ՏԱՐԲԵՐ ԵՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վրացական երազանք» կոալիցիայի առաջնորդ,  միլիարդատեր  Բիձինա  Իվանիշվիլին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին հրավիրել է հեռուստաբանավեճի: Ընդ որում, վրացական ընդդիմության առաջնորդն ի սկզբանե առանց ավելորդ ամբիցիաների նշել է, որ  եթե անգամ Սահակաշվիլին չցանկանա ընդունել իր հրավերը, ապա նա պատրաստ  է բանավիճել «Միասնական ազգային  շարժում» իշխող կուսակցության  անդամների հետ: Զարգացած արեւմտյան երկրներում  նախընտրական հեռուստաբանավեճերը քաղաքական մշակույթի անբաժանելի ու որոշիչ բաղադրիչն են: Հետեւաբար, ամենուր Եվրամիության դրոշը Վրաստանի դրոշի կողքին դնող Սահակաշվիլին, իրապես իրեն արեւմտյան տիպի առաջնորդ համարելով, պետք է առանց այլեւայլության ընդուներ այդ հրավերը: Սակայն ինչպես պարզ դարձավ ՄԱՇԿ ղեկավարության նույն օրվա արձագանքից, Սահակաշվիլին դա չի անի: «Սահակաշվիլին դժվար թե համաձայնի  անձամբ բանավիճել մի մարդու հետ, որն ունեցվածք է դիզել Ռուսաստանում»,-ասել են Վրաստանի  նախագահի կողմնակիցները: Այդուամենայնիվ,  նրանք ընդգծել են, որ իրենք ընդունում են մարտահրավերը եւ պատրաստ են բանավիճել: Քանի որ Հայաստանում տակավին վերջերս  խորհրդարանական ընտրություններ էին, իսկ մի քանի ամսից էլ սպասվում են նախագահական ընտրություններ, ակամայից զուգահեռներ են առաջանում Վրաստանի ու Հայաստանի միջեւ: Նախ վերհիշենք ԱԺ ընտրությունները, երբ Հանրապետական կուսակցությունն առանց ձեւականությունների հետեւից ընկնելու ուղղակի ասաց, որ իրենք չեն մասնակցում բանավեճերի եւ վերջ: Եւ անցած խորհրդարանական ընտրությունների ընթացքում միակ բանավեճը  Սամվել Ֆարմանյան-Վլադիմիր Կարապետյան ամոթալի լեզվակռիվն էր: Անդրադառնալով գալիք նախագահական ընտրություններին՝ կարծում ենք, որ  ասենք` Լեւոն Տեր-Պետրոսյանը կամ Րաֆֆի Հովհաննիսյանը հաստատ չեն  համաձայնի բանավիճել, օրինակ, Գալուստ Սահակյանի հետ: Բայց եթե անգամ  նրանք ՀՀԿ-ին բանավեճի առաջարկ էլ անեն, ապա հաստատ ժամեր անց ՀՀԿ-ից չեն արձագանքի, նախ իրենց «ծանր կպահեն», մի երկու օր կսպասեն, ապա լրագրողների հարցերին ի պատասխան՝ կասեն, թե պիտի ՀՀԿ ԳՄ նիստ գումարեն ու այդ հարցը որոշեն: Սա եւս ոչ պակաս կարեւոր  տարր է, որը ցույց է տալիս մեր եւ վրացիների քաղաքական մշակույթի որակական տարբերությունը:  Անկախությունից հետո որքան հիշում ենք, տեղի է ունեցել ընդամենը երկու հրապարակային հեռուստաբանավեճ` առաջինը Սերժ Սարգսյանի եւ Արտաշես Գեղամյանի, իսկ երկրորդը Ռոբերտ Քոչարյանի եւ Ստեփան Դեմիրճյանի միջեւ: Թերեւս շատերը կհիշեն, որ առաջին դեպքում Գեղամյանն ուղղակի ջախջախեց Սերժ Սարգսյանին. այսօր արդեն հասկանալի է, թե  դա նրան ինչպես թույլ տրվեց, իսկ երկրորդ դեպքում Քոչարյանը կարողացավ  խեղճացնել Դեմիրճյանին: Ընդհանուր առմամբ այդ երկու բանավեճերն էլ բավական տխուր տպավորություն էին թողնում մասնակիցների մասին: Սակայն այսօր վերհիշելով դրանք  եւ  համեմատելով ներկա վիճակի հետ՝ ակնհայտ է դառնում, որ Հայաստանում քաղաքական մշակույթը գնալով հետընթաց է ապրում:




Լրահոս