Արմեն Երիցյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ օրերս Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժը չպետք է խուճապի առարկա դառնա: Նա վստահեցրեց, որ ԱԻՆ-ն ամեն ինչ անում է, որպեսզի գոնե երկրաշարժից վայրկյաններ հետո մարդկանց տեղեկացնեն կատարվածի մասին:
-Պարո՛ն Երիցյան, օգոստոսի 11-ին Հայաստանում գրանցված երկրաշարժից հետո Facebook սոցիալական ցանցում սկսեցին լուրջ քննադատության ենթարկել ԱԻՆ-ի կատարած աշխատանքը: Նշվում էր, որ ԱԻՆ-ն «իր տեղում» չէր: Մարդիկ խուճապի մեջ էին հատկապես Սյունիքի մարզում:
-Այդպիսի տպավորություն եք ստացել, որ ԱԻՆ-ը լավ չի՞ աշխատել, չէ՛, բացարձակապես նման բան չկա: Իսկ ինչ վերաբերում է Սյունիքի մարզին, ապա այնտեղ եւս որեւէ խնդիր չի եղել:
-Հատկապես դժգոհությունը վերաբերում էր նրան, որ Դուք Սյունիքի մարզ չգնացիք, ի՞նչն էր պատճառը: Մարդիկ ժամերով դրսում անհույս սպասում էին, որ ԱԻՆ-ն ինչ-որ քայլ է անելու, սակայն այդպես էլ Դուք չարձագանքեցիք:
-Բայց Սյունիք գնալու կարիք բացարձակ չկար, այնտեղ եղել են ընդամենը որոշակի քարաթափումներ, եւ մեր մասնագետներն էլ իրենց ելույթների ժամանակ ասել են, որ չպետք է խուճապի մատնվել, քանի որ դրա կարիքը չկա: Եթե այնտեղ լուրջ բան տեղի ունեցած լիներ, հավատացա՛ծ եղեք, որ առաջինը ես էի այնտեղ գնալու:
-Բացի քարաթափումներից, նշվեց նաեւ, որ տներ են փլուզվել, մարդկանց տների պատերը ճաքել են:
-Ես արդեն նշեցի, որ ընդամենը քարաթափումներ են եղել:
-Իսկ ինչո՞ւ Դուք այդ ամենի մասին հրապարակայնորեն հանդես չեկաք, որպեսզի սյունեցիները չանհանգստանային ու չմտածեին փողոցներում ու վրանների տակ գիշերելու մասին: Սյունիքի մարզի գրեթե ողջ բնակչությունը որոշել էր դրսում գիշերել, ու այնտեղ իսկապես տագնապ էր սկսվել:
-Ուղղակի ոչ մի անհանգստանալու բան չկար, այդ օրը քարաթափումներ էին եղել այդ մարզում, մենք շատ օպերատիվ աշխատել ենք եւ մարդկանց այդ ամենի մասին տեղյակ ենք պահել: Ես չգիտեմ՝ մարդիկ ինչ տեղեկություններ են ունեցել, ինչ տեղեկություններ են տարածել, բայց ռեալ իրականությունը դա է եղել: Իսկ ինչ վերաբերվում է իմ ելույթ ունենալուն, համարենք, որ դա իմ բացթողումն է: Այսուհետ նման դեպքերում ես անպայման ելույթներ կունենամ: Ասեմ, որ մասնագետները ելույթներ ունեցել են, եւ ես ավելորդ համարեցի ելույթ ունենալ: Մի հանգամանք էլ կար. ես այդ օրերին գտնվում էին Բելառուսում ՀԱՊԿ անդամ երկրների նախարարների հանդիպմանը մասնակցելու համար: Հիմնական պատճառը դա է եղել:
-Երկրաշարժերն ամեն օր շարունակվում են, ու մարդիկ էլի խուճապի մեջ են: ԱԻՆ-ը նման հնարավորություն ունի՞ ժողովրդին տեղեկացնելու՝ դրանք դեռ շարունակվելու են, թե ոչ:
-Ընդհանուր առմամբ հնարավոր չէ ասել, որ երկրաշարժ չի լինելու, որովհետեւ գիտեք՝ երկրաշարժն այնպիսի բան է, կարող է այնպիսի արագությամբ լինել, որ ոչ ոք չկարողանա դրա մասին տեղեկանալ: Սակայն այսօր ամեն ինչ արվում է դրա համար, հենց այսօր ԱԻՆ-ի խորհրդակցության ժամանակ հանձնարարություն եմ տվել՝ այդ ամենի հետ կապված: Հայաստանում մենք տարբեր վայրերում ունենք հորատանցքեր, որտեղից ստանում ենք ինֆորմացիա երկրաշարժի վերաբերյալ: Այսինքն՝ երկրաշարժից առաջ փոխվում է ջրի բաղադրությունը եւ մակարդակը: Այնտեղ այժմ մենք ՄԱԿ-ի հետ համատեղ տեղադրում ենք համապատասխան միջոցներ, որ ինֆորմացիան միանգամից ստանա ՃԿԿ-ն:
-Երեկ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո հնարավո՞ր է՝ Հայաստանում եւս նման դեպք գրանցվի մոտակա օրերին:
-Մի բան ասեմ. շատ սխալ է, երբ հարեւան երկրներում տեղի ունեցածից հետո ժողովուրդը խուճապի է մատնվում ու սկսում մտածել, որ եթե այնտեղ նման դեպք է տեղի ունեցել, ուրեմն սպասենք, որ Հայաստանում էլ նման դեպք կգրանցվի: Եթե մենք նման ինֆորմացիա ունենանք, հավատացա՛ծ եղեք՝ առաջինը մենք ենք դրա մասին տեղեկացնելու: Կրկնում եմ՝ երկրաշարժն այնպիսի արագությամբ է լինում, որ ոչ մի տեխնիկա չի կարող առաջինը դրա մասին տեղյակ պահել:
-Կառավարությունը որոշեց 57 միլիոն դրամի օգնություն ցուցաբերել Իրանում տեղի ունեցած երկրաշարժից տուժածներին: Հայաստանը պատրա՞ստ էր այս սոցիալական ծայրահեղ ծանր վիճակում նման չափի գումար հատկացնել Իրանին:
-Ես կարծում եմ, որ մենք չպետք է նայենք մեր բյուջեին: Եթե մեր հարեւաններին պետք է օգնություն, ապա մենք պարտավոր ենք դա անել: Աստված չանի, եթե մեր մատը «փուշ» մտնի, նրանք մեզ օգնության կհասնեն:
-Իսկ հնարավո՞ր է՝ այդ օգնության պատճառով մեր պետության բյուջեն «ճեղքվածք» տա:
-Չէ՛, հավատացնում եմ, որ ոչ:
ՀԱՄԱՐԵՆՔ, ՈՐ ԴԱ ԻՄ ԲԱՑԹՈՂՈՒՄՆ ԷԱրտակարգ իրավիճակների նախարար
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ