ԳԻՏԵԼԻՔՈՎ ՉՍՏԱՑՎԵՑ, ԿՓՈՐՁԵՆ ՓՈՂՈՎ ԳՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին երկու շաբաթներին Հայաստանի հանրության ուշադրությունն ամբողջությամբ կենտրոնացած էր ներքաղաքական կյանքում տեղի ունեցող իրադարձությունների վրա, սակայն այս ընթացքում տեղի ունեցան զարգացումներ, որոնք պակաս կարեւոր չեն: Անցած օրերին գործնական քայլերով արտացոլեց Հայաստանի հարցում արեւմուտքի որդեգրած նոր մարտավարությունը:

Մինչ նոր մոտեցմանն անդրադառնալը նախ մի փոքր անդրադառնանք նախկինում կիրառված մարտավարությանը, որի ձախողման փաստացի ապացույցը 2013 թվականի սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու մասին հայտարարությունն էր: Անկախացման առաջին իսկ օրվանից, երբ արեւմուտքը (ԱՄՆ եւ ԵՄ) Հայաստանում ազատ եւ բացեիբաց գործունեություն ծավալելու հնարավորություն ստացավ, Հայաստանի աշխարհաքաղաքական ուղղվածությունը փոխելու համար հիմնական շեշտը դրվեց ազդեցության գործակալների մեծ բանակ ստեղծելու եւ նրանց միջոցով հանրային կարծիքը փոխելու մարտավարության վրա: Քսան տարուց ավել արեւմուտքը միլիարդավոր դոլարներ է ծախսել՝ հազարավոր երիտասարդների կրթելու, եվրոպական եւ ամերիկյան արժեհամակարգի հետ նրանց ծանոթացնելու համար դրամաշնորհներ տրամադրելու համար: Այս ծրագրի նպատակը եղել է այն, որ նշված զանգվածը, տարիների ընթացքում շատանալով, իր ուրույն տեղն ունենա ինչպես հասարակական սեկտորում, այնպես էլ կառավարման համակարգում: Ենթադրվել է, որ արեւմտյան արժեքներով ոգեւորված երիտասարդները կնպաստեն, որ Հայաստանն աստիճանաբար դուրս գա Ռուսաստանի ազդեցության տակից: Այս մարտավարությունը հետխորհրդային բազմաթիվ երկրներում հաջողությամբ է պսակվել, ուստի արեւմուտքի մասնագետների մտքով դժվար թե անցած լինի, որ այն Հայաստանում կատարյալ պարտության կարող է մատնվել: Ձախողման հիմնական պատճառը հայերի` աշխարհով մեկ սփռված լինելու, կամ այլ կերպ ասած՝ գաղթելու նկատմամբ մեծ հակում ունենալու առանձնահատկությամբ է պայմանավորված եղել, ինչը արեւմտյան փորձագետները հաշվի չեն առել:
Այսինքն՝ նրանց մտքով չի անցել, որ մարդիկ ոչ թե իրենց երկիրը կցանկանան փոխել, այլ պարզապես կտեղափոխվեն այլ` ավելի բարեկեցիկ երկրում ապրելու: Այսինքն՝ տարիներ շարունակ, այսպես կոչված, ազդեցության գործակալները, որոնք պետք է Հայաստանում փոխեին հասարակական տրամադրությունները, արեւմտյան արժեքներով տոգորվելուց հետո պարզապես արտագաղթել են համապատասխան երկիր: Իսկ չարտագաղթողների դեպքում էլ պարզվել է, որ նրանց գերակշիռ մեծամասնությունն անհրաժեշտ մոլեռանդությամբ չի պաշտպանում արեւմուտքի շահերը, եւ նրանց համար առաջին տեղում Հայաստանի շահն է: Մյուս կողմից «խոպանչիների» բանակն ապահովել է, որ Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանում չնվազի: Ավելին՝ այն ժամանակ, երբ արեւմուտքը Հայաստանում սեմինարներ, կոնֆերանսներ ու տարբեր կարգի հետազոտական ծրագրեր կազմակերպելով էր զբաղված, Ռուսաստանը իրենով էր արել Հայաստանի տնտեսության բոլոր հիմնական առանցքային ճյուղերը` էներգետիկան եւ կապը: Իսկ 2007-ի աշնանից արեւմուտքը, կարելի է ասել, երազախաբության մի երկար փուլ է ապրել: Փաստորեն 2007-ի աշնանից ՀՀ իշխանությունները` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, արեւմուտքի պահանջած բոլոր քայլերը լուռ ու մունջ կատարել են: Եվ երբ արդեն արեւմուտքին թվացել է, որ Հայաստանի հարցն այլեւս կանխորոշված է, նույն Սերժ Սարգսյանը նրանց փաստի առաջ կանգնեցրեց` հայտարարելով Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցելու մասին:
Իսկ ինչ վերաբերում է արեւմուտքի նոր մարտավարությանը, ապա այն, ըստ էության, Ռուսաստանի մարտավարության կրկնությունն է: Արեւմուտքը փաստացի փորձելու է ավելացնել Հայաստանի տնտեսությունում իր ներկայությունը` կոնկրետ ոլորտներում ներդրումներ կատարելով: Վերջին մեկ ու կես տարում արեւմուտքը Հայաստանի տնտեսությունում իր ներգրավվածությունն ավելացնելուն միտված երեք խոշոր գործընթաց է ավարտին հասցրել: Հանքարդյունաբերության ոլորտի գերակշիռ մասը փաստացի անցել է բրիտանական եւ գերմանական ընկերությունների տիրապետման տակ: Այս գործընթացը նոր չի սկսվել, սակայն վերջին մեկ տարում դրանում ռազմավարական փոփոխություններ են տեղի ունեցել, ինչն ընդհանուր մարտավարության փոփոխության արդյունք է: Հանքարդյունաբերական ձեռնարկությունները, որպես կանոն, զգալի գումարներ են հատկացնում սոցիալական աջակցությունների նպատակով: Նախկինում հանքարդյունաբերության ոլորտում ներգրավված հայ կառավարիչները իրենց եվրոպացի սեփականատերերի եկամուտներից զգալի գումարներ էին հատկացնում՝ իրենց գործունեության վայրի բնակչությանը սոցիալական օգնություն ցուցաբերելու նպատակով, բայց այդ ամենը ներկայացնում էին իբրեւ իրենց կողմից իրականացվող բարեգործություն: Վերջին մեկ տարում այս ոլորտում տեղի են ունեցել լրջագույն կադրային փոփոխություններ: Հանքարդյունաբերության ոլորտի եվրոպացի ներդրողները փաստացի սկսել են անմիջական իրենք կառավարել իրենց ընկերությունները: Նման ամենավառ օրինակը «Զանգեզուրի պղնձնամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնից Մաքսիմ Հակոբյանին ազատելու փաստն է: Նշված ընկերության հիմնական բաժնետերը գերմանական «Քրոնիմետ մայնինգ» ընկերությունն է, որն անցած տարիներին իր մասին որեւէ կերպ չէր հիշեցրել: Իսկ անցած տարվա ամռանը գերմանացիները միանգամից հիշեցրին, որ կոմբինատի տերն իրենք են:
Մանրածախ առեւտրի սուպերմարկետների եւ հիպերմարկետների միջազգային ցանցի սեփականատեր, ֆրանսիական «Քարֆուրի» պատմությունն առավել քան աղմուկ է հանել: Մոտ մեկ տարի տեւած պայքարից հետո «Քարֆուրն» ի վերջո կարողացավ հասնել իր նպատակին, եւ շուտով Հայաստանում կսկսի գործել այդ ընկերության առաջին հիպերմարկետը: Անցած տարի հայտնի դարձավ, որ ամերիկյան «Կոնտուր գլոբալ» (Contour Global) ընկերությունը 180 միլիոն դոլարով գնել է «Որոտանի» ՀԷԿ-ը: Չնայած գործարքը կնքվել էր անցած տարվա գարնանը, բայց այն ավարտին հասցվեց անցած շաբաթ: Բացի այդ՝ հայտնի դարձավ, որ Համաշխարհային բանկը պարտավորվել է ուսումնասիրել եւ գնահատել «Նաիրիտ» քիմիական գործարանի շահագործման տեխնիկական եւ ֆինանսական կենսունակությունը: ՀԲ-ն այս նպատակով 110 հազար դոլար կծախսի: Եթե ՀԲ-ի մասնագետները հանգեն այն եզրակացության, որ «Նաիրիտը» կարելի է շահույթով շահագործել, ապա շատ արագ կգտնվի նաեւ որեւէ ամերիկյան կամ եվրոպական ընկերություն, որը կստանձնի այդ գործընթացը` ապահովելով համապատասխան ներդրումները: Բացի այս՝ անցած տարի՝ օգոստոսին, հայտարարվեց, որ բրիտանական կապիտալով «Anaklia IEP Holding» ընկերությունը ցանկանում է Վանաձորում ՋԷԿ կառուցել: 2014 թվականի օգոստոսի 14-ի նիստում ՀՀ Կառավարությունը հաստատեց «Anaklia IEP Holding» ՍՊԸ-ի հետ կնքված համաձայնագիրը, ըստ որի՝ 2 էներգաբլոկից բաղկացած ՋԷԿ պետք է կառուցվի 270-ական ՄՎտ հզորությամբ: Նախագծի արժեքը 600 մլն դոլար է:
Ուշագրավ է, որ արեւմուտքը Հայաստանի տնտեսությունը «գրոհում» է այն փուլում, երբ Ռուսաստանի տնտեսությունը օր օրի անկում է ապրում եւ գործնականում չի կարողանալու հակազդել:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ՊԱՀԵԼ Է
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ խորհրդարանի աշխատակիցների շրջանում կրկին իրավիճակը լարվել է, քանի որ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը որոշել է նրանց միայն մի մասին պարգեւավճարներ տալ: Ըստ մեր տեղեկությունների՝ ամեն տարի ԱԺ բոլոր աշխատակիցները, առանց բացառության, տարվա սկզբին եւ կեսին հավելավճարներ են ստացել: Սակայն Հրայր Թովմասյանն այս հարցում էլ որոշել է «էքսկլյուզիվ» լինել եւ խորհրդարանի տեխնիկայի սպասարկողներին, հավաքարարներին եւ այլոց հավելավճարներ չի տրվել: Փոխարենն աշխատակազմի ղեկավարի տեղակալները եւ մնացած ղեկավար կազմն ամբողջությամբ հավելավճարները ստացել են: ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հետեւյալ կերպ մեկնաբանեց տեղի ունեցածը. «Դրանք պարտադիր բնույթ չեն կրում, դա պարգեւատրման ձեւ է, այս դեպքում օրենքի համաձայն պարգեւատրվել են պետական ծառայողները, հիմա թե ում ինչքան են պարգեւատրել, դա արդեն որոշում է ղեկավարը: Դա արդեն ստացվում է՝ ինչի են նրան մեդալ տվել, ինձ չեն տվել, չափորոշիչներն այդ դեպքում ընտրվում են օրենքով սահմանված կարգով»:

 

ՆԻՍՏԸ ՉԻ ԿԱՅԱՑԵԼ
Գորիսի պետական համալսարանի խորհրդի նախագահի շուրջ բորբոքված կրքերը միառժամանակ հանդարտվել են: Համալսարանի խորհրդի նախագահի պաշտոնում դեռ շարունակում է մնալ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը: Հիշեցնենք, որ օրերս Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը զանգահարել էր Գորիսի պետական համալսարանի պրոռեկտորին եւ հայտնել, որ նախկին մարզպետ Վահե Հակոբյանն այլեւս խորհրդի նախագահը չէ, այլ ինքն է եւ շտապ նիստ է հրավիրում: Այս տեղեկությունը հաստատել էր նաեւ Գորիսի պետական համալսարանի ռեկտոր, դոկտոր-պրոֆեսոր Յուրի Սաֆարյանը: Վերջինս «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ մարզպետի հրավիրած նիստը չի կայացել, քանի որ համալսարանի խորհուրդի նախագահին կարող է փոխել միայն Կառավարությունը, որը նման որոշում դեռեւս չի կայացրել: «Ժողովուրդ»-ի այն հարցին, թե արդյո՞ք իր նկատմամբ մարզպետը ճնշումներ է գործադրել, Սաֆարյանը պատասխանեց. «Իր հետ մինչեւ հիմա խոսակցություն չի եղել, եւ ոչ մի ճնշում էլ չի գործադրվել: Պարզապես նա ցանկություն է հայտնել, որ պետք է մասնակցի նիստին: Եւ մենք էլ հայտնել ենք, որ պաշտոնապես փոփոխություն չի եղել, այս պատճառով էլ նիստ չի կայացել»:

 

ՍՏԵՂԾՎԵՑ
Երեկ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նիստի մեկնարկին հայտարարեց, որ խորհրդարանի հաշվիչ հանձնաժողովը նիստ է գումարել եւ նախագահ ու քարտուղար է ընտրել: Ըստ այդմ, ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ է ընտրվել ՀՀԿ խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանը, իսկ քարտուղար՝ Թեւան Պողոսյանը, որը նաեւ «Ժառանգություն» խմբակցության քարտուղարն է:

 
ԳԱՂՏՆԱԶԵՐԾԵՑ
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը երեկ A1 plus-ի հետ զրույցում գաղտնիք է բացել Ծառուկյան-Տեր-Պետրոսյան-Րաֆֆի Հովհաննիսյան վերջին հանդիպումներից։
«Մենք պայմանավորվածություն ունեինք, որ եթե Սերժ Սարգսյանի հետ հանդիպում պետք է լինի, որտեղ պետք է քննարկվեն այս գործընթացները, քաղաքական գործընթացները, որոնք ծավալվում են երեք քաղաքական ուժերի ղեկավարությամբ, անպայման այդ հանդիպմանը պետք է մասնակցեն երեք քաղաքական ուժերի ներկայացուցիչները»,- ասել է նա։
Գագիկ Ծառուկյանը, Ռուբեն Հակոբյանի ենթադրությամբ, եռյակի մյուս ուժերին Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու մասին տեղյակ չի պահել, որովհետեւ բռնություններ են կիրառվել. «Բարգավաճականների ոստիկանություն տանելը, ես տեղյակ եմ, որ նույնիսկ Բալահովիտ գյուղը տեռորի է ենթարկվել, այդ գյուղում հիմնականում մարդիկ աշխատում են Գագիկ Ծառուկյանի համապատասխան կառույցներում»։
Փաստն այն է, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո Գագիկ Ծառուկյանը հրաժարվեց պայքարից՝ հայտարարելով, որ այլընտրանքը արյունահեղությունն է։ ՀՀԿ-ն գլխի էլ չընկավ, որ ցուցմունք տվեց. «Ցուցմունքը հետեւյալն է՝ որ մենք արյունահեղություն ենք անելու, եթե դուք հավաքվեք Ազատության հրապարակում»։
Բայց ընդդիմությունը զենքով չէր գնալու հրապարակ, հետեւաբար արյուն թափողը իշխանությունն էր։ Ռուբեն Հակոբյանն ասել է, թե չի կարծում, որ իշխանությունը կգնար նման ռիսկի, դա ուղղակի հոգեբանական գրոհ էր Ծառուկյանի վրա. «Մարտի 1-ից հետո չեմ կարծում, որ որեւէ իշխանություն իրան թույլ կտա արյունահեղություն»։




Լրահոս