայած իշխանությունների գործած տնտեսական հրաշքներին, միեւնույն է, այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանից հեռացած ու ՀՀ վերադարձածների թվի տարբերությունը կազմում է -99 հազար 255 մարդ, ասել է թե՝ արդեն արտագաղթել է այդքան հոգի: Բայց սա արդեն այլ խոսակցության թեմա է:
Չփչացնենք արդյունաբերական աճով պայմանավորված բարձր տրամադրությունն ու փորձենք հասկանալ՝ ինչպես է տեղի ունեցել հայկական այդ հրաշքը: Եւ ահա, Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներն ուսումնասիրելով, բավական ուշագրավ փաստերի ենք հանդիպում, որոնք էլ պարզաբանում են մեր տնտեսական, արդյունաբերական հրաշքի գաղտնիքները:
Օրինակ՝ որեւէ մեկն արդյոք գիտի, որ Հայաստանը հզոր ծանր արդյունաբերություն ունի եւ արտադրում է տրակտորներ: Գոնե մեր ծանոթների շրջանում նման քաջատեղյակ մարդ չհայտնվեց: Իսկ ԱՎԾ՝ «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2012թ. հունվար-հունիսին» վերնագրով զեկույցում հանդիպում ենք նման ուշագրավ տեղեկության: Ընդ որում, պարզվում է՝ նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատությամբ այս տարի Հայաստանում տրակտորի արտադրությունն աճել է 103 անգամ. 2011թ. առաջին կիսամյակում ՀՀ-ում թողարկվել է 1 տրակտոր, 2012թ.՝ միանգամից 103: Ահա եւ քեզ աճ, այն էլ միանգամից 103 անգամ: Ու որեւէ մեկը չի կարող հակաճառել կամ ժխտել, որ մեզանում նման աճ գոյություն չունի, որովհետեւ եթե նախորդ տարի ընդամենը մեկ տրակտոր ենք արտադրել, ապա այս տարի՝ միանգամից 103: Միայն թե իրականում ՀՀ-ում տրակտորի արտադրության անվան տակ տեղի է ունեցել այլ բան. տրակտորի մասերը բերվել են Հայաստան ու հավաքվել: Արդյունքում՝ ՀՀ-ն տրակտոր է արտադրել: Ու պարզճակատ կերպով ցույց ենք տալիս այս թիվը՝ հասարակությանն էլ համոզելով հավատալ դրան:
Հայաստանն աճ է ցույց տվել նաեւ համակարգիչների արտադրության բնագավառում. 2011թ. առաջին վեց ամսում արտադրել է 723 համակարգիչ, 2012թ.՝ 807-ը: Ու քանի որ ՀՀ իշխանությունները չափազանց համեստ են, այդպես էլ չեն հրապարակում հայկական համակարգիչների նորաստեղծ ֆիրմայի անունը՝ հավանաբար առայժմ հումանիստորեն չցանկանալով նեղը գցել համաշխարհային ճանաչված ընկերություններին: Իսկ իրականում պարզ է, որ տեղեկատվական ու ինովացիոն տեխնոլոգիաների կենտրոն համարվող Հայաստանում ոչ մի համակարգիչ էլ չի արտադրվել. կրկին նույն աճպարարությունն է. տարբեր երկրներից այստեղ են բերվել համակարգիչների մասերը, միացվել իրար, եւ գրանցել ենք արտադրության աճ:
Պարզվում է՝ Հայաստանում արտադրության առանձին ճյուղ է համարվում «ջրամատակարարումը, կոյուղին, թափոնների կառավարումը եւ վերամշակումը», եւ ահա այստեղ ՀՀ-ն արձանագրել է 34 տոկոս աճ: Թե ինչպես են մեզանում կոյուղի կամ թափոններ արտադրել, դրանք վերամշակել, մնում է հարց: Բայց ըստ վիճակագրության՝ 1280,6 մլն դրամի կոյուղի ենք արտադրել, 1664,8 մլն դրամի էլ՝ թափոն հավաքել, մշակել, ոչնչացրել, վնասազերծել:
Այս ցանկը կարելի է դեռ երկար շարունակել: Սակայն այսքանն էլ բավարար է՝ ցույց տալու համար, թե ինչպիսի հզոր տեմպերով է զարգանում Հայաստանն ու գրանցում հերթական արդյունաբերական աճը: Ահա սա էլ Տիգրան Սարգսյանի «Հայկական աշխարհի» հրաշքը. մի փոքր աճպարարություն թվերի հետ, եւ վերջ. ամեն ինչ պատրաստ է:
Հ.Գ. Ի վերջո, իզուր չէ, որ ԱՎԾ նախագահ Ստեփան Մնացականյանն էլ 1998թ. առայսօր գլխավորում է այս կառույցը. բա նման հզոր թվանկարիչն իրոք անփոխարինելի է:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս