ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ԵԿԵՂԵՑԻ ԿԱՌՈՒՑԵԼ, ՔԱՆ ԽԱՂԱՏՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի շատ գործարարների մոտ տարիների ընթացքում ավանդույթ է ձեւավորվել, որ հարստանալուն զուգահեռ պետք է որեւէ գյուղում եկեղեցի կառուցեն: Իհարկե լավ է, որ Աստծո տաճարներն ավելանում են, սակայն,  ինչպես նկատում ենք, արդյունքում փլվում են դարերի պատմություն ունեցող մեր եկեղեցիները:
ՀԱՐՑ. Ձեր կարծիքով՝ ինչքանո՞վ է նպաստում նորակառույց եկեղեցին մեր երկրում հավատի  խորացման գործընթացին: Արդյոք ճիշտ է եկեղեցի կառուցելը, թե՞ կարելի է հին տաճարները նորոգելով՝ աստվածահաճո գործ անել:
ՊԱՏԱՍԽԱՆ. Միգուցե Ձեր հարցը շատ սուբյեկտիվ է, բայց իմ պատասխանը պետք է լինի  միանշանակ օբյեկտիվ: Եթե խոսքը եկեղեցի կառուցելու մասին է, ապա պետք է ասեմ, որ այդ ամենն արդեն դրական եմ համարում: Բայց եթե այստեղ խնդիրը եկեղեցի կառուցելն է՝ ցուցադրելու համար, որ իրենց հարստությունն ապահովված լինի, իրենց բիզնեսը ծաղկի, այդ ամենը ավելի շատ ձեւական բնույթ է կրում, եւ այս երեւույթն արդեն իսկ դատապարտելի է ու ընդհանրապես կապ չունի քրիստոնյա լինելու հետ: Ասեմ, որ մարդիկ կան՝ շատ դեպքերում եկեղեցի են կառուցում, որտեղ պայմանները վատ են լինում, ու նպատակին չի ծառայում, զուտ ձեւական բնույթ է կրում: Օրինակ՝ Խարբերդում եկեղեցին են կառուցել, ու կառուցողն ասում է, որ ինքը եկեղեցի է կառուցել, բայց այդ եկեղեցին ոչ մի կերպ եկեղեցու կարիքներին չի ծառայում: Իհարկե լավ կլինի, որ այս ամենին զուգահեռ հարուստ գործարարները հին եկեղեցիները վերանորոգեն: Նոր եկեղեցի կառուցելը նպաստում է մեր հավատին այն դեպքում, երբ եկեղեցում կան հոգեւորականներ, այնտեղ լինում են արարողակարգեր:
տեր ԵՍԱՅԻ քահանա ԱՐԹԵՆՅԱՆ
ՊԱՏԱՍԽԱՆ. Շատ դեպքերում նախատեսված չէ հին կոթողը օգտագործել նորովի, քանի որ կան մի շարք խնդիրներ: Նախ պետք է ասեմ, որ քրիստոնեության ըմբռնումը մեզ մոտ բավարար մակարդակի չէ: Ես ուսումնասիրել եմ դպրոցական դասագրքերը եւ պետք է ցավով ասեմ, որ դրանք անմխիթար վիճակում են եւ կրոնական քարոզչությանը չեն նպաստում: Մենք քրիստոնեությունը պետք է հասկանանք բովանդակային առումով, բայց այսօր մենք եկեղեցի ենք գնում զուտ մեր հարսանեկան, ծիսական պահանջմունքի բավարարման տեսանկյունից: Իսկ ինչ վերաբերում է նրան, որ հարուստներ են կառուցում եկեղեցին, իհարկե լավ կլիներ, որ համապատասխան ուշադրություն դարձնեին կրթության վրա եւ այդ միջոցները ծախսեին դպրոցների կարգավորման համար: Արդյունքում նրանց կողմից կառուցված եկեղեցիները զուտ ցուցադրական, ձեւական կողմ չէին ունենա:
ՎԱՐԴԱՆ ՋԱԼՈՅԱՆ 
մշակութաբան
ՊԱՏԱՍԽԱՆ. Կարծում եմ՝ եկեղեցի կառուցելը աստվածահաճո գործ է: Ավելի լավ է եկեղեցի կառուցել, քան, ասենք, այնպիսի շինություններ, որոնք ժողովրդին գցում են կրակի մեջ. խոսքը խաղատների մասին է: Պետք է նշեմ, որ շատ լավ կլիներ, եթե նման նախաձեռնություն լիներ, որ հին եկեղեցիները կառուցեն նորովի: Հավատալ է պետք Աստծուն, երբ իմ հոգին խռով է լինում, եկեղեցի եմ գնում, խոսում եմ հոգեւորականների հետ եւ գտնում եմ ինձ հուզող շատ հարցերի պատասխանը:
ՆԱԻՐԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ




Լրահոս