Հայ ազգային կոնգրեսը Շիրակի մարզում կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցում է բավական ակտիվորեն. մարզի 86 համայնքներից 15-ում ունեն գյուղապետի թեկնածու: Այլ կերպ ասած՝ ՀԱԿ-ի մասնակցությունը կազմում է 25 տոկոս: Ասում են՝ չեն ցանկացել մասնակցել զուտ ձեւականորեն: Այն տեղերում, որտեղ հասկացել են, որ չեն կարողանա մրցունակ թեկնածու առաջադրել, հրաժարվել են պայքարից: Ավելին, կոնգրեսականները պնդում են, որ կարեւորը ոչ թե քաղաքական, այլ գաղափարական պայքարն է: «Հետո մենք կարող ենք նաեւ պաշտպանել գործող համայնքապետերին, որոնք ինչ-որ չափով աշխատել են ծրագրով»,-ասում է ՀԱԿ Շիրակի մարզային կառույցի անդամ, Կարմրաքարի գյուղապետ ՀՀՇ-ական Գագիկ Վահրադյանը:
Այս ՏԻՄ ընտրություններին պասիվություն է դրսեւորել «Օրինաց երկիր»-ը: Նրանք Շիրակի մարզում առաջադրել են 7 համայնքապետի թեկնածու: «Որպես քաղաքական ուժ՝ մեզ հարիր չէ օլիմպիական սկզբունքներով գնալ՝ մասնակցել մասնակցելու համար: Եթե մենք առաջադրում ենք թեկնածուներ, մեծ պայքար ենք տանելու եւ ավելի իրատեսորեն ենք մոտենում էդ հարցին: Այսինքն, եթե առաջադրվել է, գոնե 90 տոկոսով համոզված ենք, որ հաղթելու ենք»,-ասում է ՕԵԿ Գյումրու կառույցի պատասխանատու Համլետ Սարուխանյանը:
Հետաքրքիր է այն, թե Գյումրու քաղաքապետի թեկնածուներից ում է պաշտպանելու եւ ում օգտին է աշխատելու ՕԵԿ-ը: Հայտնի է, որ ՕԵԿ-ը լքած Սամվել Բալասանյանը լուրջ տարաձայնություններ ունի ԱԽՔ Արթուր Բաղդասարյանի հետ: Հիմա, փաստորեն, իշխանություններին կցված Բաղդասարյանը ստիպված է լինելու հերթական անգամ դեմ դուրս գալ սեփական սկզբունքներին, եթե, իհարկե, կան այդպիսիք, եւ սատարել նրան, ում սատարում են իշխանությունները՝ նախկին կուսակցին:
Տեղի պատասխանատուն, սակայն, պնդում է, որ իրենք դեռեւս չեն որոշել՝ ում թեկնածությունը սատարեն գալիք ընտրություններին: Համլետ Սարուխանյանի փոխանցմամբ՝ տեղի կառույցը սպասում է կուսակցության քաղաքական որոշմանը, որը կարծես ուշանում է:
Այս կամ այն թեկնածուին սատարելու հստակ որոշում չունեն նաեւ «Ժառանգություն» կուսակցությունը եւ Հայ ազգային կոնգրեսը: Հավելենք նաեւ, որ քաղաքական ուժերի պասիվության պատճառներից մեկը թերեւս այն է, որ որեւէ մեկը չի հավատում իրական, մրցակցային ընտրություններին: Պարզ է, որ կոնկրետ Գյումրու պարագայում քաղաքապետին չեն ընտրելու: Նրան արդեն նշանակել են Բաղրամյան 26-ից:
Գյուղերի պարագայում պատկերը մի փոքր այլ է: Կան բնակավայրեր, որտեղ երկու-երեք հանրապետականներ են առաջադրվել: Կուսակցությունն այս հարցում կարծես չի միջնորդել եւ թույլ կտա որոշակի ազատություն: Ստացվում է այնպես, որ մրցակցային ընտրություններին հավատում են միայն ՀՀԿ-ականները եւ ԲՀԿ ներկայացուցիչները:
Գյումրի