Հայաստանի քաղաքական կյանքում տեղի ունեցած վերջին զարգացումներից հետո հիմնական հարցը, որը օդում կախված է, այն է` արդյոք քաղաքական դաշտի այս ամայացած վիճակը երկար կշարունակվի: Բոլորը փորձում են կանխատեսել, թե ինչպես կզարգանան հետագա իրադարձությունները: Սակայն մեկ հարցում կարծես համընդհանուր համաձայնություն է ձեւավորվել՝ Հայաստանի քաղաքական դաշտի ոչ միայն իշխանական խաղացողներն են իրենց սպառել, այլ նաեւ ոչ իշխանական եւ իրենց ընդդիմադիր հայտարարողները: Ակնհայտ է՝ որպեսզի Հայաստանում ի վերջո իշխանափոխություն իրականացվի, պետք է կազմավորվի նոր քաղաքական ուժ, որը կարողանա նախորդների ձախողումներից դասեր քաղել:
Բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը մի անգամ ոչ պաշտոնական զրույցի ժամանակ մի այսպիսի միտք արտահայտեց. «Ընտրությունները դրանք թվաբանություն են, ով լավ կարողանում է հաշվել, նա էլ հաղթում է»: Առաջին հայացքից այս ձեւակերպումը կարող է անհեթեթություն թվալ, սակայն իրականում այն բնորոշում է Հայաստանում ձեւավորված ընտրական համակարգը: Վաղուց արդեն կարծրացած է այն տեսակետը, որ Հայաստանի իշխանություններն ընտրությունների կեղծման համակարգ են ստեղծել, որը կազմակերպված ձեւով ամեն անգամ արձանագրում է տվյալ պահին իշխանությունների համար հնարավոր լավագույն տարբերակը:
Այն հանգամանքը, որ ընտրություններում կեղծման կազմակերպված համակարգ է գործում, վկայում են ընտրությունների պաշտոնական արդյունքները:
Առաջիկա ընտրությունները 2017 թվականի խորհրդարանական ընտրություններն են լինելու: Եթե Հայաստանի իշխանությունները, ինչպես խոստացել են, սահմանադրական փոփոխություններով անցում կատարեն խորհրդարանական կառավարման համակարգին, ապա հենց այդ ընտրություններով էլ կլուծվի իշխանության խնդիրը: Ուստի դիտարկենք հենց ԱԺ վերջին երկու ընտրությունների արդյունքները:
2007 թվականի մայիսի 12-ի ԱԺ ընտրությունների պաշտոնական արդյունքների համաձայն՝ ընտրական ցուցակներում ընդգրկված ընտրողների թիվը եղել է 2 մլն 319 հազ. 722, ընտրություններին մասնակցել էր 1 միլիոն 391 հազար 285 ընտրող: Համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցած 23 քաղաքական ուժերից հինգ տոկոսանոց արգելքը հաղթահարել էին հինգ կուսակցություն: Ստորեւ բերված աղուսյակում ներկայացված են ԱԺ անցած կուսակցությունները եւ նրանց պաշտոնապես ստացած քվեները.
ՀՀԿ 458 258
ԲՀԿ 204 483
ՀՅԴ 177 907
ՕԵԿ 95 324
«ԺԱՌ» 81 048
ընտ. թիվ 2 319 722
2012 թվականի մայիսի 6-ի ԱԺ ընտրությունների պաշտոնական արդյունքների համաձայն՝ ընտրողների ցուցակային թիվը եղել 2 մլն. 522 հազ. 906, պաշտոնապես ընտրություններին մասնակցել էր 1 մլն 572 հազ. 858 ընտրող: Համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող 9 քաղաքական ուժերից խորհրդարան անցան հինգ կուսակցություն եւ մեկ դաշինք (ՀԱԿ-ը): Ստորեւ բերված աղուսյակում ներկայացված են խորհրդարան անցած քաղաքական ուժերը եւ նրանց պաշտոնապես ստացած քվեները.
ՀՀԿ 664 266
ԲՀԿ 454 671
ՀԱԿ 106 901
«ԺԱՌ» 86 993
ՀՅԴ 85 544
ՕԵԿ 83 123
ընտ.թիվ 2 522 906
Արդյոք պատահական է այն փաստը, որ 2007-ին եւ 2012-ին խորհրդարան անցած ընդդիմադիր քաղաքական ուժերի օգտին գրված ձայների հանրագումարը նույնն է եղել` 2007-ին 354 հազ. 279, իսկ 2012-ին` 362 հազ. 561: Իշխանական երկու ուժերի` ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի օգտին գրված ձայների հանրագումարը 2007-ին կազմել է 662 հազ. 741, իսկ 2012-ին` 1 մլն 118 հազ. 937: 2007-ի ընտրությունների համեմատ՝ 2012-ին ԲՀԿ-ի օգտին գրված ձայների թիվն ավելացել է 250 հազ.-ով, իսկ ՀՀԿ-ինը` 200 հազ.-ով: Ընտրողների ցուցակային թիվն ավելացել է մոտ 200 հազ.-ով, նույնքան ավելացել է նաեւ ընտրություններին մասնակցության պաշտոնական ցուցանիշը:
Իսկ որպեսզի կասկած չլինի, որ մենք ընտրությունները կեղծող համակարգի հետ գործ ունենք, նշենք, որ 2003 թվականի մայիսի 25-ի ԱԺ ընտրություններում ՀՀԿ-ի օգտին գրվել է 280 հազ. 363 քվե: Չնայած այդ կուսակցությունն անցած 15 տարիներին հասցրել է Հայաստանի տնտեսությունը տեղը տեղին քայքայել, այդ կուսակցության առանձին ներկայացուցիչների կարողությունը փաստացի գերազանցում է ՀՀ պետական բյուջեն, բայց միեւնույն է՝ ընտրությունից ընտրություն ՀՀԿ-ի թվերը աճել են:
Այն քաղաքական ուժը, որը կհավակնի հաջողության հասնել, պետք է իր առաջ խնդիր դնի կազմալուծել ընտրությունների կեղծման համակարգը, առնվազն կարողանա հասնել այն բանին, որ այն քվեարկության օրը չհասցնի համակարգված գործել, այդ դեպքում անակնկալներն իրենց սպասել չեն տա: Իսկ թե ինչպես պետք է կազմալուծել ընտրությունների կեղծման համակարգը, առանձին նյութի թեմա է:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ