Հայերեն ասմունքեցին նաեւ արաբները, հնդիկներն ու պարսիկները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող Մայրենիի օրվա միջոցառումների շրջանակներում նախարարության աշխատակիցները՝ նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանի ղեկավարությամբ փետրվարի 21-ին այցելեցին Օշական և ծաղիկներ դրեցին Մեսրոպ Մաշտոցի շիրիմին: Միջոցառմանը ներկա էին նաև Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը, ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը, լեզվաբաններ, ուսուցիչներ և այլք:

Եկեղեցուն կից դպրատանը կայացավ մայրենիի օրվան նվիրված միջոցառման գեղարվեստական մասը: Ողջունելով ներկաներին՝ Սփյուռքի նախարարի տեղակալ Ս. Սրապիոնյանը նշեց, որ 2015թ. մայրենիի օրվա տոնակատարությունը առանձնահատուկ խորհուրդ է ստանում նրանով, որ վերաիմաստավորվում են 100 տարվա հայապահպանության համար մեր ժողովրդի ներդրված բոլոր ջանքերը: Նա մասնաորապես ասաց. «100 տարի առաջ Օսմանյան Թուրքիայի ծրագրած և իրակնացրած ոճրագործությունը՝ ոչնչացնել հայ ժողովրդին ու նրա մշակույթը, ձախողվեց, որովհետև հայրենազրկված հայության միակ կռվանը, որ հրաշքով փրկվածները կարողացան տանել իրենց հետ, շատ զորավոր էր և դա մեր մայրենին էր: Այդ գիտակցությամբ էր մեր մեծերից մեկը՝ ֆրանսիահայ գրող Շահան Շահնուրը ահազանգում. «Կը նահանջէ լեզուն, կը նահանջէ լեզուն, կը նահանջէ լեզուն, մեղա, մեղա Արարատին»: Նրա տագնապը հիմնավոր էր, քանի որ Պետրոսը դառնում էր Պիեռ, իսկ «Հայր մերը» հնչում էր ֆրանսերեն: Այսօր Սփյուռքի նախարար տիկին Հրանուշ Հակոբյանի և նախարարության շնորհիվ մի ամբողջ շարժում է սկսվել՝ հանուն Մայրենիի պահպանության և հարատևման՝ Խոսի՛ր հայերեն, աղոթի՛ր, երգի՛ր հայերեն, քանի որ դա է մեր հարատևման առհավատչյան և Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի մհիշատակի առջև մեզանից յուրաքանչյուրի պարտքը»:

Ներկաներին ողջունեց նաև Սերգո Երիցյանը: Նա իր երախտագիտությունը հայտնեց, բոլոր նրանց, ովքեր նախանձախնդիր են հայոց լեզվի պահպանման և տարածման գործում: Լեզվի տեսչության պետը բարձր գնահատեց Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ արդեն ավանդական դարձած Մայրենիի օրվա միջոցառումների իրականացումը և Հայաստանում ու Սփյուռքում կյանքի կոչած այն բազմաթիվ ծրագրերն ու ձեռնարկները, որոնք նպաստում են մայրենի լեզվի պահպանմանն ու տարածմանը:

Ներկաների վրա առանձնահատուկ տպավորություն գործեց Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի այլազգի՝ արաբ, հնդիկ և պարսիկ ուսանողների հայերեն ասմունքն ու խոսքը:

Հայոց լեզվին նվիրված ասմունքով և երգով հանդես եկան սիրիահայ պատանիներն ու աղջիկները: Տոնական միջոցառմանը մասնակցում էին նաև Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղի Խրիմյան Հայրիկի անվան միջնակարգ դպրոցի սաները:

Այնուհետև միջոցառման մասնակիցները այցելեցին Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարան և ծաղիկներ դրեցին Մ. Մաշտոցի արձանի մոտ: Հայոց այբուբենին նվիրված ասմունքով հանդես եկան Մ. Մաշտոցի անվան խոսքի մշակույթի կենտրոնի սաները:

1999թ ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը հռչակել է մայրենիի միջազգային օր, որը 2005 թվականից իր արժանի տեղն ունի ՀՀ պետական տոնացույցում:




Լրահոս