ՄԵԾԱՀԱՐՈՒՍՏՆԵՐԻՆ ՀԱՍՆԵԼԸ ԴԺՎԱՐ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չորս տարի առաջ Վանաձորի կենտրոնական՝ Տիգրան Մեծի պողոտայի թիվ 1 հասցեում մարզային եւ քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների, արտասահմանից ժամանած բազմաթիվ հյուրերի ներկայությամբ պաշտոնապես տեղադրվեց «Այստեղ կկառուցվի Մարդու իրավունքների հայկական դպրոցի շենքը» վերտառությամբ ցուցանակը: Վանաձորի քաղաքապետի 2007թ. օգոստոսի 7-ի թիվ 941 որոշմամբ վերոնշյալ հասցեում Մարդու իրավունքների հայկական դպրոցի (ՄԻՀԴ) կառուցման համար քաղաքապետարանն անհատույց հիմունքներով տրամադրել է 1450 քմ հողատարածք:
Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոնի (ՀՍԻԿ) նախագահ Գեւորգ Մանուկյանը նշում է, որ այստեղ պիտի կառուցվի միջազգային չափանիշներին համապատասխան մի կառույց, որտեղ մարդիկ կարող են ստանալ իրավական կրթություն. «Պետականորեն անհնար է յուրաքանչյուր անպաշտպան, խեղճ, ոտնահարված իրավունքներով մարդու կողքին ամեն րոպե  իրավապաշտպան կամ ոստիկան դնել, որպեսզի նրան ձեռք չտան: Շատ ավելի արդյունավետ է մարդուն սովորեցնել իր իրավունքները, որպեսզի անհրաժեշտության դեպքում նա կարողանա իրեն պաշտպանել»:
Ցուցանակի տեղադրումից հետո Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում կազմակերպվեց դրամահավաք-մարաթոն, որպեսզի շենքի կառուցման համար գումար հավաքագրվի, բայց նախատեսված 440 միլիոն 880 հազար դրամից մինչ օրս հավաքվել է ընդամենը 4 միլիոնը: ՄԻՀԴ շենքի կառուցման համար հատկացված վայրում այժմ միայն թփեր ու խոտեր են եւ մի ժանգոտած ցուցանակ: Տարածքը, ինչպես արդեն նշել ենք, ՀՍԻԿ-ին տրամադրված է անհատույց հիմունքներով, բայց Գ. Մանուկյանը չի բացառում, որ մի օր կարող են այն հետ վերցնել. չէ՞ որ շենքը կառուցվելու է «գոլդ» հասցեում՝ հենց քաղաքի կենտրոնական փողոցում, որտեղ այս կամ այն օլիգարխը կարող էր, ասենք, հյուրանոց սարքել:
-Դիմե՞լ եք Հայաստանում ապրող որեւէ մեծահարուստի՝ դպրոցի շենքի կառուցմանն օժանդակելու համար:
-Դիմել եմ, փորձեր արել եմ: Մեծահարուստներին հասնելը դժվար է: Փորձել եմ ամենահայտնիներին հանդիպել, ներկայացնել, բայց չի ստացվել: Ես մարդկանց հետ հանդիպումների մշակույթն ունեմ, միջազգային շատ կազմակերպությունների ղեկավարների, դեսպանների հետ շատ եմ հանդիպել. սովորական, քաղաքակիրթ ձեւով պայմանավորվում ես, հանդիպում ես: Էստեղ չի լինում: Մի անգամ Միքայել Բաղդասարովին եմ դիմել: Հետո երբ հարցրի նրա աշխատակցուհուն՝ ինչ եղավ, ասաց՝ տված է իրեն, ինքն իրավունք ունի նաեւ անտեսել, պարզապես չպատասխանել:
-Չե՞ք կարծում, որ ՄԻՀԴ շենքի կառուցմանը չնպաստելը նպատակային գործողություն է՝ ուղղված նրան, որ մարդիկ չստանան իրավական կրթություն, չտեղեկացվեն իրենց իրավունքներին:
-Մնան խավարի մեջ, որ հե՞շտ լինի կառավարելը: Էդպիսի տրամաբանություն կա: Եթե կան պաշտոնյաներ, որոնք մտածում են, որ ավելի լավ է խավարի մեջ պահել մարդկանց, որպեսզի հեշտ կառավարեն, ես ուղղակի կասեմ, որ էդ մարդիկ ոչ միայն վնասարար են, էդ մարդիկ մեր ժողովրդի ամենամեծ թշնամիներն են: Դրանք իրավունք չունեն ընդհանրապես պաշտոնյա լինելու:
-Առաջիկայում քաղաքապետի ընտրություններն են: Ի՞նչ ակնկալիքներ ունեք այս ընտրություններից:
-Կանխատեսումներ անելը լավ բան չէ: Մենք ներկա քաղաքապետի հետ շատ լավ համագործակցում ենք, իր հետ որեւէ խնդիր չենք ունեցել: Մի քանի տարի առաջ օրենսդրական մի սխալ փոփոխություն արվեց, որը թույլ է տալիս ՏԻՄ ղեկավարներն՝ առաջադրվեն այնքան, ինչքան որ ցանկանան: Դա բացատրվում էր նրանով, որ համայնքների ղեկավարները երկար տարիներ աշխատել են, կիսատ գործեր ունեն շարունակելու, ավելի փորձառու են: Ճիշտ է, բայց ՏԻՄ-երի գաղափարը ենթադրում է ժողովրդավարության պարզագույն էլեմենտներից մեկը՝ անընդհատ փոփոխություն, թարմություն…

ՄԵԼԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Վանաձոր




Լրահոս