ԱՐԴԱ՛Ր ԴԱՏԻՐ, ԴԱՏԱՎՈ՛Ր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արաբկիրի 19 փողոցի թիվ 20 տան բնակչուհի Սյուզաննա Աբգարյանին Արաբկիր եւ  Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի «թեթեւ ձեռքով» վտարում են հայրական տնից:  Աբգարյանն  իր  հույսը դրել է  հայրենի կառավարության վրա: Արդեն քանի ամիս է՝ յուրաքանչյուր հինգշաբթի նա  իշխանավորներին  հանդիպելու ակնկալիքով գալիս է կառավարության շենքի մոտ, սակայն ապարդյուն:
«Իմ հայրը որբանոցում է մեծացել, սեւագործ բանվորություն է արել ցեմենտի  գործարանում, կոպեկ-կոպեկ հավաքել է փողը եւ տուն գնել: Հիմա նախկին տանտերերը եկել, դատավորներին ու փաստաբանին կաշառելով, մեզ ուզում են տնից դուրս շպրտել: Որտե՞ղ է արդարությունը,-բողոքեց «Ժողովուրդ»-ի խմբագրություն այցելած Սյուզաննա Մարգարյանը, որը լսողության խնդիր ունի,-Դանիելյանին ճառի ժամանակ խնդրեցի բարձր կարդալ, վիրավորվեց»:
Վիճահարույց տունը 1946թ.-ին Ս. Աբգարյանի հայրը՝ Սուրենը, գնում է գործով հայցվոր Արտաշես Քեչյանից: 1970թ. կողմերի միջեւ կնքվում է բնակարանի առքուվաճառքի պայմանագիր, որի համաձայն՝ Ա. Քեչյանն իր սեփականություն հանդիսացող տան առաջին հարկից 19,11 քմ մակերեսով սենյակը վաճառում է Սուրեն Աբգարյանին առանց նոտարական վավերացման: 1979թ.  Աբգարյանը հայցով դիմում է ՀՍՍՀ Երեւանի 26 կոմիսարների շրջանի ժողդատարան ընդդեմ Քեչյանի՝ բնակարանի առքուվաճառքի գործարքը վավեր ճանաչելու պահանջով: Հայցը բավարարվում է, եւ Ս. Աբգարյանը ճանաչվում է Արաբկիրի 19 փողոցի թիվ 20 տան առաջին հարկի 19.11 մակերեսով սենյակի սեփականատեր:
Աբգարյանն իրեն պատկանող տարածքում կառուցել է կից շինություններ: Այնուհետեւ  օրինական եւ անօրինական  սենյակները,  խոհանոցը եւ զուգարանը պետականացվում են`   այլ տարածքում նոր բնակարան ստանալու պատճառով: Դրա դիմաց բացվում է վարձակալական քարտ, եւ նշված հասցեում վարձակալ են ճանաչվում Աբգարյանի զավակները՝  Արամն ու Սյուզաննան: Ի դեպ, Երքաղխորհրդի գործկոմի մեկ այլ որոշմամբ Ա. Քեչյանը ճանաչվում է Արաբկիրի 19-ը փողոցի թիվ 20 հասցեի ամբողջ՝ 133,65 քմ մակերեսով կառույցների սեփականատեր: 1999թ. Արտաշեսը դիմում է դատարան՝ պահանջելով վարձակալներին վտարել իր բնակարանից կամ ստիպել վճարել 3 տարվա վարձը: Արամ եւ Սյուզաննա Աբգարյաններն էլ իրենց հերթին պահանջում են օրինականացնել հորից իրենց ժառանգություն մնացած սենյակը եւ կոմունալ տարածքները: Սակայն ե՛ւ դատարաններում, ե՛ւ «Անշարժ գույքի կադաստր կենտրոն» ՓԲԸ-ում նրանց մերժում են:
«Դիմեցինք Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթունի ընդհանուր իրավասության դատարան, մեր հայցը բավարարվեց: Հետո Քեչյանը, որ զբաղվում է ավտոների վաճառքով, կաշառեց դատավորներին եւ իր ուզած ձեւով լուծեց հարցը: Իսկ մեր փաստաբան  Ժաննա Օհանյանն էլ մամայիցս պահանջեց  սկզբում հազար, իսկ այնուհետեւ 2 հազար դոլար մեզ պաշտպանելու համար: Էդքան փող մեզ որտեղի՞ց,-բարձրաձայն լացելով՝ պատմեց Սյուզաննան,-ես  խնդրում եմ արդարադատության նախարարին, որպեսզի ինքն օգնի, որ ինձ իմ տնից չվռնդեն: Ես հաշմանդամ մարդ եմ, ո՞նց կարամ բաց երկնքի տակ ապրեմ»: Սյուզաննան վստահ է, որ «մինչեւ չխառնվեն ազդեցիկ մարդիկ կամ փող չխաղացնեն, դատարաններում ոչ մի գործ գլուխ բերել չի լինի»:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս