ԻՆՉՈ՞Ւ ԵՆՔ ՊԱՏԱՆՈՒ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՀԵՏ ԽԱՂՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

20-ամյա Նարեկ Խաչատրյանը 2010-ին զորակոչվել է հայոց բանակ: 2012թ. մարտին՝ զորացրվելուց որոշ ժամանակ առաջ, նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 363 հոդվածի երկրորդ մասով: Այժմ նա իր կալանքը կրում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում:
Նարեկը սկզբում իր ծառայությունն անցել է Արարատի, հետո` Վայքի  զորամասերից մեկում: Արարատի զորամասում ծառայելու ժամանակ բարձր տեղից վայր է ընկել եւ ոտքը կոտրել: Կատարվածից հետո զորամասի հրամանատարական կազմը որոշել է, որ Նարեկը պիտանի չէ շարային ծառայության համար: Արդյունքում՝ նրան տեղափոխել են Վայքի զորամաս: Այստեղ Նարեկի հետ զրուցել է զորամասի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատարը: Զրույցի ընթացքում Նարեկը նրան պատմել է, որ երբ կոտրել է ոտքն ու տեղափոխվել հոսպիտալ, ՌՈ-ից եկել են ու բավական կոպիտ զրուցել, նույնիսկ սպառնացել: Նարեկը նաեւ խոստովանել է, որ իրեն պարբերաբար «տեսիլքներ են այցելում»: ԺՊ-ն այդ զրույցից հետո որոշում է կայացրել Նարեկին ուղարկել է բուժկետ՝ սպառնալով, որ ինքն իրեն վնասելու դեպքում նրան կդատեն:
Որոշ ժամանակ անց՝ 2011թ. դեկտեմբերի 25-ին, Նարեկը «Ժիլետ» ածելիով վնասվածք է հասցրել իր ձախ նախաբազկի շրջանին: Դրանից հետո նրան տեղափոխել են Երեւանի կայազորային հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք: Փաստի առթիվ հարուցվել է քրգործ ՀՀ քր. օր.-ի 363 հոդվածի առաջին մասի հատկանիշներով՝ իրեն որեւէ վնասվածք պատճառելու (անդամախեղելու), հիվանդության սիմուլյացիայի, կեղծ փաստաթղթեր օգտագործելու կամ խաբեության այլ միջոցով կամ ապօրինի այլ եղանակով զինծառայողի կողմից զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց ժամանակավորապես խուսափելը:
Ըստ գործի նյութերի՝ Ն. Խաչատրյանը բացատրության մեջ նշել է, որ դեկտեմբերի 25-ի գիշերը՝ ինքնավնասման ժամանակ, իր աչքերի առաջ տեսիլքներ են երեւացել, ինքը չի կարողացել հիշել իր հարազատների արտաքինը, որից հետո վիճակը վատացել է, եւ ինքը վերցրել է ածելին ու իրեն վնասել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Բայց, եզրակացության համաձայն, Նարեկը որեւէ հոգեկան հիվանդությամբ չի տառապել եւ չի տառապում. «Զննման պահին հոգեկան խանգարման նշաններ չեն հայտնաբերվում… եւ վերջինս պիտանի է ոչ շարային ծառայության»:
«Ինձ համար սա տարօրինակ ու զարմանալի է: Չհասկացա, միշտ ասում են, որ յուրաքանչյուր զինվորի հետ անհատական աշխատանք է տարվում՝ նրա բարոյահոգեբանական կերպարն ուսումնասիրելու, անցյալը տեսնելու եւ այլն: Եւ ոչ թե այսպես, ասենք, վերքի վրա աղ լցնելու խնդիր` ավելի բորբոքելու այդ անձնավորությանը»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Նարեկի դատապաշտպան Հովիկ Արսենյանը:
Փետրվարի 10-ին՝ հոսպիտալից դուրս գրվելուց հետո, Նարեկը որոշել է գնալ ոչ թե զորամաս, այլ Արմավիր՝ սիրած աղջկան` Սվետային տեսնելու: Հաջորդ օրը՝ փետրվարի 11-ին, ինքնակամ ներկայացել է ՀՀ ՊՆ ՌՈ, որտեղ հայտարարել է, թե ինքը շուրջ 100 հատ դեղ է խմել, որպեսզի ինքնասպան լինի: Դա լսելով՝ նրան կրկին տեղափոխել են նույն զինհոսպիտալի հոգեբուժական բաժանմունք. այս անգամ նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր.-ի 363 հոդվածի երկրորդ մասով՝ նույն արարքը, որը կատարվել է զինվորական ծառայության պարտականությունները կրելուց վերջնականապես ազատվելու նպատակով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:
Ըստ Արսենյանի՝ նախաքննական մարմնի քննությունը միայն մի նպատակ է հետապնդում՝ ինչքան հնարավոր է խիստ վերաբերվել զինվորին: «Այդ զինվորը կարծես արժեք չունի այս պետության համար: Երբեւիցե փորձ չի արվում ուսումնասիրել կատարվածի պայմանները, դրդապատճառները, շարժառիթները: Ըստ նրանց՝ զինվորը ստում է, նա թուլակամ է, ոչնչություն է եւ այլն: Զորամասի հարգելի՛ հրամանատար, Դուք այդ ինչպե՞ս որոշեցիք, որ նա պետք է անպայման բուժկետ գնա, եւ ընդամենը 2 օրվա մեջ հախից եկաք: Զինվորի հախից գալը ո՞րն է: Եւ վերջնականապես ոչնչացրիք: Ո՞ւր է ձեր սոցիալ-հոգեբանը, որ զինվորի հետ աշխատանքներ տաներ: Նարեկը չի հասցրել ծառայել այդ զորամասում, բայց արդեն՝ հենց դռները բացած, այնտեղից մենք հանցագործ զինվոր ենք հանում»,-մեզ հետ զրույցում անկեղծացավ դատապաշտպանը:
Նարեկ Խաչատրյանի գործով դատական նիստը կկայանա օգոստոսի 24-ին:
Հ.Գ. Զրույցի վերջում Հ. Արսենյանը ափսոսանքով նկատեց. «Յուրաքանչյուր զինվորի համար մենք պետք է դողանք, ոչ թե այսպես դաժանորեն վերաբերվենք եւ համարենք պարտքը տված: Տանում են դատարան կալանքով եւ դատապարտում ազատազրկման: Ինչո՞ւ ենք պատանու ճակատագրի հետ խաղում»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս