Հայաստանի լրատվական դաշտը երեկ ողջ օրը փորձում էր հասկանալ, թե ինչ է ենթադրում Ռուսաստանի պետական լրատվական գործակալության` «ՏԱՍՍ»-ի հաղորդած այն լուրը, ըստ որի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարությանը եւ կենտրոնական բանկին հանձնարարել է. «Ճշտել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ֆինանսական եւ արժութային ոլորտներում հետագա ինտեգրացման ուղղությունները եւ հեռանկարում արժութային միություն ստեղծելու հնարավորությունները»: Հայաստանում առաջին արձագանքն այն եղավ, որ Ռուսաստանը ցանկանում է ԵՏՄ տարածքում միասնական արժույթ մտցնել: Իրականում, սակայն, միասնական արժույթ, առնվազն մոտ ապագայում, քանի դեռ ՀՀ Սահմանադրությունը չեն փոխել, չի կարող լինել: ՀՀ Սահմանադրությամբ Հայաստանի արժույթը դրամն է: Բայց ակնհայտ է, որ Ռուսաստանը ինչ-որ ծրագրեր է սկսել, եւ որ ամենակարեւորն է, այդ մասին չի հայտարարվում, ասենք, ԵՏՄ ղեկավարների հանդիպումից հետո: ՌԴ պետական լրատավամիջոցն է տեղեկացնում, որ Պուտինն իր կառավարությանը եւ ԿԲ-ին հրահանգել է ճշտել եւ խնդիրը մինչեւ 2015-ի սեպտեմբերի 1-ը լուծել: Տարբերակ, որ, օրինակ, ԵՏՄ մյուս անդամները` Հայաստանը, Բելառուսը եւ Ղազախստանը, կամ նրանցից մեկը, կարող են առարկություններ ունենալ ֆինանսական եւ արժութային ոլորտներում հետագա ինտեգրացման հարցում, նույնիսկ չի էլ դիտարկվում: Հայաստանի Կառավարությունը եւ ՀՀ կենտրոնական բանկը երեկ ողջ օրը այդպես էլ ծպտուն չհանեցին ու չպարզաբանեցին, թե երբվանից է Պուտինն իրենց հանձնարարականներ տալիս կամ ավելի ճիշտ՝ երբվանից է նա իրենց հրապարակային հանձնարարականներ տալիս, ի՞նչ է ենթադրում այս հանձնարարականը, Հայաստանի տնտեսությանն էլ ի՞նչ վնաս են պատրաստվում հասցնել հանուն «մեծ եղբայր Ռուսաստանի»:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ 2015թ. փետրվարի 13-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանը որոշել է բավարարել ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի հայցը` ընդդեմ իր նկատմամբ մահափորձ կատարելու համար դատապարտված Վարդան Սեդրակյանի, Սամվել Հարությունյանի եւ Խաչատուր Պողոսյանի: Հիշեցնենք, որ Հայրիկյանը, չբավարարվելով ՀՀ Կառավարությունից ստացած 20 մլն դրամով, 2014-ի փետրվարի 27-ին դիմել էր դատարան` պահանջելով իրեն սպանելու փորձ կատարողներից բռնագանձել 41 միլիոն դրամ՝ որպես բուժման ծախսեր: Դատավոր Արայիկ Մելքումյանը բավարարել է այդ պահանջը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում դատապարտյալ էպոսագետ Վարդան Սեդրակյանի կինը` Ռուզաննա Սեդրակյանը, ասաց, որ բողոքարկելու է վճիռը: «Ինչ կլինի իմ երեխաների հետ, դեռ չգիտեմ, մեր ողջ ունեցվածքը, տունը ամուսնուս անունով է եւ արգելանքի տակ է դրված: Բայց ինչո՞ւ մենք պետք է վճարենք այդ մարդու բուժման համար»,- դժգոհեց Ռուզաննա Սեդրակյանը:
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի եւ մարզի համայնքների ղեկավարների, տարաբնույթ պաշտոնյաների ու նույնիսկ պատգամավորների հետ հարաբերությունները վերջին շրջանում այն աստիճան են լարվել, որ բացի աշխատանքային հարաբերություններից՝ գործնականում որեւէ շփում չկա մարզպետի հետ: Իհարկե, հաշվի առնելով այն փաստը, որ գրեթե բոլորը մարզում ՀՀԿ անդամներ են կամ ՀՀԿ-ամերձ գործիչներ, ուստի շատերը նախընտրում են իրենց եւ մարզպետի հարաբերությունների մասին չբարձրաձայնել` այդ առնչությամբ հարցերին պարզապես պատասխանելով, թե աշխատանքային հարաբերություններ ունեն: Սակայն «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Գեղարքունիքի մարզի մի քանի գյուղապետեր, որոնք գտնվում են ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի «տանիքի» տակ, մարզպետի հրավիրած խորհրդակցություններին անգամ չեն մասնակցում եւ գերադասում են ընդհանրապես Ռ. Գրիգորյանի հետ հնարավորինս չշփվել: Հակոբյանի եւ Գրիգորյանի հարաբերությունները եւս սառն են:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2015 թվականի ընթացքում պատրաստվում է իր կարիքների համար ձեռք բերել երկու սեդան թափքով մեքենա: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այդ նպատակով ՀԾԿ հանձնաժողովը գնման ընթացակարգի մասին հայտարարություն է հրապարակել, ըստ որի՝ ավտոմեքենան պետք է լինի արտասահմանյան արտադրության, կարծես թե տեղականի հնարավորություն էլ կար: Ըստ նկարագրության՝ ՀԾԿՀ-ն փաստացի «ֆուլ» հագեցվածությամբ եւ 2015 թվականի արտադրության չքշված ավտոմեքենաներ է ուզում գնել` կապույտ գույնի: Թե ինչու հենց կապույտ, թերեւս ՀԾԿՀ-ի նախագահը եւ նրա աշխատակազմը կիմանան, ճաշակի հարց է: Նկատենք, որ մինչ օրս ՀԾԿՀ-ն էլեկտրաէներգիայի եւ գազի սակագները բարձրացնելուց բացի՝ ուրիշ ոչինչ չի արել: Ուստի այդ կառույցին պետբյուջեի հաշվին մի հեծանիվ տալը կարելի է շքեղություն համարել: Լավ կլինի, եթե այդ հանձնաժողովի նախագահը եւ անդամները մի փոքր ոտքով շրջեն եւ լսեն, թե մարդիկ ինչ են մտածում իրենց մասին:
ԱՆՊԱՏՐԱՍՏ
Ինչպես հայտնի է` 2015 թվականի հուլիսի 10-ից Հայաստանի ողջ տարածքում հեռուստատեսային հեռարձակման անալոգային համակարգից անցում կկատարվի թվայինի: Տարիներ շարունակ ձգձգված այս գործընթացի մեկնարկը մի քանի անգամ հետաձգվել է` այդ ընթացքում նաեւ իշխանություններին հնարավորություն տալով կապուղիների մրցույթներն անցկացնել իրենց համար ցանկալի սցենարներով եւ թվայնացման պատրվակի տակ սահմանափակելով կապուղիների թիվը` դաշտից դուրս թողնել անցանկալի լրատվամիջոցներին:
Սակայն Հայաստանի ստանձնած այս միջազգային պարտավորության վերջնաժամկետը, այնուամենայնիվ, ռետինե չէր, եւ ՀՀ իշխանությունները, ի վերջո, ստիպված էին գնալ եթերի թվայնացմանը` անգամ եթե դրան վերջնականապես պատրաստ չէին: Արդյունքում` հեռուստատեսությունը որպես ինֆորմացիայի առաջնային աղբյուր դիտող ՀՀ քաղաքացիների 80 տոկոսի մի զգալի մասը, ըստ որոշ հարցումների՝ ընդհուպ մեկ երրորդը, առաջիկայում կանգնելու է իր` տեղեկացված լինելու իրավունքի սահմանափակման խնդրի առջեւ, կամ, պարզ ասած, զրկվելու է հեռուստացույց դիտելու հնարավորությունից:
Բանն այն է, որ հին մոդելի հեռուստացույցները չեն կարող ապահովել թվային հեռարձակումը: Դրա համար կարիք կա լրացուցիչ դեկոդերների, որոնց նվազագույն գինը սկսվում է տասը հազար դրամից: Իհարկե, պետությունը պարտավորվում է սոցիալապես անապահով խավերին այդ սարքերը տրամադրել անվճար, սակայն մեծ հարց է, թե ինչ չափանիշներով է դա որոշվելու, եւ, ամենակարեւորը, ինչ որակի ապակոդավորող սարքեր են հատկացվելու:
Ու թեեւ այս դեպքում պետությունը համապատասխան տենդեր չի հայտարարել, եւ շուկայում առկա են տարբեր արտադրության եւ տարբեր գների ապակոդավորող սարքեր, կասկածից դուրս է, որ անվճար հատկացվողները կլինեն, մեղմ ասած, որակապես ոչ լավագույնները: Մեզ մոտ անգամ վճարովի հիմունքներով քաղաքացիներին պարտադրված սարքերն են անորակ լինում, ուր մնաց` անվճար հատկացվողները: Դրա լավագույն օրինակը գազի ներտնային անվտանգության` չինական արտադրության սարքերն են, որոնց վիճելի որակական հատկանիշները հայտնի են բոլորին:
Բացի այդ` այսօր ՀՀ միջին վիճակագրական ընտանիքների մեծ մասի համար լրացուցիչ 10 հազար դրամի ծախսը զգալի բեռ է, եւ պետությունը պարտավոր է ապակոդավորող սարքեր հատկացնել նոր մոդելի հեռուստացույց չունեցող անխտիր բոլոր ընտանիքներին, կամ էլ` մշակել մատչելի վարկային փաթեթ` նոր մոդելի հեռուստացույց գնելու համար:
Ամենամեծ խնդիրը, սակայն, սպասվելիք փոփոխության մասին հանրության տեղեկացվածության պակասն է, եթե չասենք` բացակայությունը: Մի խոսքով, այս բարեփոխումը եւս մեզ մոտ իրականացվում է «ուզում էինք ավելի լավ, բայց ստացվեց ինչպես միշտ» տարբերակով: