Հայտնի ճշմարտություն է, որ որեւէ երկրի ժողովրդավարության իրական ցուցիչն այդ երկրում խոսքի ազատության մակարդակն է: Ուստի, հասկանալու համար, թե ինչքանով է ժողովրդավարական այս կամ այն երկիրը, բավական է դիտարկել, թե ինչպիսին է այդ երկրի մամուլը: Այս իմաստով Հայաստանում պատկերը բավականին տխուր է: Ինչպես եւ քաղաքականության, բիզնեսի կամ մշակույթի մեջ, լրատվական դաշտում էլ տիրում է «թայֆային» մտածողությունը: Մեզանում, կարելի է ասել «թայֆային ժողովրդավարություն» է: Ընդ որում, ինչպես եւ վերը նշված ոլորտներում, այստեղ էլ «թայֆաները» հիմնականում կառուցված են երեք առանցքների` ՀՀ երեք նախագահների շուրջ: Գաղտնիք չէ, որ ներկայում գործող նախագահի լիակատար ազդեցության տակ են գտնվում առանց բացառության բոլոր հեռուստա եւ ռադիոընկերությունները, ուստի նրանց մասով անգամ «թայֆային մրցակցություն» չկա (խոսքն, իհարկե, լրատվական, ոչ կոմերցիոն մրցակցության մասին է): Թեկուզ բավականին խեղված կանոններով, սակայն այդուամենայնիվ այդ մրցակցությունն առկա է տպագիր մամուլում եւ ինտերնետային կայքերում: Եւ ահա այստեղ է, որ առավելագույնս ակնառու կերպով դրսեւորվում է «թայֆային ժողովրդավարության» ողջ պերճանքն ու թշվառությունը: Քանի որ այստեղ իրենց ազդեցության հստակ տիրույթներն ունեն վերը նշված երեք առանցքները: Եւ որեւէ ընդդիմադիր թերթում կամ կայքում ժողովրդավարությունն ու խոսքի ազատությունը սկսվում եւ ավարտվում են բացառապես այդ առանցքի շահերի շրջանակում:
Նույն որակի խոսքի ազատություն է նաեւ ՀՀ երկրորդ նախագահի վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներում: Մի տարբերությամբ, որ այստեղ ամեն ինչ ավելի կոշտ մեթոդաբանությամբ է իրականացվում` ելնելով հավանաբար երկրորդ նախագահի` խոսքի ազատության մասին ունեցած ուրույն պատկերացումներից: Ինչ վերաբերում է գործող նախագահին, ապա նրա շրջապատի կողմից լրատվական «թայֆային ժողովրդավարությունն» այնպիսի հմտությամբ ու բազմազանությամբ է բեմականացվում, որ հաճախ այսբերգի ստորջրյա հատվածն այդպես էլ մինչեւ վերջ մնում է անտեսանելի: Իսկ այն հատուկենտ լրատվամիջոցները, որոնք չեն հարում «թայֆաներից» եւ ոչ մեկին, ստիպված են դիմագրավել ամենատարբեր քաղաքական եւ ֆինանսական ճնշումների` միաժամանակ բոլոր կողմերից:
Ամփոփելով «թայֆային ժողովրդավարության» առկա տխուր պատկերը` ստիպված ենք արձանագրել, որ մեր երկրում ոչ մոտակա, ո՛չ էլ հեռու առաջիկայում իրական ժողովրդավարություն չի լինի, եթե իշխանությունը փոխանցվի նշված երեք առանցքներից որեւէ մեկին: Քանի որ նրանք երեքն էլ ցույց են տվել, որ ժողովրդավարության իրենց ընկալումների գագաթնակետը խոսքի «թայֆային ազատությունն է»:
ԹԱՅՖԱԲԱԶՈՒԹՅՈՒՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ