Դեռեւս դեկտեմբերի 25-ին «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը մոտ 1000 ՀՅԴ-ականների հետ Արցախ է մեկնելու: Նշել էինք նաեւ, որ Հ. Մարգարյանը նպատակ ունի հանդիպել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Ըստ մեր տեղեկությունների՝ Հ. Մարգարյանին անհանգստացնում է ՀՅԴ-ականների շուրջ Արցախում ստեղծված իրավիճակը: Եվ, ահա, անցած շաբաթ օրը Մարգարյան-Սահակյան հանդիպումը կայացել է:
Ըստ պաշտոնական տեղեկատվության` ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 27-ին ընդունել է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին: Քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ ներհայկական քաղաքական զարգացումներին վերաբերող մի շարք հարցեր: Մեր տեղեկությունների համաձայն՝ Հ. Մարգարյանը առանձին հանիպում է ունեցել նաեւ Արցախի ՀՅԴ-ականների հետ` պարզելու համար, թե ինչի հետ է կապված նրանց դժգոհությունը:
«Ժողովուրդ»-ը զրուցել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանի հետ` պարզելու համար Բ. Սահակյանի եւ Հ. Մարգարյանի հանդիպման մանրամասները:
-Ընդհանրապես քննարկել են հարցերի լայն շրջանակ՝ ներքին, արտաքին քաղաքական, սփյուռքի հետ կապերի, Ցեղասպանության տարելիցի, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված հարցեր: Գիտեք, որ բավականին մեծ խումբ էր եկել արցախ՝ 1000-ից ավել: Նրանք ուխտագնացություն են արել, ազատամարտի վետերաններ են եղել, ԱԺ պատգամավորներ ու ՀՅԴ տարբեր ներկայացուցիչներ:
-Նշվում է, որ նպատակ կար ՀՅԴ-ի այցելությամբ մոռացնել տալ, քողարկել Բերձորի միջադեպը` ընդգծելով, որ, ահա, նման թվով մարցկանց Արցախում ընդունեցին…
-Դա որեւէ կապ չունի Բերձորի դեպքերի հետ, ընդհանրապես մեկը մյուսի հետ կապ չունի, որովհետեւ նման ուխտագնացությունները ավանդական են, ու նման բան միշտ եղել է ու միշտ էլ կլինի:
-Ըստ մեր տեղեկությունների՝ Բակո Սահակյանն ու Հրանտ Մարգարյանը քննարկել են նաեւ Արցախի ՀՅԴ-ականների հարցը, քանի որ վերջին ժամանակահատվածում շատ դաշնակցականներ լքեցին կուսակցության շարքերը: Ի վերջո, տեղյակ եք՝ ինչո՞ւմ է խնդիրը:
-Այդպիսի հարց չի քննարկվել ու այդպիսի հարց չկա Արցախում, մեկ երկու հոգի որ դուրս են եկել, դա չի նշանակում, թե Դաշնակցության շարքերը նոսրացել են Արցախում: Ընդհակառակը, այդ կուսակցությունը բավականին ակտիվ, այսպես ասած, աշխատանք է տանում, նաեւ ունի ուժեղ երիտասարդական թեւ, այսինքն՝ շարքերից դուրս գալու խնդիր ընդհանրապես դրված չէ: Մեկ-երկու հոգի, այո՛, դուրս են եկել՝ անձնական իրենց խնդիրներից ելնելով, բարեկամական կապերը հաշվի առնելով Բերձորի կազմակերպիչների հետ: Այդքան բան, բայց որեւէ մասսայական կամ նման տիպի զարգացում չկա Արցախում: Իմանալով քաղաքական անցուդարձը, քաղաքական զարգացումները՝ վստահեցնում եմ՝ նման հարց ընդհանրապես չկա, ընդհակառակը, տեսնում ենք, թե ինչպիսի աշխատանք է տանում ՀՅԴ-ն երիտասարդության հատվածում: Այսինքն՝ անդամակցությունն ավելի շատ է, ուղղակի դրա համար չի խոսվում:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ