ԳՆԱՃԸ ՀՀ ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ ՏԱՐԲԵՐ ՑՈՒՑԱՆԻՇ ՈՒՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ իշխանությունը գործարարներին կոչ է անում զսպող քաղաքականություն իրականացնել, երկրում թանկացումների ալիքը շարունակվում է: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա հունվարին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, բարձր գնաճ է արձանագրվել ոչ միայն մայրաքաղաք Երեւանում, այլեւ ՀՀ մյուս քաղաքներում:

ՀՀ-ում այս տարվա հունվարին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, պարենային մթերքների շուկայում արձանագրվել է 4.5 տոկոս գնաճ: Մասնավորապես, մայրաքաղաք Երեւանում նշված շուկայում այն կազմել է 4.1 տոկոս, Վանաձորում՝ 6, իսկ, ահա, Կապանում՝ 6.3 տոկոս: Հրազդանում պարենային մթերքների շուկայում գնաճ նույնպես արձանագրվել է. այն կազմել է 5, իսկ Գյումրիում՝ 5.6 տոկոս:
Բուժսպասարկման եւ դեղորայքի շուկայում ՀՀ-ում արձանագրվել է ընդամենը 1.2 տոկոս գնաճ: Սակայն Գավառ քաղաքում այն կազմել է 2.5, Հրազդանում՝ 2.2, Եղեգնաձորում՝ 1.5 տոկոս: Ամենաբարձր գնաճն արձանագրվել է Գյումրիում՝ 3.7 տոկոս: Իսկ Երեւանում այն կազմել է 1 տոկոս:
Ներկայացնենք առաջին անհրաժեշտության ապրանքները, որոնք այս տարվա հունվարին նույնպես թանկացել են: Այսպիսով՝ Երեւանում հացամթերքի շուկայում արձանագրվել է 4 տոկոս, Գյումրիում եւ Վանաձորում՝ 4.6 տոկոս գնաճ: Էջմիածին քաղաքում նույնպես հացամթերքը թանկացել է, գնաճը կազմել է 5.9տոկոս, իսկ Արտաշատ քաղաքում՝ 6.5 տոկոս: Թեեւ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը նախորդ տարվա ընթացքում անընդմեջ հայտարարում էր, թե իր ղեկավարած մարզում հացը էժան գնով է վաճառվում, այնուամենայնիվ, պաշտոնական տվյալները հակառակն են ապացուցում: Օրինակ՝ Կապանում հացամթերքի շուկայում այս տարվա հունվարին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, արձանագրված գնաճը կազմել է 14.2 տոկոս:
Հավկիթի շուկան նույնպես զերծ չի մնացել գնաճից. այստեղ առաջին տեղում է մայրաքաղաք Երեւանը, որտեղ արձանագրվել է 5.6 տոկոս գնաճ: Երկրորդ տեղում է Գավառ քաղաքը՝ 5.2 տոկոս գնաճով: Գավառ քաղաքին հաջորդում են Եղեգնաձորը՝ 4 տոկոս գնաճով, Աշատարակը՝ 3.9 տոկոսով, Գյումրին՝ 3.7-ով: Իսկ, ահա, Կապանում հակառակը՝ հավկիթը 1.1 տոկոսով էժանացել է:
Արտաշատ քաղաքի խանութներում այս տարի հունվարին շաքարավազի միջին գինը բարձր է եղել. այստեղ գնաճը կազմել է 8.7 տոկոս: Արտաշատին իր բարձր գնաճով հաջորդում է Կապանը, որտեղ արձանագրվել է 8.1 տոկոս թանկացում, իսկ Հրազդանում այն կազմել է 6.4 տոկոս, Գավառում՝ 5.3 տոկոս: Երեւանում, ի տարբերություն ՀՀ մյուս քաղաքների, շաքարավազի շուկայում գնաճը փոքր է եղել եւ կազմել է 1.9 տոկոս:
Գնաճից չի խուսափել նաեւ ընդեղենի շուկան: Մասնավորապես, այս տարվա հունվարին, նախորդ տարվա դեկտեմբերի հետ համեմատած, բլղուրի շուկայում արձանագրվել է 14 տոկոս գնաճ: Բրինձի միջին գինը նույն հաշվարկային ժամկետում թանկացել է 3.1 տոկոսով:
Ուշագրավ է, որ ՀՀ-ում մսամթերքի միջին գինը 0.4 տոկոսով է թանկացել: Հիշեցնենք, որ գյուղատնտեսության նախարարությունը նախորդ տարվա հոկտեմբերին մեծ ոգեւորությամբ հայտարարեց, թե շուտով կսկսվի դեպի ՌԴ միս, մսամթերք արտահանելու գործընթացը, սակայն այն այդպես էլ կյանքի չկոչվեց: Հավանաբար սա է պատճառը, որ մսամթերքի շուկայում բարձր գնաճ չարձանագրվեց. մսամթերքի շուկայում լճացում առաջացավ, հետեւաբար եւ գինն էլ չբարձրացավ: Անհասկանալի է նաեւ այն հանգամանքը, որ թռչնամսի շուկայում արձանագրվել է 0.7 տոկոս գնաճ, իսկ, ահա, հավի «բդի» շուկայում՝ 4.5 տոկոս գնաճ: Հավանաբար տնտեսվարողներն օգտվելով հավի «բդի» վաճառքի բարձր ցուցանիշներից՝ տվյալ ապրանքի գինը բարձրացրել են: Իսկ, ահա, թռչնի միսն այդքան էլ լավ չի վաճառվում:
Նկատենք, որ տնտեսվարողները նախորդ տարվա նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների թանկացումները պատճառաբանում էին դոլարի եւ եվրոյի փոխարժեքի բարձրացմամբ: Սակայն այս տարվա հունվար, փետրվար ամիսներին, երբ դոլարի եւ եվրոյի փոխարժեքը գրեթե կայուն է, այնուամենայնիվ, թանկացումները զգալի են: Սա ապացուցում է, որ արձանագրված գնաճը կապված չէ միայն դոլարի եւ եվրոյի փոխարժեքի բարձրացման հետ: Ավելին՝ շատ հաճախ մեր հանրապետությունում գնաճն ունենում է անհեթեթ պատճառներ:
Օրինակ՝ մակարոնի 1 կիլոգրամը երեւանյան խանութներում եւ սուպերմարկետներում վաճառվել է 617 դրամով, իսկ Էջմիածնում՝ 499-ով, Իջեւանում՝ 496-ով: Մեկ կիլոգրամ մանկական շիլան Երեւանում վաճառվել է 11 հազար 10 դրամով, Եղեգնաձորում՝ 10 հազար 739-ով: Բարձր տեսակի հացի 1 կգ-ը Երեւանում վաճառվել է 535 դրամով, Եղեգնաձորում՝ 531-ով: Բնականաբար, Կապանն առաջին տեղում է. այստեղ հացի 1 կգ-ը վաճառվել է 546-ով:
Բաստուրմայի 1 կգ-ն Աշտարակում ավելի թանկ գնով է վաճառվել, քան մյուս քաղաքներում: Աշտարակում այն վաճառվել է 9457 դրամով, իսկ Երեւանում՝ 8997-ով: Աշտարակն առաջին տեղում է նաեւ ձեթի գներով. այստեղ 1 լիտր ձեթը վաճառվել է 933 դրամով, Կապանում՝ 932-ով, իսկ Երեւանում՝ 831-ով:
Ստացվում է, որ տեղական արտադրողներն ու ներկրողները կողմնապահ վերաբերմունք են ցուցաբերում տարբեր մարզերի քաղաքների հանդեպ, այլապես ոչ մի կերպ հնարավոր չէ բացատրել, թե ինչու է մի ապրանքը տվյալ քաղաքում թանկացել 2 տոկոսով, իսկ մեկ այլ քաղաքում՝ 6 կամ 8 տոկոսով: Սա կանխելու նպատակով պետք է սահմանվի ցանկացած ապրանքատեսակի վաճառքի առավելագույն գին: Օրինակ` կես կգ-ոց մեկ հացի գինը չգերազանցի 150 դրամը: Մասնագետների խոսքով՝ այսպես են աշխարհում կազմակերպում գների թռիչքը, որպեսզի ե՛ւ արտադրողը, ե՛ւ մատակարարը կամայական գին չթելադրեն:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս