ԱԺ-ՈՒՄ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ Է ԻՐԵՆ ՍՊԱՌԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ մեկնարկեց Ազգային ժողովի հերթական քառօրյան: Այն նախատեսվածից բուռն ստացվեց: Նիստի սկզբում քվեարկության դրվեց Սերժ Սարգսյանի պաշտոնանկության` իմպիչմենտի վերաբերյալ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի օրինագիծը քառօրյա նիստերի օրակարգում ներառելու հարցը:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե նախագիծը մի քանի ամիս շրջանառության մեջ է եղել, սակայն դրա վերաբերյալ որեւէ առաջարկ չի ստացվել, այն դեպքում, երբ Փաշինյանն ինքը հայտարարել էր, որ պատրաստ է ընդունել ցանկացած առաջարկ նախագծի բովանդակության վերաբերյալ: Քվեարկությունից առաջ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը նշեց, որ անհասկանալի է, թե ինչու է պատգամավորը ներկայացնում մի նախագիծ` այն առանց քաղաքական ընդդիմադիր ուժերի հետ համաձայնեցնելու: «Եթե մենք ընդունենք այն, ապա դա կլինի Սերժ Սարգսյանին մեծ նվեր: Սերժ Սարգսյանի պաշտոնանկության գործընթացը շատ լուրջ է, պետք չէ այն անլրջացնել: Սրանում իրավական ոչ մի հիմք չկա»,- ասաց Զուրաբյանը:
Իսկ, ահա, պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը հայտնեց, որ կողմ է քվեարկելու նախագծի՝ օրակարգում ընդգրկվելուն: Վերջինս, ակնարկելով ՀԱԿ-ին, հայտարարեց, թե ուժեր կան, որոնք փողոցում գոռում են Սարգսյանի հրաժարականի պահանջի մասին, սակայն ԱԺ-ում չեն միանում Սերժ Սարգսյանի հեռացման նախագծին: Արդյունքում Սարգսյանին պաշտոնանկ անելու օրինագծին կողմ քվեարկեց ընդամենը 4 պատգամավոր` Նիկոլ Փաշինյան, Ալեքսանդր Արզումանյան, Խաչատուր Քոքոբելյան եւ Զարուհի Փոստանջյան, ՀԱԿ-ը չմասնակցեց քվեարկությանը:
Այնուհետեւ խորհրդարանն արտահերթ ռեժիմով քննարկեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի եւ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հեղինակած՝ «Հայաստանի Հանրապետությունում առաջացած կառավարման ճգնաժամը հաղթահարելու ուղիների մասին» ԱԺ հայտարարության նախագիծը, որի ժամանակ կրքերն իսկապես թեժացան, եւ պատգամավորները նույնիսկ փոխադարձ վիրավորանքներ հնչեցրին: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն իր ելույթում անդրադառնալով իշխանություններին՝ նշեց. «Դուք հիմա հրճվում եք, որ կարողացաք ահաբեկչական հարվածներով խաղից դուրս հանել ԲՀԿ-ին եւ նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանին՝ չհասկանալով, որ այդ պետական ահաբեկչությունը երկրի առաջատար ուժերի դեմ եւ այսօր նրանց բացակայությունն այս դահլիճում ամենալավն է վկայում, թե ինչ խորը ճգնաժամի մեջ է մեր համակարգը եւ պետական կառավարումը»:
Երբ պատգամավորը խոսում էր ՀՀԿ-ի կողմից ԲՀԿ-ին տեռորի ենթարկելու մասին, նրան ընդհատեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը եւ նշեց, որ պետք չէ ԲՀԿ-ի բացակայությամբ խոսել նրանց մասին, Զուրաբյանն էլ շարունակեց, թե իշխանությունը տեռոր է իրականացնում, շանտաժներ է անում, ստիպում է, մասնավորապես, Գագիկ Ծառուկյանին, որ հրաժարվի քաղաքական գործունեությունից: «Եվ այսքանից հետո Դո՞ւք եք խոսում, որ իմ գործընկերների բացակայությամբ ես ելույթ եմ ունենում: Ես Ձեզ պետք է հարցնեմ, պարո՛ն Սահակյան, Դուք կարո՞ղ եք պատասխանել, թե ինչո՞ւ ԲՀԿ-ն այստեղ չէ»,- հարցրեց Լեւոն Զուրաբյանը, որին Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Իհարկե, կարող եմ պատասխանել. Նաիրա Զոհրաբյանը պարզ ասաց, որ բոյկոտում են քառօրյան»: Լեւոն Զուրաբյանը կրկին հարցրեց. «Ինչո՞ւ նշվեց, որ Գագիկ Ծառուկյանը չպետք է զբաղվի քաղաքականությամբ, փոխանակ ամաչեք, դեռ խոսում եք»: Գալուստ Սահակյանն էլ արձագանքեց. «Կարճ կապե՛ք»:
Այնուհետեւ բանավեճ սկսվեց Խոսրով Հարությունյանի եւ Լեւոն Զուրաբյանի միջեւ: Վերջինս ՀՀԿ-ական պատգամավորին հիշեցրեց վերջինիս՝ վարչապետ լինելու ժամանակ թույլ տված սխալները` մատնանշելով նաեւ բիզնեսների ու հարստության մասին լուրերը: Հարությունյանը հարց ուղղեց, թե արդյո՞ք իշխանությունն ընդհանրապես չի պայքարում կոռուպցիայի դեմ: Ի պատասխան՝ Զուրաբյանը նշեց. «Կարող է՝ մի երկու հոգու բռնել է ձեւի համար, բայց երկրի բարձրագույն ղեկավարությունն է զբաղված բիզնեսով: Բերանս բացե՞մ, ասե՞մ՝ ինչեր են պատմում, մի կոռուպցիոները Դուք եք, Դուք չգիտե՞ք, որ Ձեզ արգելվում է զբաղվել բիզնեսով, կարող է՝ գիտեք, Երեւանում մարդ կա՞, որ չգիտի՝ Խոսրով Հարությունյանի բիզնեսները, դե, իմ մոտ մի հատ բիզնես գտեք, էլի»:
Արդեն իր ելույթում ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց Լեւոն Զուրաբյանին եւ նշեց. «Իմ մասին շատ բան են ասում, սուրբ չեմ, բայց իմ կենցաղում բավական համեստ եմ, իմ հագուկապը նայեք, Ձերը, իմ եկամուտները հայտնի են, Ձերն ընդհանրապես անհայտ են, սա մտածելու տեղիք է տալիս»: Այնուհետեւ ՀԱԿ-ի հասցեին քննադատական ելույթով հանդես եկավ նաեւ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: «ՀՀ քաղաքական համակարգում չենք կարողանում այնպիսի ընդդիմություն ձեւավորել, որ չասի, թե ամեն ինչ շատ վատ է, ձեւավորի ակնկալիքներ եւ հուսախաբ չանի: Դուք արտաքին նախաձեռնողական քաղաքականությանն աջակցել եք, ու մեղքերը նաեւ Ձեր վրա են: Նաեւ որեւէ քննադատական խոսք ունակ չեք լսել»,- հայտարարեց նա:
Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, թե այս ճգնաժամի լուծման միակ տարբերակը իշխանափոխությունն է: «Վերջին քսան տարիներին Հայաստանում մշտապես խոսվել է իշխանափոխության մասին, բայց գոնե մինչեւ վերջերս Հայաստանում իշխանափոխություն չի եղել: Իմ հետեւությունը միանշանակ է` Հայաստանում եւս քսան տարի չի լինի իշխանափոխություն, քանի դեռ երկրում չի ձեւավորվել ինստիտուցիոնալ ընդդիմություն», – նշեց նա: Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստանում առկա սուպեր լիդերների ինստիտուտը պետք է փոխել սուպեր թիմերի ինստիտուտով: «Վերջին քսան տարիների ընթացքում վճռական պահին այդ սուպեր լիդերի ծնկները ծալվել են, ու այդ սուպեր լիդերը գրեթե միշտ լիազորություն է ունեցել՝ հարյուր-հազարավոր մարդկանց անունից խոսելու: Ոչ մեկ հետո չի ասել` բայց դու ո՞վ ես, դու ո՞վ ես, որ էդ որոշումը կայացնես, դու, ընդհանրապես, քեզ ինչի տեղ ես դրել: Դու ցարի բո՞գն ես, Աստվա՞ծ ես, էսօր անում եմ հանրահավաք, էսօր չեմ անում հանրահավաք, դու ո՞վ ես, ընդհանրապես»,-հավելեց նա:
Այս նախագծի մասին ելույթներ կհնչեն նաեւ այսօր:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

 

ՏՐԱԿՏՈՐՈՎ ՈՒ ԱԼՅՈՒՐՈՎ Է ՀԱՄՈԶԵԼՈՒ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ

ՀՀ Սյունիքի մարզի 180 բնակիչ ունեցող Շուռնուխ համայնքի ղեկավարի պաշտոնի համար մարտի 15-ին կմրցակցեն երկու թեկնածու՝ գործող ՀՀԿ-ական գյուղապետ Հակոբ Արշակյանը եւ ԲՀԿ-ական Գավրուշա Հակոբյանը: Տեղեկացնենք, որ երկու թեկնածուներն էլ առաջադրվել են իրենց կուսակցությունների կողմից: Գյուղապետի ընտրությունների շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց գործող ՀՀԿ-ական գյուղապետ Հակոբ Արշակյանի հետ:

-Այս օրերին ի՞նչ նախընտրական մթնոլորտ է գյուղում:
-Բոլորի մոտ նախընտրական տրամադրություն է: Հեռու մեզանից, լարվածություն չկա: Հակառակը՝ մարդկանց մոտ հետաքրքրություն է առաջացել, որովհետեւ նախկինում երկրորդ մրցակից թեկնածու չի եղել, այս պատճառով անհետաքրքիր է անցել:
-Պարո՛ն Արշակյան, այս անգամ մրցակցելու եք ԲՀԿ-ական թեկնածուի հետ…
-Այո՛, ես ՀՀԿ-ական եմ, իսկ նա՝ ԲՀԿ-ական: ԲՀԿ-ն մեկ պասիվանում է, մեկ էլ՝ ակտիվանում, տեսնենք, թե ինչ կլինի արդյունքում:
-Ձեր մրցակցին ճանաչո՞ւմ եք:
-Ինքը մեր գյուղի մեխանիզատորն է: Հարմար տղա է: Տարիներ առաջ նախկին գյուղապետի հետ մրցակցել է, բայց պարտվել:
-Ինչպե՞ս է նա համոզում բնակիչներին:
-Իրենց տրակտորները գյուղ են գալու ալյուրով, ամեն ինչով: Չէ որ ինքը «Բարգավաճ Հայաստան»-ից է: Դե, ես էլ պատրաստվում եմ գնամ, հերթագրվեմ (ծիծաղում է-Ս.Հ.): Գորիսի տարածաշրջանի գյուղերից մեկում՝ Վերիշենում, նախորդ ընտրություններին երկու տրակտոր բերեցին, բայց ընտրությունից հետո կրկին հետ տարան: Չնայած որ գյուղերին անհրաժեշտ են այդ տրակտորները: Խոսակցություններ են պտտվում, որ խոստացել են գյուղին տրակտոր, իսկ մարդկանց ալյուր տալ: Անձամբ չգիտեմ, չեմ ուզում հավատալ:
-Մյուս թեկնածուն պատրաստվում է տրակտորներով բնակիչներին համոզել, Դուք ի՞նչ եք անելու:
-Ես ինչ պետք է անեմ: Առաջին տարին չէ, որ գյուղապետ եմ, արդեն յոթը տարի է, ինչ մարդիկ ինձ ճանաչում են: Ամեն դեպքում, ես իրենց հետ եմ, ամեն ընտանիքի մի երրորդ տղան էլ ես կարող եմ կոչվել:
-Այնուամենայնիվ, նա ԲՀԿ-ական է, Դուք՝ ՀՀԿ-ական…
-Այս ընթացքում իմ ընկերոջ կնոջը մի տարեց կին փողոցում կանգնեցնում է ու համոզում, որ իր ձայնը տա ԲՀԿ-ական թեկնածուին: Օրեր անց նույն տարեց կինը կրկին փողոցում կանգնեցնում է այս անգամ եղբորս կնոջը ու համոզում, որ իր ձայնը տա ԲՀԿ-ական թեկնածուին: Նման բաներ անում են: Դե, ոչինչ, թող անեն: Երկու ագիտատոր ունեն իրենց տան բակում, սպասում են, թե երբ է փողոցով մարդ անցնելու, որ անմիջապես կանչեն ներս, սուրճ, թեյ հյուրասիրեն ու համոզեն: Բայց, չէ որ չենք կարող «Կենտրոն» հեռուստաընկերությունը նայել ու դրանով միայն ոգեւորվել:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

 

 

 

ՆԱԽԱՊԵՍ ԳՐՎԱԾ ՍՑԵՆԱՐՈՎ

Մարտի 15-ին համայնքի ղեկավարի ընտրություններ տեղի կունենան Իջեւանի տարածաշրջանի Ակնաղբյուր, Ներքին Ծաղկավան համայնքներում: Ակնաղբյուրում գրանցվել են համայնքի ղեկավարի 2 թեկնածու՝ գործող համայնքապետ, ՀՀԿ անդամ, 1968թ. ծնված Կարեն Դոլմազյանը եւ ոչ մի տեղ չաշխատող, ՀՀԿ անդամ, 1975թ. ծնված Արազ Միրզոյանը: Նախկինում տեղեկացրել ենք, որ ՀՀԿ անդամ Արազ Միրզոյանն իրականում առաջադրվել է գյուղապետ Կարեն Դոլմազյանի կողմից, քանի որ գործող ընտրական օրենսգրքով ընտրությունները կայացած են համարվում, եթե համայնքի ղեկավարի պաշտոնի համար գրանցվել է մեկից ավելի թեկնածու: Տավուշի մարզի թիվ 40 ԸԸՀ-ից տեղեկացանք, որ փետրվարի 20-ից Ա. Միրզոյանը ինքնաբացարկ է հայտնել: Հավելենք, որ Կ. Դոլմազյանը 445 բնակիչ ունեցող Ակնաղբյուր համայնքը ղեկավարում է 2004 թվականից:
Ի տարբերություն Ակնաղբյուրի՝ գյուղապետի պաշտոնի համար իրական պայքար է սպասվում Ներքին Ծաղկավան համայնքում: Այստեղ առկա են 2 թեկնածու՝ գործող համայնքապետ, ՀՀԿ անդամ, 1963թ. ծնված Նաիրի Աթաբեկյանը եւ Ն. Ծաղկավանի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցիչ, անկուսակցական, 1979թ. ծնված Իսկանդար Մեհրաբյանը: Ն. Աթաբեկյանը 549 բնակիչ ունեցող այդ համայնքը ղեկավարում է 2001թվականից:

 

ԻՆՉՈՒ Է ՓԱԿՎԵԼ
Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեվան գյուղի մանկապարտեզը փետրվարի 1-ից փակ է: Պետական բյուջեի միջոցներով կառուցված մանկապարտեզի շենքը գործարկվել է 2014թ. հունիսի 1-ին, հանդիսավոր բացմանը ներկա է եղել նաեւ Սերժ Սարգսյանը: Ոսկեվանի գյուղապետ Սերյոժա Ալեքսանյանը հայտնեց, որ 27 սան ունեցող մանկապարտեզի աշխատակազմի մեծ մասը արձակուրդից կվերադառնա մարտի կեսին, երբ լուծված կլինի մանկապարտեզի գազաֆիկացման խնդիրը: Որպեսզի Ոսկեվան գյուղը եւ մանկապարտեզը գազաֆիկացվեն, անհրաժեշտ է, որ գյուղի 50 ընտանիքներ դիմում գրեն առ այն, որ պատրաստ են հոգալ գազի ցանցն իրենց բնակարանին միացնելու ծախսերը: Առայժմ նման ցանկություն է հայտնել ոսկեվանցի 30 ընտանիք, ակնկալվում է, որ մինչեւ մարտի կեսերն այդ ընտանիքների թիվը կավելանա: Գյուղապետն ասաց, որ մինչ այժմ մանկապարտեզը ջեռուցվել է էլեկտրական տաքացուցիչներով:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս