ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարը՝ ԱԳՆ-ի ֆեյսբուքյան էջից
Երեկ Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղար, Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորիա Նուլանդին: Հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ բարձր է գնահատում Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ բարեկամական հարաբերությունների սերտացումը, որն իր մեջ ներառում է այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության խնդիրները, խաղաղապահ գործողությունները, զանգվածային ոչնչացման զենքի չտարածումը, ահաբեկչության դեմ պայքարը: Իր հերթին ԱՄՆ պետքարտուղարի օգնականն ավելացրել է, որ Միացյալ Նահանգները մեծ կարեւորություն է տալիս տարբեր բնագավառներում Հայաստանի հետ համագործակցության զարգացմանը եւ պատրաստ է հավելյալ ջանքեր գործադրել այդ ուղղությամբ:
ՀԱՐՑ. Ավտոտեխզննման ժամկետը լրանում է, սակայն մեքենան կանգնած վիճակում է: Այժմ պետք է գույքահարկի վճարումներ կատարեմ: Կցանկանայի տեղեկանալ՝ եթե մեքենան կանգնած վիճակում է, չի շահագործվում, ապա տվյալ դեպքում ավտոտեխզննում չանելու համար որեւէ տուգանք սահմանվա՞ծ է: Խնդրում եմ պարզաբանել՝ գույքահարկը տվյալ դեպքում նույնպե՞ս կավելանա, թե՞ նույն չափով պետք է վճարեմ, ինչ նախկինում:
Սարգիս Մելոյան (39 տարեկան, ինժեներ)
ՊԱՏԱՍԽԱՆ. «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ֆիզիկական անձինք գույքահարկի տարեկան գումարը սահմանված կարգով համապատասխան բյուջե են վճարում մինչեւ հաշվետու տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ, իսկ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն` հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը վճարում է տույժ՝ ժամանակին չմուծված հարկի 0.15 տոկոսի չափով:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 123.4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական պատասխանատվություն է նախատեսված ուժի մեջ գտնվող տեխնիկական զննության կտրոնը տրանսպորտային միջոցի` օրենսդրությամբ սահմանված տեղում չփակցված վիճակում տրանսպորտային միջոցի վարելը, իսկ չշահագործվող տրանսպորտային միջոցը տեխնիկական զննության չներկայացնելու համար գործող օրենսդրության համաձայն` պատասխանատվություն նախատեսված չէ:
ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ԱՊՊԱ-ն ենթադրում է ապահովագրական ընկերության կողմից հատուցված գումարի հետ պահանջի իրավունք, երբ մեքենայի կողմից պատճառված վնասը տեխնիկական անսարքության հետեւանք է, որը պետք է բացահայտված լիներ տեխզննման ժամանակ: Հավելենք՝ այս ընկերությունների կողմից իրականացվող ավտոտրանսպորտային միջոցի բարեխիղճ տեխզննումը շատ կարեւոր է ապահովագրական ընկերությունների համար՝ հետագա բարդություններից խուսափելու համար: Սակայն հետաքրքիր է, որ 2014թ. ֆինանսական հաշտարարի գրասենյակ ստացված հայտերի մեծ մասն ուղղված է եղել ապահովագրական ընկերությունների դեմ` 1021 հայտ 1277 հայտից: Այսինքն՝ ստացվում է, որ տվյալ ընկերությունները ոչ միայն բարեխիղճ վերաբերմունք ցույց չեն տալիս, այլեւ երբեմն թերանում են իրենց գործում, որի արդյունքում տուժում են հասարակ քաղաքացիները:
ՀԱՐՑ. Բանկից վարկ վերցնելու առիթով երաշխավոր եմ կանգնել: Այնպես է ստացվել, որ վարկառուն պարտքը մարելու ընթացքում ֆինանսապես վատ վիճակում է հայտնվել եւ ի վիճակի չէ բանկին ունեցած պարտքը վճարել: Իմ բաժին «պարտքը» կազմում է 600$ դոլար, արդյունքում՝ իմ աշխատավարձի վրա կալանք է դրվել: Ուզում եմ իմանալ, եթե ես նշված գումարը վճարեմ, աշխատավարձիս վրա դրված կալանքը կհանվի՞, եւ ինչպե՞ս սկսեմ այդ գործընթացը:
Գեղամ Կիրակոսյան (39 տարեկան, օպերատոր)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ի պատասխան Ձեր հարցման՝ տեղեկացնում ենք, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ հարկադիր կատարման միջոցներից է պարտապանի աշխատավարձի, կենսաթոշակի, կրթաթոշակի եւ այլ տեսակի եկամուտների վրա բռնագանձում տարածելը: Օրենքի 46-րդ հոդվածի 2.1-րդ մասի համաձայն՝ պարտապանի մոտ դրամական միջոցների առկայության դեպքում պարտապանի հաշիվները սպասարկող բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը պարտավոր է պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք դնել միայն այն չափով, որը նշված է հարկադիր կատարողի որոշման մեջ: Օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ հարկադիր կատարողը կատարողական վարույթը կարճում է, եթե կատարողական թերթը փաստացի կատարվել է:
Վերոնշյալ նորմերի վերլուծությունից բխում է, որ կատարողական թերթով նախատեսված պահանջների կատարման դեպքում կատարողական վարույթը կարճվում է:
Ֆինանսական հաշտարարի գրասենյակ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ՀՀ ֆինանսական հաշտարարի գրասենյակը 2014թ. ընդհանուր հաշվով քննարկել է ֆինանսական կազմակերպությունների դեմ ներկայացված 1277 հայտ: Բանկերի դեմ ուղղվել է 230 հայտ: Իհարկե, պարզ է, որ վերջին շրջանում բանկային «օկուպացված» քաղաքականության, ինչպես նաեւ՝ դրամ-դոլար տատանումների հետեւանքով քաղաքացիները հայտնվում են անելանելի իրավիճակներում, եւ հարց է՝ արդյոք հաշտարարին դիմելուց հետո նրանց հայտը կընդունվի, թե ոչ, կամ էլ ում օգտին որոշում կկայացվի: