Նախօրեին Սերժ Սարգսյանը նամակով դիմել էր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին` տեղեկացնելով Հայաստան-Թուրքիա արձանագրությունները ՀՀ ԱԺ-ից հետ կանչելու վերաբերյալ իր որոշման մասին:
«Հայաստան-Թուրքիա հարաբերությունների` առանց նախապայմանների կարգավորման գործընթացը սկսելիս մենք լիովին պատկերացրել ենք հետագա զարգացումների բոլոր հնարավոր տարբերակները: Մենք պատրաստ էինք ինչպես արձանագրությունների վավերացման միջոցով հարաբերությունների համապարփակ կարգավորմանը, այնպես էլ դրանց ձախողվելու տարբերակներին, քանզի թաքցնելու ոչինչ չունեինք, եւ միջազգային հանրության համար պարզ էր դառնալու, թե իրականում որ կողմի մեղքով այդպես էլ չբացվեց Եվրոպայի վերջին փակ սահմանը, եւ բաց թողնվեց հնարավորությունը: Արդեն մոտ վեց տարի է անցել Հայաստան-Թուրքիա արձանագրությունների ստորագրումից: Այս ամբողջ ընթացքում Հայաստանը մշտապես հետեւողական դիրքորոշում է ցուցաբերել արձանագրությունները կյանքի կոչելու հարցում: Սակայն պետք է փաստել Թուրքիայի իշխանությունների քաղաքական կամքի բացակայությունը, արձանագրությունների տառի ու ոգու աղավաղումները եւ նախապայմանների շարունակաբար արծարծումը»,-նշել էր Ս. Սարգսյանը:
Գաղտնիք չէ, որ ՀՅԴ-ի իշխանություններին առաջադրած 7 պահանջներից մեկը վերաբերում էր հայ թուրքական արձանագրությունները հետ կանչելուն, եւ առհասարակ, հենց հայ-թուրքական գործընթացի արդյունքում ՀՅԴ-ն դուրս եկավ կոալիցիայից, ուստի Ս. Սարգսյանի այս որոշումը շատ կարեւոր փոփոխություն կարող է մտցնել ՀՅԴ-ՀՀԿ հարաբերություններում: Երեկ «Ժողովուրդ»-ն այս առիթով զրուցել է ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի հետ:
-Պարո՛ն Մինասյան, ո՞րն է ՀՅԴ-ի գնահատականը Սերժ Սարգսյանի՝ հայ-թուրքական արձանագրությունները ԱԺ-ից հետ կանչելու որոշման մասին, այն ՀՅԴ-ի «սրտո՞վ» էր:
-Միանշանակ ճիշտ քայլ է, բայց գնահատմամբ ամբողջական չէ, որովհետեւ բազմիցս ենք ասել այդ արձանագրություններից Հայաստանի ստորագրությունը պետք է հետ վերցվի, որպեսզի ամբողջական լինի, եւ այն սպառնալիքները, որոնք այս արձանագրությունները ձեւավորել են մեր երկրի ու պետության առաջ, կարողանան չեզոքացնել: Շատ կարեւոր է մեկ բան եւս. արձանագրությունները ԱԺ-ից հետ կանչելը վկայությունն է այն բանի, որ մեր քաղաքականությունը, իբրեւ Դաշնակցություն, արդյունքին միտված քաղաքականություն է եղել եւ դրական ընթացք է ստացել, այլ կերպ ասած՝ սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ մաս-մաս, փուլ առ փուլ աշխատանքը եւ հետեւողական աշխատանքը տալու է իր դրական արդյունքը: Սա է նաեւ այն կարեւոր դասերից մեկը, որ մենք ասում ենք` երկրի առջեւ ծառացած բոլոր խնդիրները, այդ թվում նաեւ՝ սահմանադրական բարեփոխումների միջոցով, լուծելը ճիշտ ճանապարհ է:
-Իսկ ՀՀ ստորագրությունը արձանագրությունների տակից հետ կանչելու պահանջ ՀՅԴ-ն ներկայացրե՞լ է Սերժ Սարգսյանին, եթե այո, ի՞նչ արձագանք է ստացել:
-Հուսանք, որ այդ օրն էլ կգա, կարեւորն այն է, որ այստեղ սկսում են արդեն համատեղվել քաղաքականությունները. մեր պատկերացումները եւ հանրապետության նախագահի պատկերացումներն այս գործընթացի մեջ սկսում են համատեղվել, սա դրական է, բոլոր այն մարդիկ, անձինք, ուժերը, ովքեր որ ժամանակին պայքարում էին արձանագրությունները չվավերացնելու համար, փաստորեն, պետք է արձանագրենք, որ արդեն համատեղում կա, նաեւ կա միատեսակ ընկալում:
-Հայաստանում քաղաքական իրավիճակը ծայրահեղ լարված փուլում է, ու բոլորի համար անհասկանլի է, թե ինչո՞ւ հենց հիմա Սերժ Սարգսյանը նման որոշում կայացրեց: Մի՞թե Ս. Սարգսյանը բացառապես հանուն Դաշնակցության հետ փոխհարաբերությունների բարելավման նման քայլի դիմեց:
-Նախ ես կարծում եմ, որ ներքաղաքական խնդրի հետ կապելն այդքան էլ ճիշտ չէ, որովհետեւ չմոռանանք, որ դրան նախորդել էր, ըստ էության, ոչ միայն Թուրքիայի եւ Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքը՝ Ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի հարցում, այլ նաեւ համահայկական հռչակագիրը, որն ըստ էության, հակասության մեջ է մտնում հայ-թուրքական արձանագրությունների հետ: Ուստի կարծում եմ, որ բնական է՝ պետք է այս քայլը լիներ:
-Նշվում է նաեւ, որ հայ-թուրքական արձանագրությունները հետ կանչելով՝ Ս. Սարգսյանը «լուծեց» ՀՅԴ-ի հետ կոալիցիոն հուշագիր ստորագրելու հարցը: Արդյո՞ք ՀՅԴ-ն կրկին կոալիցիա է կազմելու ՀՀԿ-ի հետ:
-Նախ մեր առաջարկները, այդ թվում՝ 7 կետերով ձեւակերպված, ուժի մեջ են, դրանցից միայն մի մասն է վերաբերում հայ-թուրքական արձանագրություններին, եւ հետեւաբար խոսել, որ այդ առաջարկներն ամբողջությամբ իրացված են կամ իրացման գործընթացում են այս պահին, դեռեւս այդպես չէ: Չնայած նրա զգալի հատվածներ վերաբերում են նույն՝ սահմանադրական փոփոխություններին, կամ այսպես ասած՝ համակարգային կամ ամբողջական փոփոխությունների դաշտին, որտեղ իշխանությունը, ի դեմս նախագահ Սարգսյանի, քայլ առաջ է կատարել, բայց խոսել այս պահին, որ կոալիցիոն համաձայնությունը կկայանա, վաղ է: Երբ մենք կունենանք լիարժեք փոխըմբռնում ՀՀ-ի առջեւ ծառացած մարտահրավերները համատեղ պատկերացումներով լուծելու ուղղությամբ, այդ ժամանակ չի բացառվում, որ Դաշնակցությունը թեւերը քշտած մտնի ու գործընթացը տանի այդ ուղղությամբ: Ընդ որում, հեչ պարտադիր չէ, որ դա լինի կոալիցիա, կարեւորը, որ պատկերացումները երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծման ուղղությամբ լինեն միատեսակ, եւ հետեւողականությունը լինի գլխավոր սկզբունքը:
ԵՐԲ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԲՀԿ-ԻՆ ՆԵՐՈՒՄ Է, ՀՀԿ-ԱԿԱՆՆԵՐԸ ԼՌՈՒՄ ԵՆ
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ բոլոր հարցերը որոշում է Սերժ Սարգսյանը, ուստի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպելու հարցը եւս նրա լիազորությունների տիրույթում է:
-Պարո՛ն Սահակյան, Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը համաձայնեցվա՞ծ է եղել ՀՀԿ-ականների հետ, ու արդյո՞ք տեղյակ էիք, որ նրանք հաշտվելու են:
-Ես նման տեղեկատվության դեռեւս չեմ տիրապետում, առավել եւս՝ մանրամասների, իսկ երկրոդն էլ՝ ամեն ինչն էլ սպասելի էր, երբեք ոչինչ չի կարելի բացառել, եթե մարդիկ ընկալեցին, հասկացան կամ կարող են հասկանալ, գիտակցել:
-ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը եւս հաստատել է, որ նման հանդիպում եղել է, ստացվում է` ՀՀԿ-ականներից գաղտնի՞ է եղել հանդիպումը:
-Ես հասկանում եմ, որ Արմեն Ռուստամյանն էլ, Կարապետյան եղբայրներն էլ փորձել են, որպեսզի այն իրավիճակը, որն այսօր կա, մի փոքր ավելի մեղմացնեն: Ես այդ ամենը լրատվամիջոցներից եմ տեղեկացել, բայց թե ինչ զարգացում կլինի, ինչ ընթացք կունենա, դրա մասին որեւէ մեկն այս պահին չի կարող ասել, հետեւաբար որեւէ բան չեմ կարող մեկնաբանել:
-Դուք, որպես ՀՀԿ-ական, կարծում եք` այս ամբողջ պատմությունից, հնչած ելույթներից, տրված որակումներից հետո պե՞տք է ներել Գագիկ Ծառուկյանին:
-Ներելու, բանակցելու, հետագա ընթացքը որոշելու հարցը բացառապես հանրապետական կուսակցության նախագահ, երկրի նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունների տիրույթում է: Առավելապես նախագահին է հայտնի, թե ինչ է եղել, եւ թե դա ինչով է պայմանավորված, ուստի եւ կարող է ներել կամ թե չի կարող ներել: Այս հարցերին ես կդժվարանամ պատասխանել, որովհետեւ դա իմ լիազորություններից դուրս է: Ես նորից եմ նշում, որ մենք պետք է կարողանանք մեր մեջ բոլորս ուժ գտնել, եւ այն խաղի կանոնները, որոնք հաստատված էին, դրանցով խաղանք:
-Իսկ ՀՀԿ-ականները համամի՞տ են, որ Ս. Սարգսյանը հանդիպի ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ:
-Մենք բոլորս միասին մեկ խնդիր պետք է լուծենք, մենք պետք է աշխարհին ցույց տանք, որ մենք միասնական ենք եւ ստիպենք, որպեսզի ճանաչեն Հայոց ցեղասպանությունը: Եթե հարցն ինձ է ուղղվում, ապա ես կարծում եմ, որ այո՛, բայց խնդիրը նախագահի լիազորությունների տիրույթում է:
Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ԿՈՎԵՐԸ ԳՈՂԱՑԵԼ ԵՆ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տուն-ինտերնատին պատկանող կովերը գողացել են: Տնօրեն Արտակ Հարությունյանը ինտերնատի ողջ տարածքում տեսախցիկներ է տեղադրել, որպեսզի նաեւ տեղեկանա, թե ինչպես են իր աշխատակիցները վարվում տուն-ինտերնատի բնակիչների հետ: Հիշեցնենք, որ նախկին տնօրեն Նվեր Հովհաննիսյանի պաշտոնավարման ընթացքում տուն-ինտերնատի բնակիչներից մեկը ինքնասպան էր եղել՝ պատուհանից ցած նետվելով: Վարդենիսի տուն-ինտերնատի տնօրենից մեկնաբանություն ստանալու «Ժողովուրդ»-ի բոլոր փորձերն անցան ապարդյուն:
ԸՆԴԴԵՄ ԴԱՀԿ ՊԵՏԻ
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ «Էլիտ Հայջին» ՓԲԸ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան հայցադիմում է ներկայացրել ընդդեմ «Ֆրեշ» ՍՊԸ-ի` պահանջելով վերջինիցս հօգուտ իրեն բռնագանձել 235 հազար 440 դրամ: Ինչպես գիտենք, «Ֆրեշ» ընկերությունը, որը հայտնի է համանուն սուպերմարկետների ցանցով եւ անցած տարի փակվեց, կապվում է ՀՀ ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի հետ: Իսկ «Էլիտ Հայջին» ՓԲԸ-ն հայցը դատարան է ներկայացրել դեռեւս 2013 օգոստոսին: Ասել է թե՝ այս դատական գործը ձգվում է արդեն շուրջ երկու տարի, իսկ առաջիկա դատական նիստը տեղի կունենա 2015թ. մարտի 13-ին:
ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ
«Ամիրխանյան» ՍՊԸ-ի սեփականատեր Համլետ Ամիրխանյանի ինքնասպանության փաստի առթիվ հարուցված քրեական գործը ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի որոշմամբ կքննվի ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւորագույն գործերով քննության վարչությունում: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: Հիշեցնենք, որ գործարարն ինքնասպան է եղել փետրվարի 16-ին` Նոր Հաճնի իր ամառանոցի ննջասենյակում:
ԱՆԴԱԴԱՐ ԿԲՈՂՈՔԵՆ
Կենտրոն վարչական շրջանում աղբահանություն իրականացնող լիբանանյան «Սանիտեք» ընկերության նախկին աշխատակիցները, չբավարարվելով Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի խոստումներով, որոշել են անընդմեջ բողոքի ակցիաներ անցկացնել: Հիշեցնենք, որ քաղաքապետ Մարգարյանը խոստացել էր նրանց խնդիրները` աշխատանքից ազատման վերահաշվարկների հարցը, լուծել երկամսյա ժամկետում: Երեկ ընկերության նախկին աշխատակիցները բողոքի ակցիա անցկացրին նախագահականի դիմաց: Նրանք որոշել են այսօր եւս նախագահականի դիմաց բողոքի ակցիա անցկացնել: