Տարբեր աղբյուրներից սպրդող տեղեկությունները, թե Սերժ Սարգսյանը մտադիր չէ ընկրկել եւ առաջիկայում նոր թափ է հաղորդելու սահմանադրական փոփոխությունների գործընթացին, ցույց են տալիս, որ սույն հիմնահարցը առաջիկայում դառնալու է Հայաստանի ներքաղաքական պայքարի առանցքը: Հաշվի առնելով նաեւ այս հանգամանքը՝ հարկ է կրկին անդրադառնալ «Հայեցակարգ» կոչված փաստաթղթին, որտեղ իշխանությունները հասարակությանը ցույց են տալիս բարեկեցության ճանապարհը:
Սարգսյանի կողմից ստեղծված այդ հանձնաժողովի՝ նախաձեռնած փոփոխությունները հիմնավորելու փաստարկներից հերթականը առնչվում է արդարադատության համակարգին եւ հասարակություն-սահմանադրություն անջրպետին:
Այսպես՝ փաստաթղթի «Ներածություն» բաժինն ավետում է, որ «սահմանադրական մակարդակում դատական իշխանության մարմինների գործառութային անհստակությունները, կառուցակարգային լուծումների ու դատավարական ընթացակարգերի անկատարությունը բացասական լուրջ ազդեցություն են ունենում հատկապես դատական իշխանության գործառութային անկախությունը երաշխավորելու գործում»: Այս պնդումը հատկապես կարեւորվում է այն համատեքստում, որ հեղինակները, թեկուզ եւ անուղղակիորեն, ընդունում են գործադիր իշխանության՝ իրական անկախություն չունենալու հանգամանքը: Այլ խնդիր է, որ «մեղքը» տվյալ պարագայում բարդվում է սահմանադրականության հիմնախնդրի վրա: Սակայն հարցը դիտարկելով մեկ այլ հարթության մեջ՝ տեսնում ենք, որ իրավական նորմերի ու ընթացակարգերի անկատարությունը բնավ էլ չեն կարող գերակշիռ ազդեցություն ունենալ դատական իշխանության անկախության վրա:
Ըստ էության, սահմանադրականությունը գործնական նշանակություն ունի այնքանով, որքանով այն կիրառվում է եւ որքանով դրա տառին հետեւում է քաղաքական վերնախավը: Ի վերջո, դատավարական օրենսգրքում անհրաժեշտ փոփոխություններ իրականացնելով՝ համեմատաբար արագ ու ճկուն մեխանիզմներով կարելի էր հաղթահարել այդ իրավական բացը եւ ոչ թե հենվել սահմանադրության վրա: Փաստերին անդրադառնալով՝ շեշտենեք, որ հայաստանյան դատական համակարգում ընթացակարգային առումով ամենահաճախը հանդիպող դժգոհությունը կապված է դատավորներին բացարկ հայտնելու խնդրի հետ: Այստեղ, օրինակ, իսկապես իրավական հստակեցման անհրաժեշտություն կա, թեպետ մեծ հաշվով, եւ փորձն էլ դա է ապացուցել, որ իշխանության վերնախավի ամենաթողությունը նման նորմերով անհնար է հաղթահարել: 2007թ. դատավոր Պարգեւ Օհանյանը «Ռոյալ Արմենիա» ընկերության գործով Քոչարյանին անհաճո վճիռ էր կայացրել, ինչը հանգեցրեց թե՛ այս դատավորի պաշտոնազրկությանը, թե՛ դատախազության կողմից վճռի բողոքարկմանն ու հաջորդ դատական աստիճանում ցանկալի արդյունքի արձանագրմանը:
Դատավորին անկախ վճիռ կայացնելու համար պաշտոնազրկելով՝ Քոչարյանը սաստեց մյուսների հնարավոր ըմբոստությունը: Հիշենք 2008թ. մարտի 1-ից հետո ձերբակալված գործիչների դատավարությունները, երբ դատավորները, ի հեճուկս փաստաբանների հիմնավորումների, կամայականորեն հրաժարվում էին ինքնաբացարկներից եւ համատարած նույնաբովանդակ վճիռներ կայացնում:
Քաղաքական բնույթ ունեցող դատավարություններում այս խնդիրը առավել ցցուն է, մինչդեռ հասարակ քաղաքացիների ու ԶԼՄ-ների ուշադրությունից վրպիող դեպքերում դրությունն ավելի խայտառակ է: Դժվար է պատկերացնել, որ դատախազության բերած մեղադրանքը այսօրվա դատարաններում չդակվի ու չհաստատվի: Հատկանշական է, որ անգամ արտասահմանյան դիվանագետների ծիծաղն էին հարուցել ՀՀ նախկին գլխավոր դատախազ, այժմ քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի այն պնդումները, թե ընդդիմությունն ու նրա առաջնորդը նեյրոլինգվիստիկ հնարքներ են բանեցրել հանրահավաքների ընթացքում: Ի վերջո, հենց այս օրերին Գյումրիում ծավալված իրադարձությունները ոչ միայն ցույց տվեցին ՀՀ դատախազության ու մյուս իրավապահ մարմինների ահաբեկվածությունը ռուսների նկատմամբ, այլեւ կրկին ապացուցեցին վերջիններիս՝ ՀՀ քաղաքացիների հանդեպ ցուցաբերած չարությունն ու արհամարհանքը:
Եվ ահա, այսքանից հետո «Հայեցակարգում» ներառված մեկ այլ պնդման համաձայն՝ Սահմանադրության ու իրական կյանքի միջեւ առկա է անջրպետ, որը պետք է հաղթահարվի «հասարակական հարաբերությունների սահմանադրականացման ճանապարհով»: Հեղինակները վստահ են, որ «սահմանադրականության դեֆիցիտի հաղթահարումն է կայուն զարգացման երաշխիքը»: Ավելին՝ «սահմանադրական մակարդակով պետք է կարեւորվի անձի սոցիալական վարքագծի, ինչպես նաեւ իշխանության քաղաքական ու հանրային վարքագծի սահմանադրականացումը, եւ երկուսի հիմքում պետք է ընկած լինի իրավունքի գերակայության սկզբունքը»:
Պարզապես անհնար է հակաճառել վերը նշված պնդման հետ, քանզի հասարակական ու քաղաքական գործընթացների սահմանադրականացման եւ Սահմանադրության գործոնը այդ համատեքստում իմպերատիվ դարձնելու գործողություններն են ապահովելու մեր պետության զարգացման կայուն երաշիքը: Նման ճանապարհով են անցել, 17-րդ դարից սկսած, անգլիացիները, 18-րդ դարից՝ ամերիկացիները եւ ֆրանսիական Մեծ հեղափոխության հիմամբ ստեղծված ժողովրդավարական բոլորատեսակ ավանդույթները սերտած ու պաշտպանած ժողովուրդները: Հայաստանն էլ, ըստ այդմ, բացառություն լինել չի կարող:
Խնդիրը, սակայն, կրկին տեղափոխվում է այլ հարթություն՝ ինչպե՞ս հասկանալ սահմանադրականացման գործընթացը: Դրա միակ բանալին բացառապես Սահմանադրությունը հարգելու ու այն ամեն ինչից վեր դասելու սկզբունքն է: Իսկ վերջինս էլ ամենեւին կապված չէ թղթի վրա նշված արձանագրումներից ու հռչակագրային բնույթ ունեցող ելույթներից: Հասարակական հարաբերությունների սահմանադրականացումն, արդ, պետք է տեղի ունենա գործնական դաշտում, երբ պետության նախագահն ու մնացած բոլոր պաշտոնյաներն իրենց քայլերում հիմնվեն Սահմանադրության վրա: Ցավալիորեն, սահմանադրական այս փոփոխություններով նպատակ է դրված միմիայն պահպանելու Սերժ Սարգսյանի՝ իշխանության նկատմամբ ունեցած վերահսկողությունը: Ուստի ներպետական հարաբերությունների սահմանադրականացման մասին թեզը նվազագույնը արժեզրկում է սահմանադրական փոփոխությունների ինստիտուտը եւ ձեռնոց նետում ողջ հասարակությանը:
Նժդեհ Հովսեփյան