ՔՈՉԱՐՅԱՆՆ ԻՐԵՆ «ՊԱՀԵՑ» ԱՅԼԸՆՏՐԱՆՔԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր ոչ պաշտոնական 2rd.am կայքին հարցազրույց է տվել ու ներկայացրել իր տեսակետը Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հակամարտության շուրջ: Ինչպես եւ կարելի էր սպասել` Ռ. Քոչարյանն իր հարցազրույցում փորձել է «պաշտպանել» ԲՀԿ առաջնորդին ու հորդորել է դադարեցնել սկսված «փոխհրաձգությունը»:

«Չեմ կարող բացատրել, թե ինչի համար էր դա պետք նախագահին: Եթե հաշվարկն այն էր, թե Գագիկ Ծառուկյանի վրա ճնշում գործադրելով՝ ԲՀԿ-ն կկազմալուծվի, ապա համապատասխան էֆեկտը չստացվեց: Ընդհակառակը, ընդդիմադիր դաշտում ակնառու են համախմբման հստակ նշաններ՝ բառապաշարի եւ նպատակների կտրուկ ռադիկալացմամբ: ԲՀԿ-ի վարկաբեկում նույնպես տեղի չունեցավ չափազանց անհամոզիչ փաստարկների պատճառով: Ցանկացած գործողություն ԲՀԿ ղեկավարի դեմ բոլորի կողմից հիմա կգնահատվի որպես քաղաքական հետապնդում, որը զուրկ է որեւէ լեգիտիմությունից:
Իսկ հաշվի առնելով երկրում սոցիալական լարվածության եւ դժգոհության աստիճանը, ինչպես նաեւ՝ ԲՀԿ-ի եւ նրա ղեկավարի լայն ժողովրդականությունը՝ որքան ավելի եռանդուն իշխանությունը փորձի «մաքրել» քաղաքական դաշտը, այնքան ավելի ուժեղ է լինելու համախմբումն իշխանության դեմ, եւ այնքան ավելի իրական կլինի քաղաքական ցնցումների հեռանկարը: Դժվար չէ կանխատեսել, թե ինչպես այս ամենը կանդրադառնա տնտեսության, Ղարաբաղում շփման գծի իրավիճակի եւ Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների անցկացման վրա»,-նշել է ՀՀ երկրորդ նախագահը:
Հարցին, թե արդյո՞ք իշխանությունները ելք ունեն այս իրավիճակից, Ռ. Քոչարյանը պատասխանել է. «Կարծում եմ՝ դեռեւս ունեն: Կանգ առնել եւ չդիմել ոչ մի ակտիվ վարչական գործողության ԲՀԿ ղեկավարի նկատմամբ, մնալ բացառապես բանավոր մենամարտի սահմաններում, վերադառնալ ընդդիմախոսների հետ հակադրման քաղաքական հարթություն: Իշխող կուսակցության կողմից ՀՀԿ խորհրդի նիստին բարձրաձայնված մտադրությունները չեն տեղավորվում ՀՀ Սահմանադրության շրջանակներում եւ ԲՀԿ-ին, ու ընդհանրապես ընդդիմությանը, բառացիորեն մղում են կազմակերպել մասսայական փողոցային գործողություններ, որոնց հետեւանքներն անկանխատեսելի են: Ձերբակալություններն ու ռեպրեսիվ գործողությունները կտանեն երկիրը դեպի խորը ու երկարատեւ ճգնաժամ: Մեր երկիրն առանց այդ էլ գերծանրաբեռնված է լրջագույն խնդիրներով, եւ դրանց լուծումը հնարավոր է միայն հասարակության առավելագույնս լայն համախմբման, երկրի ապագայի հանդեպ մարդկանց հավատի վերականգնման հիման վրա: Տեղի ունեցածը, ցավոք, հակառակ ուղղությամբ ուժեղ ազդակ դարձավ»:
Երեկ ԱԺ ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչները չէին ցանկանում մեկնաբանել Ռոբերտ Քոչարյանի խոսքերը, քանի որ, ըստ իրենց, հնչած գնահատականները սպասելի էին: «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել ԱԺ ԲՀԿ խմբակցության տեսակետը Ռ. Քոչարյանի հարզացրույցի վերաբերյալ:
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆ
-Պարո՛ն Ուրիխանյան, ինչպիսի՞ն է ԲՀԿ-ի տեսակետը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցում տրված գնահատականների շուրջ: Որքանո՞վ էին դրանք ադեկվատ ստեղծված իրավիճակին, եւ արդյո՞ք չէիք սպասում մի փոքր ավելիին:
-Իմ կոմպետենտության տիրույթի հարց չի դա, իհարկե, ադեկվատ էր: Այն, թե որքանով էր դա ադեկվատ կամ ոչ ադեկվատ, պետք է դատել ասվածի բովանդակությունից: Եթե բովանդակությունը համապատասխանում է իրողությանը, ուրեմն ադեկվատ է:
-Ամեն դեպքում, ոմանք նկատում են, որ Քոչարյանի հայտարարությունները բավարար չափով կոշտ չէին, իսկ ՀՀԿ-ականներն էլ նշում են, որ այս հարցազրույցով նա ընդամենը հերթական անգամ փորձեց Գ. Ծառուկյանին իր թեւի տակ առնել:
-Ես նորից պետք է խնդրեմ, որ հարցը իմ կոմպետենտության շրջանակներում տաք, առավել եւս՝ հանրապետականների խոսքերը մեկնաբանելու իմաստով ոչ ցանկություն ունեմ, ոչ էլ լիազորություն:

 

 

 

 

ՀՀԿ-Ն ՄԵՂՔԵՐԸ «ՔԱՎԵԼՈՒ» Է. ՈՒՂՂԵԼՈՒ Է ՍԵՓԱԿԱՆ ՍԽԱԼՆԵՐԸ

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե ՀՀԿ-ն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ դուրս չի եկել: Ըստ նրա` խնդիրը քաղաքակրթական է, եւ հիմա իրենք գնում են իրենց արած սխալն ուղղելու ճանապարհով:

-Պարո՛ն Շարմազանով, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Սերժ Սարգսյանի եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հակամարտության պատճառն այն է, որ Գ. Ծառուկյանը ՌԴ-ում ունեցած վերջին հանդիպումների ժամանակ շատ կոպիտ է արտահայտվել Սերժ Սարգսյանի հասցեին եւ անգամ հայհոյել է նրան: Որքանո՞վ է իրական այդ տեղեկությունը:
-Կարծում եմ, որ Ձեր հարցը ճիշտ ու օբյեկտիվ չի, որովհետեւ չի կարող հակասություններ լինել տարբեր մակարդակի, տարբեր քաղաքական կշռի գործիչների միջեւ: Երկրորդը՝ ՀՀ նախագահի խոսքը որեւէ անձի դեմ ուղղված չէր, ու մենք պաշտոնապես հայտարարում ենք, որ Գագիկ Ծառուկյան անձի դեմ մենք որեւէ բան չունենք, ամեն ինչ երեւույթների մեջ է, ամեն ինչ տանել անձնական վիրավորանքների դաշտ, անթույլատրելի է: Խնդիրն արժեքային համակարգի մեջ է, քաղաքակրթականի մեջ է: Ով էլ լինի, եթե նման կերպ գործի, չափի զգացումը կորցնի, եթե շանտաժի լեզվով խոսի, ընդ որում, քաղաքականության հետ, գրագիտության հետ կապ չունենալով՝ ով էլ որ ընկալունակության հետ ունենա խնդիրներ, մենք նույն գնահատականները կտանք: Ի դեպ, Ձեր նշած անձն էլ իր տարածած հաղորդագրությունում ասել է, որ ինքը դասական առումով քաղաքական գործիչ չի եւ դրանով ստորագրել է մեր ասածների տակ: Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանին, այդ ի՞նչ է նա ՌԴ-ում արել, որ մենք մի հատ էլ անհանգստանանք: Գնացել է, մի երկու պատգամավորի է տեսել որպես ֆրակցիայի ղեկավար: Մեր պատգամավորները շատ հաճախ գնում են ու նույն այդ պատգամավորներին տեսնում են: Եթե այդպես է, ես էլ, որպես ԱԺ փոխնախագահ, Նարիշկինի հետ եմ առանձնազրույց ունեցել, եթե տենց պետք է ուրախանալու լինենք, ուրախանանք, էլի, հետո՞: Չի կարելի, չէ՞, ամեն ինչ այդքան պրիմիտիվացնել: Ում հետ ինքը որ հանդիպել է, երկու շաբաթ առաջ ես եմ հանդիպել, Վահրամ Բաղդասարյանն է հանդիպել, շատ հարգում ենք, մեր գործընկերներն են: ՌԴ այցը հենց ձախողված այց էր, որեւէ բան չկա, գնացել, պատգամավորի հետ հանդիպել ու եկել է: Ես կրկնում եմ՝ խնդիրն անձնական չի, խնդիրն արժեքային համակարգի հետ է կապված:
-Իսկ ինչո՞ւ ՀՀԿ-ն այդ արժեհամակարգային խնդրի մասին չէր բարձրաձայնում 2007 թվականին, երբ նույն ԲՀԿ-ի հետ կոալիցիա էր կազմում:
-Այո՛, այստեղ կա նաեւ մեր մեղքի բաժինը, բայց խնդիրն ունի երկու լուծում՝ կա՛մ պետք է գնալ սխալները կրկնելու ճանապարհով, կա՛մ պետք է գնալ սխալները ուղղելու ճանապարհով, մենք գնում ենք սխալները ուղղելու ճանապարհով: Խնդիրը նույնիսկ ՀՀԿ-ԲՀԿ-ի հետ չի, խնդիրն այն է, թե ով պետք է այսուհետ զբաղվի քաղաքականությամբ: Մենք իրավունք ունենք նշելու, որ քաղաքական գործիչը, որը բիզնեսի մեջ խելակորույս հաջողությունների է հասել, ոտքերը գետնից կտրվել են, եւ իրականության զգացումը կորցրել է, ոչ թե խոսում է քաղաքականության լեզվով, այլ այն, ինչն առաջարկվում է, եւ իրենց դուրը չի գալիս, ասում է` 100 հազար մարդ կհանեմ փողոց, դա քաղաքականություն չի: Շանտաժի լեզուն է դա, իսկ ժողովրդավարության լեզուն դա քննարկումներն են, դեբատներն են… ինքն էր, չէ՞, գնդակը տշել մեր դաշտ, հիմա մենք էլ տշել ենք իր դաշտ, թող վազի, հասնի: Ինքն ասել էր իր համաժողովում, թե ցանկացած անզգույշ քայլ, խոսքը վերաբերում է սահմանադրական բարեփոխումներին, եւ 100 հազարներով մարդիկ դուրս կգան փողոց, այսինքն՝ այն, ինչն իր դուրը չի գալիս, պետք է այդպե՞ս անի: Եղբա՛յր, եթե դու դեմ ես սահմանադրական բարեփոխումներին, դրան ճանապարհ կա, գնա, քարոզի, թող ժողովուրդը դեմ քվեարկի, բայց ապաքաղաքական գործունեությամբ զբաղվելը, դա քաղաքականություն չի: Մեր երկիրը դրա համար չի անկախացել, որ ով մի քիչ շատ փող ունենա, նման շանտաժի լեզվով խոսի եւ սպառնա երկրի անվտանգությանը:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

ՖԻՆՆԱԽԻՑ ՓՈՂ ԵՆ ՈՒԶՈՒՄ
«Դալիլա» ՍՊԸ-ն հայցադիմում է ներկայացրել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ընկերությունը դատարանից պահանջում է ֆինանսների նախարարությունից հօգուտ իրեն բռնագանձել 3 միլիոն 627 հազար 500 դրամ: Այս գործով առաջին դատական նիստը կկայանա 2015թ. ապրիլի 9-ին: Իսկ գործը նախագահող դատավորն է Արայիկ Մելքումյանը:

 

ԶԲԱՂՎԱԾ Է, ՉԻ ԽՈՍԻ
Փետրվարի 12-ին ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը կուսակցության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել էր, թե «շարունակում են նաեւ օդում կախված մնալ բազմաթիվ քրեական հանցագործություններ պրոֆեսիոնալ կերպով քողարկելու մեխանիզմ հիմնելու մասին չստուգված լուրերը»: «Ժողովուրդ»-ը փորձեց Սերժ Սարգսյանի խորհրդական Ալիկ Սարգսյանից տեղեկանալ, թե որպես ՀՀ նախկին ոստիկանապետ՝ ի՞նչ է հայտնի իրեն Գագիկ Ծառուկյանի կողմից բազմաթիվ քրեական հանցագործությունները պրոֆեսիոնալ կերպով քողարկելու մասին: Ի պատասխան մեր հարցին՝ Ալիկ Սարգսյանն ասաց. «Դուք հանգիստ եղեք, շնորհակալ եմ, որ ինձ համար մտահոգվում եք, իզուր եք մտահոգվում, բայց ես միշտ ազնիվ եմ եղել: Չեմ կարող խոսել զբաղված եմ»:

 

ԴԻՄՈՒՄԸ ՉԻ ԸՆԴՈՒՆԵԼ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի վարորդը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, սակայն նախարարը այն չի ընդունել եւ բավարարվել է նրան նկատողություն հայտնելով: Պատճառը փետրվարի 3-ին տեղի ունեցած հայտնի միջադեպն է: Նշված օրը Երեւան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության հատուկ գումարտակի ծառայողները ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար Օրբելի փողոցում կանգնեցրել էին «Toyota Camry» մակնիշի 006 ԼԼ 55 համարանիշի ավտոմեքենան, որը հաշվառված է ՀՀ առողջապահության նախարարության հաշվեկշռում, եւ սպասարկում է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին: Պարզվել էր, որ վարորդը՝ 35-ամյա Շահեն Դուրգարյանը, ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում: ՃՈ աշխատակիցները ավտոմեքենան տեղափոխել էին տուգանային տարածք:

 

ԸՆԴԴԵՄ ԲՀԿ-Ի
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների ղեկավարներին, վարչությունների պետերին հավաքել ու հրահանգել է, որպեսզի վերջիններս տոտալ ճնշումներ գործադրեն ԲՀԿ-ական աշխատակիցների նկատմամբ եւ սկսեն հակաբհկական գործողութուններ: Հրահանգվել է նաեւ զգոն լինել եւ թույլ չտալ, որ իրենց աշխատակիցներից որեւէ մեկը մասնակցի փետրվարի 20-ին կայանալիք հանրահավաքին: Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան, ասացին, որ տարածված լուրերը չեն համապատասխանում իրականությանը:




Լրահոս