Վաղը լրանում է Մարտի 1-ի իրադարձությունների 7-րդ տարելիցը: Վաղը հազարավոր մարդիկ ծաղիկներ կդնեն Մյասնիկյանի արձանին` Մարտի 1-ի տասը զոհերի` Դավիթ Պետրոսյանի, Գրիգոր Գեւորգյանի, Տիգրան Խաչատրյանի, Արմեն Ֆարմանյանի, Գոռ Քլոյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Զաքար Հովհաննիսյանի, Սամվել Հարությունյանի, Համլետ Թադեւոսյանի եւ Տիգրան Աբգարյանի հիշատակը հարգելով եւ նրանց առաջ գլուխ խոնարհելով:
2008 թվականի Մարտի 1-ը Հայաստանի կյանքում ազդարարեց նոր` իր իրավունքների համար կյանքը զոհել պատրաստ քաղաքացու ժամանակաշրջանի մեկնարկը: Մարտի 1-ին հաջորդած ժամանակաշրջանը եւ տեղի ունեցած իրադարձությունները ՀՀ քաղաքացու մտածողության հեղափոփոխության ապացույցն են: Կասկած չկա, որ մարդկանց մտքերում տեղի ունեցած փոփոխությունը մի օր հանգեցնելու է նաեւ առօրյա կյանքի փոփոխության, նպաստելու է, որ Հայաստանը դառնա ժողովրդավարական եւ բարեկեցիկ երկիր, որտեղից քաղաքացիները ոչ թե կփախչեն, այլ հեռացածները կվերադառնան: Այսօր մենք Մյասնիկյանի արձանի մոտ ենք գնում գլխիկոր, քանի որ դեռ ավարտին չենք հասցրել Մարտի 1-ի տասը զոհերի գնով սկսված գործընթացը: Բայց համոզված ենք, որ կգա այն օրը, երբ մենք գլուխներս բարձր կգնանք Մյասնիկյանի արձանի մոտ` վստահ, որ այլեւս Հայաստանում չի լինի իշխանություն, որ կհամարձակվի իր իրավունքը պաշտպանող քաղաքացու վրա ձեռք բարձրացնել:
Երեկ հաստատվեց «Ժողովուրդ»-ի` նախօրեին հրապարակած լուրն այն մասին, որ մարտի 3-ին՝ ժամը 12.00-ին, ՀՀ Կառավարության առաջարկով ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարելու: «Շահութահարկի մասին», «Շրջանառության հարկի մասին» օրենքներում փոփոխություն կատարելու մասին օրենսդրական փաթեթներից բացի՝ օրակարգում ընդգրկված են եւս չորս փաթեթներ ու մեկ միջազգային փաստաթուղթ: Ինչպես հայտնի է՝ ԲՀԿ խմբակցությունը բոյկոտեց եւ չմասնակցեց այս շաբաթ տեղի ունեցած քառօրյայի աշխատանքներին: Արդյոք այդ բոյկոտը կտարածվի նաեւ մարտի 3-ի արտահերթ նիստի վրա, դեռեւս մնում է անհայտ: «Ժողովուրդ»-ը փորձեց այս հարցը պարզել ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանից, սակայն, վերջինս ի պատասխան, հայտարարեց. «Ես ինձ այլեւս իրավասու չեմ համարում ԲՀԿ-ի անունից մեկնաբանություններ անել»: Հիշեցնենք, որ երեկ տեղեկացրել էինք նաեւ, որ Տիգրան Ուրիխանյանը հնարավոր է՝ հրաժարվի ԲՀԿ մամլո խոսնակի պաշտոնից, ինչը կարծես հաստատվում է:
ՀՀ իշխանությունները Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը հիմնականում արդարացնում էին՝ պնդելով, թե այդպիսով կհեշտանա ՌԴ ապրանքներ արտահանելը, ինչը կնպաստի մեր տնտեսության զարգացմանը: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա հունվարին Հայաստանից Ռուսաստան է արտահանվել 168 հազար 900 դոլարի ապրանք` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 16 միլիոն 522 հազար 600 դոլարի դիմաց: Այսինքն՝ ԵՏՄ-ին անդամակցության համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո առաջին իսկ ամսում դեպի Ռուսաստան արտահանումը նվազել է 100 անգամ: Ի դեպ, ՌԴ-ից ներկրումը եւս նվազել է: 2014-ի հունվարին ՌԴ-ից Հայաստան է ներկրվել 75 միլիոն 152 հազար 100 դոլարի ապրանք, իսկ այս տարի` ընդամենը 57 միլիոն 329 հազար 800 դոլարի: Փոխարենը կտրուկ ավելացել են դեպի Վրաստան արտահանման ծավալները` նախորդ տարվա 4 միլիոն 268 հազար 600 դոլարի փոխարեն այս տարի հունվարին արտահանվել է 14 միլիոն 563 հազար 800 դոլարի ապրանք: Աճը ավելացել է 3,4 անգամ:
ՀՀ Կենտրոնական բանկը երեկ հրապարակեց այս տարվա հունվարին արտերկրից Հայաստան փոխանցված տրանսֆերտների չափը, ըստ այդմ, զուտ ներհոսքը (Հայաստան եկած եւ դուրս գնացած գումարների դրական տարբերությունը) կազմել է 28 միլիոն 23 հազար դոլար: Այսինքն՝ անկումը կազմում է մոտ 60 տոկոս: Այս ցուցանիշն ամենացածրն է 2008 թվականից հետո: Անցած տարի հունվարին Հայաստան փոխանցված տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել էր 68 միլիոն 274 հազար դոլար: Ինչպես հայտնի է՝ Հայաստան եկող տրանսֆերտների մոտ 90 տոկոսը գալիս է Ռուսաստանից: Ասենք, անցած տարի հունվարին ՌԴ-ից Հայաստան է փոխանցվել 87 միլիոն 243 հազար դոլար, իսկ այս տարի այդ գումարը կազմել 38 միլիոն 371 հազար դոլար: Եթե տրանսֆերտների նվազման այս դինամիկան, որը սկսվել է անցած տարվա հոկտեմբերից, շարունակվի, ապա Հայաստանի տնտեսությունը առավել քան ծանր կացության մեջ կհայտնվի:
ՈՒՇԱՑԱԾ ԿՈՉԵՐ
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ռուսական Regnum լրատվական կայքին տված հարցազրույցում հայտարարել է, թե քանի որ Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի ռազմավարական գործընկերը, Մոսկվան իրավաբանորեն ամրագրված պարտավորություններ ունի ՀՀ ռազմական անվտանգությանն աջակցելու գործում: Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին մեծ քանակությամբ ռազմատեխնիկա վաճառելուն՝ նա նշել է, որ սա մեզ համար չափազանց նուրբ հարց է: «Մի կողմից մենք հասկանում ենք, որ ցանկացած ինքնիշխան պետություն իրավունք ունի զբաղվել զենքի առք ու վաճառքով, սակայն կարծում ենք, որ ռազմավարական գործընկերների շահերն ու մտավախությունները եւս պետք է հաշվի առնվեն: Հույս ունեմ, որ մեր ռուս գործընկերներն անդադար հետեւում են Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական համագործակությանը եւ ջանում են չափավորել մեր հարեւանի «զենքային մոլուցքը»»,- ասել է Օհանյանը:
ՀՀ ՊՆ նախարարի այս հայտարարությունները բավականին ուշագրավ են՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախկինում Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հետ կապված Օհանյանը միանգամայն այլ հայտարարություններ էր անում` շեշտելով, թե դա բիզնես է, եւ Հայաստանը որեւէ խնդիր չի տեսնում այն բանում, որ Ռուսաստանը գործում է իր բիզնես շահերին համահունչ: Ավելին՝ ՀՀ ՊՆ բազմաթիվ ռազմական փորձագետներ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին ավելի քան չորս միլիարդի զենքի վաճառքը փորձում էին արդարացնել այն հանգամանքով, թե Հայաստանին առավել ձեռնտու է, որ Ադրբեջանը զինվի ռուսական, քան, օրինակ, իսրայելական զենքով, քանզի որեւէ երկրից գնված ռազմական տեխնիկայի շահագործումը նշանակում է կախվածություն տվյալ երկրից: Ուստի մեր դաշնակից Ռուսաստանը որոշակի վերահսկողության հնարավորություն է ձեռք բերում ադրբեջանական զինուժի վրա` ռուսական զինտեխնիկայի շահագործման հետ կապված մշտական խորհրդատվությունների եւ մասնագետների պատրաստման առումով:
Եվ հիմա այն, որ մշտապես Ռուսաստանի շահերի պաշտպանության դիրքերից խոսող Օհանյանը սկսել է բարձրաձայնել «ռազմավարական գործընկերների շահերն ու մտավախությունները եւս հաշվի առնելու» Ռուսաստանի պարտավորության մասին, արդեն իսկ ցույց է տալիս, որ Ռուսաստանը հատել է Հայաստանի շահերի ոտնահարման` անգամ Օհանյանի համար ընդունելի շեմը: Սակայն արդյոք ՀՀ ՊՆ նախարարի այս ուշացած դժգոհությունն ու Ռուսաստանին ուղղված հանդիմանանքը կարող են որեւէ արդյունք ունենալ. բնականաբար` ոչ: Դրանք արդեն նման են ճաշից հետո մանանեխի:
Մինչդեռ, եթե ՀՀ իշխանությունները ի սկզբանե փոքր-ինչ ավելի արժանապատիվ կեցվածք ունենային եւ Ռուսաստանին իր «ռազմավարական գործընկերների շահերն ու մտավախությունները եւս հաշվի առնելու» անհրաժեշտության մասին հիշեցնեին, Ադրբեջանը, միգուցե, այսօր զինված չէր լինի ռուսական գերժամանակակից, չորս միլիարդանոց արսենալով: