Այս ամռանը երգիչ ԱՐՍԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ (Ասո) չի հանգստացել, հաճախակի շրջագայությունների մեջ է եղել: Օգոստոսի վերջին էլ կրկին հյուրախաղերով պետք է մեկնի Մոնակո, այնտեղից՝ Մոսկվա, Խաբարովսկ, սեպտեմբերի սկզբին էլ հնարավոր է` Անթալիա: Երգչի խոսքերով՝ իր ամառները սովորաբար աշխատանքային են լինում, հանգստի մասին չի էլ մտածում:
-Գիտեմ, որ առանց պրոդյուսերի եք աշխատում: Փաստորեն, հրավերներն անձամբ Ձե՞զ են անում:
-Պրոդյուսեր չունեմ, չեմ էլ պատկերացնում, որ ունենամ, իմ համար արդեն ուշ է: Ես շփման մեջ ուրիշ ձեւ եմ, չեմ խնդրի կամ հարցնի պրոդյուսերին՝ կարելի ա գնալ, ընկերոջս էրեխու ծնունդին երգել: Պրոդյուսերն էլ եթե չթողնի, ավելի շատ իրա համար վատ կլինի, քան իմ: Հրավերների հարցով էլ անմիջականորեն ինձ են դիմում:
-Կան երգիչներ, որ ունեն հստակ սահմանված հոնորարի գին ու դրանից քիչ երբեք չեն երգում: Դո՞ւք էլ եք այդ սկզբունքով առաջնորդվում:
-Իմ դեպքում չկա այդպիսի բան, ես նայում եմ մարդու հնարավորությանը: Ամեն դեպքում գոհ եմ իմ աշխատանքից, գոհ եմ, որ մարդիկ ինձ հարգում են, ուզում են իրանց առիթներին ու կազմակերպած համերգներին տեսնեն:
Ես ամեն ամիս էլ դրսում եմ, իմ գումարը վաստակում եմ, ընտանիքս պահում եմ, իմ ծախսերն էլ հոգում եմ:
-Մտածե՞լ եք` Ձեր ժամանակի որ մասն եք անցկացնում օդանավերի մեջ:
-Շատ-շատ ու միշտ էլ կարոտած եմ հետ գալիս: 1 ժամ էլ բացակայեմ, կարոտում եմ իմ տունը: 1 օրից ավել էլ չեմ կարողանում դրսում մնալ: Դրա համար էլ աշխատում եմ միշտ շուտ հետ գալ:
-Երբեւէ պատկերացրե՞լ եք Ձեզ այլ երկրում ապրելիս:
-Ինձ առաջարկել են աշխատել ու դասավանդել Ամերիկայում, բայց ես չեմ համաձայնել, որովհետեւ դրսում կյանքը մի տեսակ սուտ է դառնում: Ընդհանրապես չեմ պատկերացնում ինձ դրսում ապրելիս:
-Վերջերս արտագաղթը մեծ խնդիր է դարձել: Ձեր կարծիքով՝ ի՞նչն է ստիպում մարդկանց հեռանալ:
-Նայած մարդու: Մարդ կա՝ չի կարողանում ապրել, գնում է, կարծում է՝ դրսում հեշտ է, բայց ասեմ Ձեզ՝ դրսում ավելի դժվար է: Էստեղից պատկերացնում են, որ յուղն ու բրինձը լցրած է, իրենք էլ առանց աշխատելու ուտելու են, խմեն ու քեֆ անեն: Նախ աշխատանք գտնելն է պրոբլեմ, ու ամեն ինչ էլ էդքան հեշտ չէ: Հայրենիքն ինձ համար ուրիշ է: Ես վատ օրեր էլ եմ ունենում իմ կյանքում, բայց մտքովս չի անցնում վեր կենալ ու գնալ: Հեռանալու միտքն ինձ անհասկանալի է թվում: Ես դեռ տուն եմ սարքում էստեղ, ո՞ւր հեռանամ:
-Արսե՛ն ջան, հիշում եմ՝ դեռ անցած տարի մեր զրույցի ընթացքում նշեցիք, որ տուն եք կառուցում, չավարտեցի՞ք շինարարությունը:
-Արդեն երրորդ տարին է` կառուցում ենք, հիմա էլ տանիքն ենք սարքում: Դե մեծամասշտաբ շինարարություն եմ նախաձեռնել, 0-ից տուն եմ սարքում՝ մեծ, երեքհարկանի: Երեւի մյուս տարի կտեղափոխվենք:
-Երեւանո՞ւմ է:
-Ավանում: Մեծ առանձնատուն ունենալն ինձ համար երազանքի պես մի բան էր, ուզում էի մեծ նվեր անել երեխաներիս: Հետո էլ ես ծնվել-մեծացել եմ սեփական տանը, կինս էլ բնակարան չի սիրում: Սեփական տունն ուրիշ է, էլի:
-Հիմա վարձո՞վ եք ապրում:
-Այո՛:
-Հաշվե՞լ եք՝ այս տարիների ընթացքում ինչքան գումար է ծախսվել, թե՞ սպասում եք շինարարությունն ավարտվի, նոր հաշվեք:
-Արդեն ուշ է հաշվելու համար, որովհետեւ հենց սկզբից էլ չեմ հաշվել: Որ ավարտեմ էլ շինարարությունը, մեկ ա՝ չեմ զգա, թե ինչքան ծախսվեց: Հետո չեմ էլ ուզում հաշվեմ, էս տունը չի սարքվում, որ վաճառվի, ինչքան էլ ծախսվի, մեր համար ա: Աստված կամենում ա, որ ես կարողանամ էս գործը գլուխ բերել, համ էլ որ իմ քրտինքով եմ անում էս ամեն ինչը, չի կարա կեսից հարամվի:
-Փաստորեն, Դուք հետեւում եք հայկական այն ասացվածքին, որ հայ տղամարդը պետք է ծառ տնկի, տուն կառուցի ու զավակ ունենա:
-Ծառ տնկել եմ, տուն կառուցում եմ, բայց դեռ տղա չունեմ: Իմը երկու դուստր է, բայց ոչ մի տղու հետ չեմ փոխի: Հետո ի՞նչ կապ ունի, անպայման պետք է տղա՞ ունենաս, որ մի բան ստեղծես, թող աղջիկներս վայելեն:
ԱՐԴԵՆ ՈՒՇ Է ՀԱՇՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ