ՎԱՅԵԼԵԼՈՒ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ՀԱՐԲԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայերս ստեղծել ենք  գինին եւ այն չենք գնահատում, քանի որ մենք տրվում ենք գովազդի, կեղծ արժեքների ազդեցությանը: Գինին մշակութային խմիչք է, որը նախատեսված է վայելելու, այլ ոչ թե հարբելու համար: Հարուստները նախընտրում են եվրոպական խմիչքներ, իսկ աղքատներն իրենց դարդն օղու մեջ են թաղում»,-կարծում է Գինեգործների միության նախագահ  Ավագ Հարությունյանը:
Հայաստանը համարվում է խաղողի հայրենիքը, իսկ գինեգործությունը՝ հայի կենցաղային մշակույթներից մեկը: Հայկական խաղողի ավանդական (աբորիգեն) տեսակները վերացան  խորհրդային տարիներին, երբ ԽՍՀՄ իշխանություններն արգելեցին Արարատյան դաշտավայր խաղողի նոր տեսակների ներմուծումը: Միության փլուզումից հետո Հայաստանի իշխանությունները ոչ մի գործողություն չձեռնարկեցին այդ տեսակների վերականգնման համար:
Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ ՀՀ-ում կան 16 հազար 288 հեկտար խաղողի տնկարաններ, որից 14 հազար 478 հեկտարը բերքատու տարիքի խաղողի դաշտեր են: Նշված մակերեսից, ըստ նույն աղբյուրի, հավաքվել է 2 մլն 295 հազար 890 ցենտներ խաղող: Միջին բերքատվությունը հաշվվել է 158 ց: Գինեգործների միության նախագահը փաստում է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն արդեն սահմանել է խաղողի գինը: Պետությունը այն կգնի կիլոգրամը 140 դրամով: «Խաղողի հիմնական մասը գնելու են գինի արտադրող գործարանները, հավանական է՝ 1 կգ-ն 140-200 դրամով: Գյուղացու չարչարանքն է մնում»,-ասում է գինեգործը:  Վերջինս  կարծում է, որ  գյուղացու վրա  խաղողի կգ-ն «նստում է 100 դրամ»,  իսկ արտադրողներին հանձնում է 140 դրամով: Թվում է, թե մշակող գյուղացին 40 դրամ շահույթ է ստանում: Այնինչ, ըստ Հարությունյանի, դա ընդամենը պատրանք է, որովհետեւ փոքր մակերեսի վրա խաղող մշակողն այդ շահույթը  երբեք չի շոշափում:
Վիճակագրությունը փաստում է, որ Հայաստանում խաղողի մեծածախ գնման մասին պայմանագրերի թիվը կրճատվել է 25 տոկոսով: Չնայած տեղական գործարանների արտադրական հզորությունը թույլ է տալիս ընդունել մթերվող խաղողի ամբողջ խմբաքանակը, սակայն վճարման հարցը լուրջ խնդիր է մնում: Ըստ Տավուշի մարզի ֆերմերների՝ անցյալ տարվա մթերման համար որոշ մթերման կետեր դեռեւս չեն վճարվել:
Խաղողագործության եւ գինեգործության ոլորտում, ըստ մասնագետների, հիմնախնդիրները բազմաթիվ են: Նրանց խոսքով՝ կառավարությունը շատ խոչընդոտներ պետք է վերացնի, որոնք խանգարում են գինեգործության զարգացմանը: Վերջիններս մասնավորապես նշում են, որ ոլորտում առկա ամենամեծ խնդիրն այն է, որ կառավարությունը խաղողագործության ու գինեգործության զարգացման հայեցակարգ չունի: Դրա փոխարեն ունի ոլորտի զարգացման աջակցության ծրագիր, որը գինեգործությանը նպաստող որակական հատկանիշներ չունի, սակայն, ամեն դեպքում, գոնե «չեղածից լավ փաստաթուղթ է»:
Ինչեւէ, ոլորտի զարգացման համար պետությունը պետք է ցուցաբերի համապարփակ մոտեցում եւ միաձուլի խաղողագործության, գինեգործության եւ կոնյակագործության ոլորտները: Այնինչ տարվում է լոկալ քաղաքականություն, ինչն էլ բերում է առկա խնդիրներին: Այդ առիթով Գինեգործների միության նախագահն ասաց. «Հիմնական խնդիրը կապված է ոչ միայն բնակլիմայական պայմաններին չհարմարվող սորտերի ցածր բերքատվությամբ, այլեւ պարտադիր են նոր այգիների հիմնումը, ավանդական տեսակների  պահպանումը եւ բազմացումը, հիվանդության դեմ պայքարը»: Հարությունյանի խոսքով՝ հանրապետությունում կա շուրջ 55 գինեգործական ընկերություն եւ 2000-ից ավելի անհատ գինեգործ: Ըստ վիճակագրության՝ ՀՀ-ում գինու արտադրությունը աստիճանաբար աճում է. 2011-ին արտադրվել է 4 մլն լիտր գինի 2010թ. նույն ժամանակահատվածի 2 մլն լիտրի փոխարեն: Ընդ որում, որակը ծավալին համապատասխան չի աճում, քանի որ խաղողի նոր բարձրորակ տեսակների արտադրման եւ աճեցման համար անհրաժեշտ նոր տեխնոլոգիաների ներմուծումը պահանջում է ժամանակ եւ ներդրումներ:
6000 տարվա հնության գինգործական հնձան ունեցող հայկական գինին եվրոպական շուկայում մրցունակ չէ, իսկ ռուսական շուկայում զբաղեցնում է ընդամենը 0.3 տոկոսը:
«Հայկական գինին հիմնականում արտահանվում է: Սակայն հարկ է նշել, որ ՀՀ մաքսային քաղաքականությունը նպաստավոր չէ, քանի որ ե՛ւ մեկ շշի, ե՛ւ մեկ «ֆուռի» արտահանման համար նույն պահանջներն են ներկայացվում»,-նկատում է Հարությունյանը:
Վերջինս կարծում է, որ ոլորտում առկա խնդիրները լուծելի են, պարզապես անհրաժեշտ է պետական հոգածություն ու սեփական մշակույթի պահպանման նկատմամբ սրտացավություն:
«Քանի դեռ օլիգարխն է կոնյակագործը, շարքայինը՝ գինեգործը, իսկ խաղող մշակողը՝ աղքատ գյուղացին, ոլորտը չի զարգանալու: Այս համատեքստում պետք է նկատի առնել նաեւ մրցակցային անհավասար դաշտը»,-ասում է Ավագ Հարությունյանը:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս