Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, «Ժողովրդավարական ուղի» կուսակցության նախագահ Մանուել Գասպարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե իրենց կուսակցությունն այժմ զբաղված է Կոնգրեսի ներսում փոփոխություններ կատարելու վերաբերյալ հարցեր քննարկելով:
-Պարո՛ն Գասպարյան, ՀԱԿ-ից վերջերս մարդիկ դուրս եկան, ինչի պատճառով խոսակցություններ են սկսվել, որ իբր Կոնգրեսը թուլացել է, պակասել է ՀԱԿ-ի հետեւորդների բանակը: Ի՞նչ եք կարծում, իսկապե՞ս ՀԱԿ-ը նման իրավիճակում է հայտնվել:
-Մենք չենք քննադատում, մենք փորձում ենք ներսում ուղղել թերությունները, մեր մոտեցումը մի քիչ այլ է, փորձում ենք առաջացած խնդիրներին հենց ներսում լուծումներ առաջարկել: Փորձում ենք ամեն ինչ տանել ճիշտ ուղղությամբ, որտեղ սխալ մոտեցումներ կամ բացթողումներ ենք տեսնում, փորձում ենք շտկել: Ես չեմ կարծում, որ դուրս գալով՝ հարցի լուծում կլինի: Եթե մյուս ուժերը նման կերպ են մտածում, որ մի կողմ քաշվելով՝ առաջացած խնդիրն ինչ-որ լուծում կստանա, իմ կարծիքով՝ սխալվում են: Եթե ուզում են պայքարել, ուրեմն պետք է պայքարեն ներսում, իրենց առողջ մտքերը պետք է ներսում կարողանան ներկայացնել ու լուծումներ ստանալով՝ շարժվեն առաջ:
-Այն մարդիկ, որոնք մոտ երկու տարի առաջ դուրս էին եկել Կոնգրեսից, ՀՀՇ-ից եւ առանձին միավորում ստեղծել՝ «Ազատ դեմոկրատներ» անունով, այսօր արդեն այնտեղից են հեռանում, եւ այն փլուզվում է: Ինչպիսի՞ն են Ձեր տպավորություններն այդ ամենից:
-Ընդամենը կասեմ, որ ես ցավում եմ ու կասեմ, որ նման քայլի գնալուց առաջ պետք է խորը վերլուծեին, որպեսզի նման անհաջողության չմատնվեին: Ես դա համարում եմ էլի ափսոսանք եւ ցավ, որ նման ուժն անգամ չկարողացավ մեկ տարի գոյատեւել, եւ այսօր առանց այդ էլ այդ միավորման շարքերը նոսր էին, էլ ավելի նոսրացավ: Եւ գոնե ինձ համար մի անցանկալի երեւույթ տեղի ունեցավ: Ես չէի ուզենա՝ դա ինչ-որ մեկի հասցեին ուղղվեր, դա շատերի մոտ է ստացվում, երբ փորձում են ինչ-որ առանձին միավորումով երկրում քաղաքականություն վարել:
-Նշեցիք, որ մնացել եք Կոնգրեսում եւ փորձում եք ներսում հարթել այն խնդիրները, որոնք առկա են ՀԱԿ-ում: Կնշե՞ք, թե որոնք են այդ խնդիրները, եւ ի՞նչ է արվում դրանք լուծելու համար:
-Ես համարում եմ, որ 2008թ. մարտից հետո մենք լուրջ փոփոխությունների ենք հասել ոչ միայն ՀԱԿ-ի ներսում, այլեւ ամբողջ հանրապետությունում: Ամեն ինչ չէր փոխվի Հայաստանում այնպես, ինչպես այդ միավորման կատարած աշխատանքի շնորհիվ փոխվեց, ժողովրդին եւ կուսակցություններին հաջողվեց ներքաղաքական կյանքում որոշ առողջ մտքեր ներդնել եւ այս երկրում ինչ-որ բաներ շտկել:
-Հնարավո՞ր է՝ ՀԱԿ-ի հզորացումից հետո նրա շարքերը լքողները կրկին վերադառնան: Կոնգրեսը կրկին կընդունի՞ այն մարդկանց, որոնք ժամանակին հեռացել են:
-Ոչինչ չեմ բացառում, շատ մեծ հույս ունեմ, որ նման ուժերը մի օր կկարողանան նորից համախմբվել: Ես ամեն ինչ փորձելու եմ անել, որ ինչ-որ եզրեր գտնեմ նման քաղաքական միավորումների հետ, որոնց մեջ կան բավականին փորձառու մարդիկ եւ քաղաքական ուժեր, ու կփորձեմ գնալ առաջ: Կարծում եմ, դա ամենաճիշտ տարբերակն է:
-Իսկ այսօր ՀԱԿ-ում ի՞նչ է արվում այդ ամենին հասնելու համար:
-Այսօր՝ էս ամառվա տապին, մենք զբաղված ենք ՀԱԿ ակտիվիստների գործով, որոնց 2-6 տարվա ազատազրկման են դատապարտել, ես էլ փորձում եմ ինչ-որ քայլեր անել, եթե անգամ այդ երիտասարդներն ինչ-որ չափով սխալ են եղել, մի փոքր թերություն է եղել, արժանի չէին այդ վճռին: Մենք էլ երիտասարդ տարիքում նման բացթողումներ ունեցել ենք: Դեռեւս այդ գործով ենք զբաղված:
-Աշնանը Կոնգրեսում ի՞նչ զարգացումներ են լինելու:
-Կոնգրեսը քանի որ ներկայացված է Ազգային Ժողովում, քննարկումներն այնտեղից կլինեն, եւ բավականին բուռն է լինելու, կլինեն աշխույժ քաղաքական զարգացումներ: Պետք է տեսնենք, թե այդ պահին հայ հասարակությունն ինչ է ուզում, ինչ է ակնկալում Կոնգրեսից:
ԴՈՒՐՍ ԳԱԼՈՎ՝ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄ ՉԻ ԼԻՆԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ