ԷՊՈՍԱԳԵՏԻ ԸՆՏԱՆԻՔԸ ԴՐՍՈ՞ՒՄ ԿՄՆԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ազգային ինքնորոշում միավորման» նախագահ Պարույր Հայրիկյանը, կարելի է ասել, հասավ իր նպատակին: Նա 2013 թվականի հունվարի 31-ին մահափորձի ենթարկվելուց հետո այդ գործով դատապարտյալներ էպոսագետ Վարդան Սեդրակյանից, Սամվել Հարությունյանից, Խաչատուր Պողոսյանից գումար է պահանջում իր բուժումների համար: Եւ այսօր էպոսագետ Վարդան Սեդրակյանի գույքն ու տունը արգելանքի տակ է:

Հիշեցնենք, որ 2013թ. նախագահական ընտրությունների քարոզարշավի շրջանում՝ հունվարի 31-ին, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ իրականացվեց: Այս գործով որպես պատվիրատու կալանավորվեց նախագահի թեկնածու էպոսագետ Վարդան Սեդրակյանը, քանի որ, ըստ մեղադրանքի, նրա տան «կաֆելչիկներ» Սամվել Հարությունյանը եւ Խաչատուր Պողոսյանն էին ցանկացել սպանել Հայրիկյանին: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը էպոսագետին եւ Խաչատուր Պողոսյանին դատապարտեց 14 տարվա ազատազրկման, իսկ Սամվել Հարությունյանին՝ 12:
Նշենք, որ Պարույր Հայրիկյանի բուժման համար էլ ՀՀ Կառավարությունը տրամադրեց 20.5 մլն դրամ, որով ԱԻՄ առաջնորդը եվրոպական կլինիկաներից մեկում հոգաց իր առողջական խնդիրները: Տպավորությունն այնպիսին էր, որ այսքանով ամեն ինչ պետք է ավարտված լիներ, քանի որ մի կողմից կարծես թե մեղավորները ճաղերի հետեւում են, տուժողը բուժվել է պետության հաշվին: Սակայն Հայրիկյանը որեւէ կերպ չի ցանկանում թերթել այդ էջը:
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը որոշել է, որ իր առոջությանը վնաս հասցրած դատապարտյալներին պետք է դատի տա եւ գումար պահանջի: Եւ այդպես 2014թ. փետրվարի 27-ին նա հայցադիմում էր ներկայացրել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ Վարդան Սեդրակյանից, Սամվել Հարությունյանից եւ Խաչատուր Պողոսյանից պահանջելով բռնագանձել վնասի փոխհատուցում` 42 միլիոն 524 հազար դրամ: Այսինքն՝ Հայրիկյանը չի բավարարվել Կառավարության տրամադրած 20.5 մլն դրամի բուժման արդյունքներով եւ որոշել է նոր բուժման կուրսերի գնալ այս անգամ դատապարտյալների հաշվին:
Էպոսագետ Վարդան Սեդրակյանի ներկայացուցիչը գործի քննության ժամանակ առարկել էր հայցի դեմ եւ խնդրել դատարանից մերժել Հայրիկյանի հայցը: Իսկ Սամվել Հարությունյանը ներկայացրել է գրավոր պատասխան եւ հայտնել, որ իրենք պարտավոր չեն հոգալու Հայրիկյանի կարիքները, եւ Բելգիայի բժշկական եզրակացության պատճենը ապացույց չէ՝ հայցը բավարարելու համար: Խաչատուր Պողոսյանի հարազատներն ընդհանրապես արհամարհել էին հայցը:
Արդյունքում՝ շուրջ մեկ տարի տեւած քննությունից հետո այս գործով դատավոր Արայիկ Մելքումյանը մարտի 13-ին որոշեց Վարդան Սեդրակյանից, Խաչատուր Պողոսյանից եւ Սամվել Հարությունյանից հօգուտ Պարույր Հայրիկյանի բռնագանձել 41 միլիոն դրամ եւ 4 հազար դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար: Իսկ, ահա, բուժման հետ կապված այլ հավելումներ ստանալու համար 2 միլիոն 424 հազար դրամի պահանջը մերժեց:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում էպոսագետ Վարդան Սեդրակյանի կինը` Ռուզան Սեդրակյանը, հայտնեց, որ բողոքարկելու է այս վճիռը. «Այն, ինչ մենք ունենք, Վարդանի ունեցվածքն է եւ իր անունով է: Բնակարանը, որտեղ ես ապրում եմ իմ երեխաների հետ, ամեն ինչ հիմա արգելանքի տակ է, եւ չգիտեմ, թե այս ամենից հետո ինչ է լինելու իր երեխաների հետ: Բայց անկախ ամեն ինչից, բողոքարկելու եմ այս որոշումը: Չէի սպասում, որ այսպիսի որոշում կլինի, որեւէ հիմնավոր ապացույց չներկայացվեց դատարան, թե ինչո՞ւ պետք է այսքան գումար մենք տանք»:

 

 

 
1000 ԴՈԼԱՐ ՊԱՐՏՎԵՑ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

2015թ. մարտի 5-ին Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Շիրակ Թորոսյանի եւ նրա հորեղբոր որդու՝ Արտակ Թորոսյանի գործով դատական վճիռը: Եվ այսպես՝ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Շիրակ Թորոսյանն ու նրա հորեղբոր որդին` Արտակ Թորոսյանը, դատարանի վճռի պարտադրմամբ «Սեֆ ինտերնեյշնլ ունիվերսալ վարկային կազմակերպություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պետք է վճարեն 994 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ եւ 15 հազար դրամ: Ու մինչ վճարումը, հանրապետական պատգամավորի գույքը արգելանքի տակ կմնա:

Եվ այսպես՝ ինչո՞ւ է ՀՀԿ-ական պատգամավոր Շիրակ Թորոսյանի անունը հայտնվել դատարանում:
2014թ. հունիսի 11-ին «Սեֆ ինտերնեյշնլ ունիվերսալ վարկային կազմակերպություն» ՍՊԸ-ն դիմել է Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ՀՀԿ-ական պատգամավոր Շիրակ Թորոսյանից եւ նրա հորեղբոր որդուց` Արտակ Թորոսյանից հօգուտ «Սեֆ ինտերնեյշնլ ունիվերսալ վարկային կազմակերպություն» ՍՊԸ-ի բռնագանձել 994.51 ԱՄՆ դոլար եւ 15 հազար ՀՀ դրամ:
Դատարանում վարկային կազմակերպության ներկայացուցիչը հայտնել է՝ 2012թ-ին անհատ ձեռներեց Արտակ Թորոսյանի եւ վարկային կազմակերպության միջեւ կնքվել է պայմանագիր, համաձայն որի պատասխանող ԱՁ Արտակ Թորոսյանին ձեռնարկատիրական գործունեության զարգացման նպատակով տրվել է 3 միլիոն ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ: Վարկը տրամադրվել է մինչեւ 2014թ. մարման ժամկետով, տարեկան 17% դրույքաչափով:
Պատգամավոր Թորոսյանն ընդամենը եղել է գործով երաշխավոր Արմեն Խաչիկյանի հետ միասին: Ու քանի որ պատգամավորի հորեղբորորդին, ըստ վարկային կազմակերպության ներկայացուցչի, պայմանագրով ստանձնած պարտավորությունները պատշաճ չի կատարել, պարբերաբար խախտել է վարկի մարման ժամանակացույցը. «Ընկերությունը պարբերաբար ծանուցել է պատասխանողներին վարկային եւ երաշխավորության պայմանագրերով ստանձնած պարտավորությունները չկատարելու մասին, պահանջել է կատարել այն՝ միաժամանակ ներկայացնելով պարտավորության չափը: Սակայն պատասխանողները չեն կատարել իրենց պարտավորությունները»:
Նկատենք, որ դատարանը ՀՀԿ-ական պատգամավոր Շիրակ Թորոսյանին, նրա հորեղբոր որդուն` Արտակ Թորոսյանին, եւ այս գործով եւս մեկ անձի՝ Արմեն Խաչիկյանին, ծանուցել է դատական նիստերի մասին, սակայն դատական ծանուցագրերը հետ են վերադարձվել դատարանին, քանի որ այս գործով Արտակ Թորոսյանի եւ Արմեն Խաչիկյանի փաստացի գտնվելու վայրն անհայտ է եղել, ուստի դատարանը որոշել է գործը քննել պատասխանողներ ԱՁ Արտակ Թորոսյանի, Արմեն Խաչիկյանի բացակայությամբ: Իսկ, ահա, պատգամավոր Շիրակ Թորոսյանին համատիրության աշխատակցի միջոցով ծանուցվել է դատական նիստի օրվա եւ ժամի մասին: Սակայն նա այդպես էլ չի ներկայացել դատական նիստին: Ուստի դատավոր Էդուարդ Ամալյանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ մասով, որոշել է գործը քննել պատասխանողների բացակայությամբ:
Արդյունքում՝ 8 ամիս քննելով այս գործը՝ մարտի 5-ին դատարանը որոշել է ՀՀԿ-ական պատգամավոր Շիրակ Թորոսյանից, նրա հորեղբորորդի Արտակ Թորոսյանից եւ Արմեն Խաչիկյանից համապարտության կարգով հօգուտ «Սեֆ ինտերնեյշնլ ունիվերսալ վարկային կազմակերպություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բռնագանձել 994 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ եւ 15 հազար վաթսուն չորս ՀՀ դրամ: Ավելին՝ դատարանը որոշել է մինչեւ նշված անձիք չկատարեն դատարանի որոշումը, ապա անհատ ձեռներեց Արտակ Թորոսյանին, Շիրակ Թորոսյանին եւ Արմեն Խաչիկյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի վրա դրված արգելանքը չի հանվի: Վճիռը կամովին չկատարելու դեպքում կկատարվի ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով:

Նյութերը՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

 

 

 

ԴԵՌ ՎԱՂ Է ԽՈՍԵԼ
ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի վերաբերյալ իր նամակին ի պատասխան ՌԴ իր գործընկերոջից դեռեւս պաշտոնական պատասխան չի ստացել: «Ես ձեզ վստահեցնում եմ, որ մենք այս պահին մեր օրենսդրությամբ, այսինքն՝ տվյալ միջազգային պայմանագրում սահմանված ընթացակարգերին համապատասխան իրացրել ենք մեր հնարավորությունները: Հիմա Ռուսաստանի կողմից ստացված կամ ստացվող արձագանքի արդյունքում արդեն կքննարկենք եւ կգնահատենք մեր հետագա քայլերը»,- երեկ լրագրողների հետ զրույցում այսպիսի մեկնաբանությամբ է հանդես եկել գլխավոր դատախազը:
Վերջինս, ինչպես եւ կարելի էր սպասել, հրաժարվել է բացել փակագծերը, թե ինչ բովանդակությամբ է եղել ՌԴ գործընկերոջն ուղղված նամակը: Ու մինչ օրս թվացյալ լայն թափով շարունակվող քննությունը դեռ գրեթե որեւէ հարցի պատասխան չի տվել: Ու թեեւ այս օրերին նախկինի պես բողոքի ալիք չի բարձրանում, այնուամենայնիվ, բացառված չէ, որ կրկնվեն: Արդյո՞ք Գեւորգ Կոստանյանը հիշում է զայրացած գյումրեցիներին տված տղամարդու իր խոստումը եւ այն չկատարելու համար արդյո՞ք պատրաստ է հրաժարական տալ. «Ես երբեք չեմ խոստանում բաներ, որոնք ի վիճակի չեմ կատարել: Եթե դուք համադրեք բոլոր այն խոստումները, որոնք տվյալ գործի շրջանակներում եղել են, վստահ եմ՝ կտաք ավելի զգույշ, չափավոր, պարկեշտ գնահատական: Հարցն ունի միջազգային իրավական կոնտեքստ, միայն ՀՀ գործողություններով չի կարող պայմանավորված լինել ելքը»:
Հանրապետության թիվ մեկ դատախազը անդրադարձ է կատարել նաեւ քրեական աշխարհում գրանցված վերջին արյունալի բախումներին: Գ. Կոստանյանը, մեկնաբանելով ստեղծված քրեածին իրավիճակը, ասել է, որ վաղ է խոսել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ կատարված սպանությունների պատճառների մասին: Գլխավոր դատախազը, սակայն, ավելորդ չի համարել շեշտել թե՛ զենքի ապօրինի շրջանառության ծավալների հսկողության խստացման, թե՛ հանցավոր վարքագծի հիմքում դրված այլ հանգամանքների վերացմանն ուղղված միջոցառումների ավելի արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը. «Ես վստահ եմ, որ բոլոր հանցանքների քննարկման ընթացքում կունենանք համալիր եւ ավելի համակարգային մոտեցում՝ ուղղված այդ հանցածին վիճակի վերացմանը»:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

ԶԻՆՎԱԾ ԷԻՆ
Մարտի 4-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով մահացած Երրորդմասցի Լյովիկ անունով հայտնի Լեւոն Ղազարյանին պատկանող «Լեքսուս 470» ավտոմեքենայից, «Փաստինֆո»-ի տեղեկություններով, իրավապահները մեծ թվով զենք-զինամթերք են հայտնաբերել: Մասնավորապես ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել է «Ֆաբառմ» տեսակի մեկ փողանի հրացան՝ իր փամփուշտներով, «Սայգա» տեսակի ինքնաձիգ՝ լիցքավորված պահունակով: Իսկ ավտոմեքենայի բեռնախցիկում եղել է արտասահմանյան արտադրության ատրճանակ՝ իր պահունակով:




Լրահոս