Դերասանուհի, հաղորդավարուհի, նախկին մոդել, «Աննա», «Քաղցր կյանք», «Կյանքի կարուսել», «Գեներալի աղջիկը» հեռուստասերիալներից հայտնի դարձած Արեւիկ Գեւորգյանն առաջին հայացքից տարօրինակ մի երազանք ունի` հանդես գալ տղամարդու կերպարում: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել է, որ այն մեծ հեղինակների ստեղծագործությունները, որոնցով «հիվանդացած» է, տղամարդիկ են, ուստի մեծ ցանկություն է առաջանում անձամբ կերտել այն կերպարները, որոնց հնարավոր չէ չսիրահարվել…
-Արեւի՛կ, ինչո՞ւ վերջերս չեք երեւում էկրաններին եւ ինչո՞վ եք այժմ զբաղված:
-Այս տարի ուսումնական պրոցեսի մեջ եմ: Կուրսղեկիս` Ռուբեն Բաբայանի եւ Զառա Անտոնյանի հետ Պուշկինի փոքրիկ ողբերգություններն ենք վերլուծում եւ մտածում ներկայացման մասին: Հեռուստատեսություններից բազմիցս եղել են առաջարկներ, սակայն դրանք ինձ չեն հետաքրքրել, եւ չի եղել մի բան, հանուն որի կընդհատեմ ստեղծագործական պրոցեսը: Սա վերլուծություններով, հարցերով լի հետաքրքիր շրջան է, պատասխաններն էլ տանում են շատ ուրիշ եւ շատ գեղեցիկ մի աշխարհ:
-Իսկ այսօրվա հեռուստածրագրերում Ձեզ ի՞նչը չի գրավում, ի՞նչը չի հերիքում:
-Դերասանի համար շատ կարեւոր բան է` «հիվանդ լինել» այն նյութով, որի հետ ինքը պետք է աշխատի, որը պետք է «հերձի» ինքնուրույն: Հակառակ դեպքում` ավելի լավ է այդ նյութին չմոտենալ: Առհասարակ, հեռուստածրագրերում պակասում է գեղեցիկը` գեղեցիկ խոսքը, մատուցումը, բովանդակությունը… Արվեստը պետք է օդում պահել, իսկ երբ այն հավասարվում է գետնին, անգամ եթե հնարավոր է հավաքել հանդիսատես, այնուամենայնիվ, մի կարեւոր բան վնասվում է: Իհարկե, խոսքս բոլոր ծրագրերին չէ, որ վերաբերում է:
-Նշել եք, որ մշտապես երազել եք տղամարդու կերպար մարմնավորել… Որտեղի՞ց է եկել այս ցանկությունը: Հիշեցի Շերոն Սթոունի խոսքերը` մենք ինքներս դարձել ենք այն տղաները, որոնց հետ երիտասարդ տարիներին ցանկանում էինք ամուսնանալ, համաձա՞յն եք:
-Այո՛, որքան էլ տխուր է, դա փաստ է: Ուժեղ աղջիկներն ու կանայք հիմա շատ են, եւ դա բնական ընթացքից չէ. դա ցավալի է: Ուժեղ լինելը գովելի է, սակայն որոշ դեպքերում դա նաեւ խանգարում է: Յուրաքանչյուր կին փնտրում է այն միակին, որի կողքին իրեն թույլ կտա լինել թույլ: Իսկ տղամարդու կերպարով հանդես գալու մասին մտածելու համար մեղավորը գրականությունն է: Այն մեծ հեղինակների ստեղծագործությունները, որոնցով հիվանդացած եմ, տղամարդիկ են, իսկ դրանք, իհարկե, կանանց մասին են: Ուստի մեծ ցանկություն է առաջանում անձամբ կերտել այն կերպարները, որոնց հնարավոր չէ չսիրահարվել…
-Մի ժամանակ սցենար էիք գրել ռուսական մի պիեսի հիման վրա: Այդ ֆիլմն, ի վերջո, նկարահանվե՞ց: Իսկ այս տարիքում որպես սցենարիստ հանդես գալը բարդ եւ պարտավորեցնող չէ՞:
-Շատ բարդ է, պարզապես դա մի շրջան էր, երբ ունեի լավ ստեղծագործող ընկերներ եւ ուզում էինք առանց լողալ իմանալու՝ նետվել ջուրը: Մեր թիմով «նետվեցինք ջուրը», ստեղծագործեցինք, շատ բան սովորեցինք. կարեւոր փուլ էր: Ֆիլմը, որ կոչվում է «Սիրո՞ւմ ես», նախատեսված չէր լայն շերտերի համար: Գուցե այդ կարճամետրաժ ֆիլմով ներկայանանք որեւէ փառատոնի, տեսնենք:
-Արեւի՛կ, քչերը գիտեն, որ վեց տարի աշխատել եք որպես մոդել, մասնակցել մի շարք գեղեցկության մրցույթների, անգամ արժանացել եք «Միսս արքայադուստր-2010», «Միսս տաղանդ-2010», «Միսս տաղանդ-2011» տիտղոսներին: Ինչո՞ւ թողեցիք մոդելային կարիերան, եւ ի՞նչ տվեցին Ձեզ բոլոր այս մրցույթները:
-Փոքր տարիքում շատ բարդույթավորված երեխա եմ եղել, եւ այդ գործով զբաղվելու հիմնական նպատակը կոմպլեքսներից ազատվելն էր: Սակայն եկավ մի պահ, երբ այդ աշխարհն այլեւս հետաքրքիր չէր: Իսկ այդ մրցույթները ձեւավորեցին նոր հայացք, պարգեւեցին գունավոր մի շրջան եւ, վերջապես, ընկերներ:
-Դուք մարդկանց հիշողություններում տպավորվել եք որպես սերիալների տխուր աչքերով աղջիկ, ով, կարծես, այդ տխրությունն ամենեւին էլ չի խաղում…
-Դեռ փոքրուց ունեմ տխուր ու հասուն աչքեր. դա իմ բնությունն է, իսկապես, չեմ խաղում:
-Իսկ ինչպիսի՞ն պետք է լինի այն տղամարդը, ով կփայլեցնի այդ տխուր աչքերը:
-Իհարկե, ես ունեմ իդեալ, որ մանկությունից ուղեկցել է ինձ, բայց դժվար է միանշանակ տալ այս հարցի պատասխանը: Ոչ իդեալական մարդը կարող է եւ պետք է դառնա իդեալական` իր թերություններով հանդերձ… Պարզապես պետք է գտնել նրան, նվիրվել, սիրել ու չհրաժարվել…
15 ՏԱՐԻ` ԱՌԱՆՑ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ
«Մենք, առհասարակ, ընդունելության հայտարարություն չենք անում, այլապես այնքան դիմորդ կհավաքվի, որ չենք կարող նրանց տեղավորել 2 դասասենյակում: Ու թեեւ դպրոցը գտնվում է Կողբում, մեզ մոտ հաճախում են նաեւ շրջակա այլ համայնքների երեխաներ»,-ասում է Կողբի Գեղարվեստի դպրոցի ուսուցիչ-կազմակերպիչ Աննա Նասիբյանը:
Դպրոցը, որ հիմնադրվել է 1999 թվականին, համագյուղացի նկարիչ Կարո Դուլիջանյանի նախաձեռնությամբ, առանց գրանցման ու բյուջեի, վարձավճարի ու աշխատավարձի (չհաշված մի քանի բացառություն) կարողացել է գոյատեւել 15 տարի, սակայն այսօր արվեստի այս փոքրիկ օրրանը ունի մի շարք չլուծված խնդիրներ եւ նպատակներ, որոնք կարող են իրագործվել որոշակի աջակցության շնորհիվ:
Դպրոցն ունի երկրորդ հարկ, որի կառուցումը ֆինանսների բացակայության պատճառով չի ավարտվել. «Եթե դա ավարտին հասցվի, մենք կարող ենք կրկնակի թվով աշակերտներ ունենալ: Իսկ կարճաժամկետ դասերի փոխարեն կիրառական արվեստի ճյուղերը կարող են մշտական մասնագիտական դասարաններ ապահովել»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ներկայացրեց Ա. Նասիբյանը:
Առօրյա դասերից զատ դպրոցում ցանկություն ունեն կիրառական արվեստի կարճաժամկետ դասընթացներ անցկացնել, գեղանկարների սեփական ձեռնարկը հրատարակել: Ֆինանսական ներդրումներ են պահանջում նաեւ սաների համար կազմակերպվող ամառային ճամբարները:
Մեր այն հարցին, թե դպրոցն արժանանում է արդյոք գյուղապետարանի, մարզպետարանի, ՀՀ մշակույթի նախարարության ուշադրությանը, Ա. Նասիբյանը պատասխանեց. «Գյուղապետարանը, եթե հնարավորություն ունենա, կաջակցի, մարզկենտրոնին, նոր պետք է ներկայացվեն առկա խնդիրները, իսկ մշակույթի նախարարությունը… Եթե միայն մեկ անգամ հնարավորություն տային նկարիչների միությունում մեր աշխատանքները ցուցադրել… Բայց անհավանական բան եմ ասում, այդ մեկ շաբաթով ցուցասրահը զբաղեցնելու արժեքին մենք մեկ տարի կպահենք մեր դպրոցը»:
Ուսուցչուհու խոսքով` երբ նոր էր դպրոցը բացվել, ինքը մտածում էր` տեսնես կգա մի օր` այնքան աշակերտներ ունենան, որ դասասենյակներում չտեղավորվեն. «Այդ օրը վաղուց եկել է: Հիմա էլ ասում եմ` տեսնես այսքան շնորհալի սաներն իրենց ծննդավայրում աշխատանք կգտնե՞ն: Ես հավատում եմ, որ կգտնեն, կարեւորը սահմանին խաղաղություն լինի»:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
«ՀԱՅԱՍՏԱՆ, ՏԱՊԱՆԻ ԺՈՂՈՎՈՒՐԴ»
Հռոմի Վիտտորիանո ցուցահանդեսային համալիրում մարտի 4-ին կբացվի հայ մշակույթին եւ հայ-իտալական մշակութային առնչություններին նվիրված` «Հայաստան, տապանի ժողովուրդ» խորագիրը կրող ցուցահանդես: Ինչպես տեղեկացնում են ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, այն նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Հայաստանի Հանրապետությունից ցուցահանդեսին կներկայացվի 26 ցուցանմուշ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարաններից, «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտից եւ Հայաստանի պատմության թանգարանից: Ցուցահանդեսին ավելի քան 60 բացառիկ վավերագրերով եւ նմուշներով կմասնակցի Իտալիայի Հանրապետության 6 մշակութային հաստատություն` Վենետիկի, Ջենովայի, Սեւիլիայի պետական եւ Վատիկանի քարտուղարության արխիվները, Ֆլորենցիայի Ռիկկարդիանա գրադարանը, Վենետիկի Կորրեր թանգարանը, ինչպես նաեւ՝ Մխիթարյան Միաբանությունը 13 անկրկնելի ձեռագիր նմուշներով: Ցուցահանդեսը կգործի մինչեւ 2015թ. մայիսի 3-ը:
ՉՈՐՐՈՐԴԸ ԹՈՓԱԼՅԱՆՆ Է
Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ այս տարի Վիեննայում կայանալիք «Եվրատեսիլ 2015»-ին Հայաստանը ներկայանալու է հատուկ մրցույթի համար ձեւավորված «Genealogy» խմբով, որը կկատարի «Don’t deny» («Մի՛ ժխտիր») երգը: Առաջին ալիքը խոստացել էր հայտնել արդեն չորրորդ մասնակցի անունը: Այսպիսով՝ «Եվրատեսիլ»-ի` մեր երկրի հերթական պատվիրակը Ստեֆանի Թոփալյանն է, ով ներկայացնում է Ասիա աշխարհամասը: Նա երգչուհի է, երգահան եւ դերասանուհի, ով բնակվում եւ ստեղծագործում է Տոկիոյում: Նշենք, որ խմբի հինգերորդ մասնակցի անունը հայտնի կդառնա մարտի 3-ին: Նա կներկայացնի Ավստրալիա աշխարհամասը:
ԶԳԵՍՏԸ ԳՈՂԱՑԵԼ ԵՆ
Հայտնի դերասանուհի Լյուպիտա Նյոնգոն, ով «Օսկար» մրցանակաբաշխությանը ներկայացել էր Calvin Klein ապրանքանիշի 150 հազար դոլարանոց զգեստով, որի վրա 6000 մարգարիտ էր, կողոպուտի զոհ է դարձել: TMZ-ի փոխանցմամբ, մրցանակաբաշխության գիշերն այդ զգեստը գողացել են The London West Hollywood հյուրանոցից: Ոստիկանները հայտնել են, որ գտել են չարագործների հետքը: