Այս օրերին Սիրիայում ընթացող պատերազմական գործողությունների հետեւանքով Հայաստան տեղափոխված սիրիահայերն իրենց հայրենիքում լուրջ խնդիրների առաջ են կանգնել: Այսօր նրանք դժգոհում են գործազրկությունից. Հայաստանում ոչ մի կերպ չի հաջողվում աշխատանք գտնել:
Սիրիահայերից շատերը Հայաստան են եկել` մտածելով, որ մի քանի ամսից Սիրիայում իրավիճակը կկարգավորվի, եւ իրենք կկարողանան վերադառնալ: Մինչդեռ պատերազմական գործողությունները շարունակվում են՝ առայժմ փակելով ետդարձի ճանապարհները: Ու քանի որ այդ մարդկանց նախնական կապիտալը գնալով սպառվում է, սիրիահայերի առաջ ծառացել է ապրուստի միջոցներ հայթայթելու խնդիրը: «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում սիրիահայերից ոմանք դժգոհել են, որ աշխատանք գտնելու հարցում իրենց միակ հույսը ՀՀ սփյուռքի նախարարությունն է, որն էլ անկարող է օգնել: Ընդ որում, խոսքն ընդամենը 2 հազար հոգու մասին է:
Գործազրկության խնդիրն առաջնային է ոչ միայն Հայաստան եկած սիրիահայերի, այլեւ հենց ՀՀ քաղաքացիների համար: Ու հիմա սփյուռքի մեր հայրենակիցներն էլ, մի քանի օր ավել մնալով այստեղ, սկսել են «ճաշակել» այն նույն խնդիրները, որոնք արդեն տասնյակ տարիներ հետապնդում են ՀՀ քաղաքացիներին:
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ այսօր գործազուրկ է Հայաստանի բնակչության մոտ 7 տոկոսը կամ 65 հազար 100 մարդ: Ընդ որում, հիմնականում գործազուրկները կանայք են: Բայց սա միայն պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվն է: Իրականում, բոլորին է հայտնի, որ այս թիվը մի քանի անգամ ավելի մեծ է: Նախ՝ ԱՎԾ հրապարակած թվերն այնքան էլ հավատ չեն ներշնչում, եւ հետո, կա մեկ այլ գործոն. ոչ բոլորն են ցանկանում փաստաթղթայի քաշքշուկների մեջ մտնել ու գերադասում են «շառից-փորձանքից» հեռու մնալ:
Սիրիահայերը սկսել են առնչվել նաեւ հայաստանյան մյուս խնդիրներին: Մասնավորապես, ովքեր կարողացել են հաղթահարել գործազրկության պատնեշն ու ժամանակավոր աշխատանք գտնել, դժգոհում են վարձատրության չափից: Օրինակ՝ Հալեպից եկած Հարություն Դանոյանը «Ազատություն» ռ/կ-ին պատմել է, որ իրեն հաջողվել է աշխատանք գտնել Սեւանի մոտակայքում՝ քարհանքում, օրական 5 հազար դրամով: Իսկ այդ 5 հազար դրամի դիմաց նա բահով ժայռաբեկորներ է հավաքել, 25-կիլոգրամանոց ավազի պարկեր քարշ տվել եւ այդպես շարունակ: Խոստովանենք՝ ֆիզիկական այդ տքնաջան աշխատանքի դիմաց օրական 5 հազար դրամն իրոք շատ քիչ է՝ չհաշված այն, որ համատարած գնաճի պայմաններում այն հազիվ է հերիքում ընտանիքի գոյությունը պահպանելու համար: Բայց, ցավոք, որ սա մեր իրականությունն է:
Դժվար չէ ենթադրել, որ մի քանի օր անց սիրիահայերի կողմից կլինեն նաեւ այլ բողոքներ, օրինակ՝ Հայաստանում տիրող անարդարության ու ամենաթողության մթնոլորտի, ժողովրդավարության բացակայության մասին: Մինչդեռ հայրենիքը հեռվից քաղցր էր թվում:
ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀՄԱՅՔԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ