Ի՞ՆՉ ԿՏԱ «ԿԻՆՈՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կինոյի մասին» ՀՀ օրենքի նախագիծը մշակման փուլում է: ՀՀ մշակույթի նախարարությունից տեղեկանում ենք, որ ի կատարումն ՀՀ նախագահի հանձնարարականի` «Կինոյի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման վերաբերյալ, ՀՀ մշակույթի նախարարի հրամանով ստեղծվել է մասնագիտական հանձնաժողով, որում ընդգրկված են ոլորտի առաջատար մասնագետներ: Հանձնաժողովի անդրանիկ նիստն արդեն կայացել է:

«Ժողովուրդ»-ը կինոյի ոլորտի մասնագետներից հետաքրքրվել է` «Կինոյի մասին» օրենքի բացակայության պայմաններում որ պարագաներում են տուժել վերջիններս, ինչ կտա մեզ այս օրենքը, եւ ինչ հեռանկարներ է այն մեր առջեւ բացում:
Կինոգետ, կինոքննադատ Սուրեն Հասմիկյանի համոզմամբ` վերոնշյալ օրենքը պետք է լինի հստակ` նպաստելով ազգային կինոյի կայացմանը: «Օրենքը պետք է ներառի կետեր, որոնք մեր ազգային կեցվածքին չդավաճանելու գրավական կհանդիսանան: Պատահում են դեպքեր, երբ ֆիլմի ֆինանսավորումը լինում է դրսից, եւ այդ դրսի հովանավորն էլ թելադրում է իր կամքը. արդյունքում կինոն չի ծառայում ազգայինի գաղափարին: Լավ կլիներ պետությունն այդ դեպքում ունենար հսկողության եւ միջամտության իրավունք»: Կինոգետը, սակայն, ընդգծեց` կարեւորն այն է, որ այդ օրենքը ձեւական բնույթ չկրի. չէ՞ որ մեզ մոտ օրենքները հաճախ են խախտվում:
Կինոօպերատոր Լեւոն Աթոյանցն էլ, ով 1955-ից երկար տարիներ աշխատել է «Հայֆիլմ»-ում, դեմ է որոշ արվեստագետների այն կարծիքին, ըստ որի՝ «արվեստը օրենք չի սիրում»: «Բայց չէ՞ որ կինոն նաեւ արտադրություն է, եւ առանց օրենքի մի շարք հարցերում ստիպված կլինեք տուժել: Ինքս բազում անգամներ տուժել եմ այդ օրենքի բացակայությունից: Օրինակ` իմ նկարահանած «Զինվորն ու փիղը» ֆիլմը վաճառելու միջոցով որոշ մարդիկ դոլարներ կիտեցին, բայց ինձ ոչ մի գումար չհասավ: Իսկ եթե լիներ օրենք, եւ հստակ սահմանվեր, որ քո նկարած ֆիլմը հնարավոր չէ առանց քեզ հետ համաձայնեցնելու վաճառել ու քեզ էլ գումար բաժին չհանել, մենք այս օրը չէինք ընկնի»,-նկատեց օպերատորը:
Նա նաեւ նշեց` որպեսզի խուսափենք այնպիսի դեպքերից, երբ պետբյուջեի ֆինանսավորմամբ որոշ ֆիլմերի վրա ծախսված գումարներ կորչում են, հարկավոր է ունենալ «Կինոյի մասին» օրենք, որպեսզի վերջինիս միջոցով վերահսկողություն սահմանվի ողջ գործընթացի վրա:
Կինոռեժիսոր Հակոբ Իսկուդարյանի համոզմամբ էլ՝ «Կինոյի մասին» օրենքը թույլ կտա զարգացնել կինոարտադրությունը, մասնագիտական առումով զտել դաշտը. «Բայց սա այն դեպքում հնարավոր կլինի իրագործել, եթե օրենքը չմնա դարակներում, թղթերի վրա, այն կիրառել է պետք, մի բան, որ մեր երկրում չի արվում: Բազմիցս համոզվել ենք, որ ինչ օրենք էլ գրես-չգրես, միեւնույն է, ամեն մեկն անում է այն, ինչ ուզում է: Մտավախություն ունեմ, որ «Կինոյի մասին» օրենքն էլ նույն ճակատագրին կարժանանա»,-նշեց նա:
Կինոռեժիսոր, սցենարիստ Միքայել Դովլաթյանն էլ օրենքի անհրաժեշտությունը տեսնում է հատկապես այլ երկրների հետ համատեղ արտադրություններ իրականացնելիս. «Շատ երկրներ ունեն «Կինոյի մասին» օրենք, եւ երբ գալիս է որեւէ երկրի, օրինակ` Ֆրանսիայի հետ համագործակցելու պահը (իսկ վերջերս այդ առիթները հաճախակի են դարձել), պայմանագիր կնքելու հարց է առաջ գալիս: Հղումներ են տրվում «Կինոյի մասին» օրենքին, որը մենք չունենք, ուստի ածանցյալ կերպով հղումներ ենք անում այն օրենքների վրա, որոնք ինչ-որ առումով մոտ են դրան: Այսպիսով, եթե օրենքը ունենանք, ավելի ազատ եւ հստակ կգործենք»,-մեկնաբանեց Մ.Դովլաթյանը:
Նա նաեւ ընդգծեց, որ «Կինոյի մասին» օրենքը միայն արտադրությանը չի վերաբերում, այլեւ, օրինակ, ցուցադրմանը: «Նույն Ֆրանսիայում, օրինակ, գործում է ֆրանսիական կինոն ամերիկյան ֆիլմերից «պաշտպանելու» ճկուն օրենք: Կինոթատրոնները, որոնք ցուցադրում են ֆրանսիական կինոնկար, մեծ արտոնություններ ունեն մյուս կինոթատրոնների նկատմամբ: Այսինքն` օրենքը միտված է ազգային կինոյի զարգացմանը»,-ընդգծեց կինոռեժիսորը:

 

 

 

 

«ՈՒԶՈՒՄ ԵՄ ԱՆՀՈԳ ՀԱՆԴԻՍԱՏԵՍ ՏԵՍՆԵԼ»

Երեւանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Նարեկ Հայկազյանը, ով հանրությանը հայտնի է նաեւ սերիալներից, նշում է, որ հանդիսատեսի աչքերում այսօր ուրախությունը պակասել է: դերասանի կարծիքով` դա պայմանավորված է սոցիալ-տնտեսական խնդիրներով, որոնք պետք է լուծի պետությունը:

-Նարե՛կ, գիտենք, որ այժմ աշխատում եք «Դեպք մետրոյում» ներկայացման շրջանակներում: Կպատմե՞ք չարագործի Ձեր կերպարի մասին. ո՞րն է նրա ասելիքը:
-Իմ մարմնավորած կերպարը մարդկանց վախի ու անտարբերության հետեւանքով դարձել է գազան: Ասելիքը հետեւյալն է` հիվանդ հասարակությունն է ծնում չարագործներին: Եթե մարդիկ լինեն համախմբված, չարագործները գլուխ չեն բարձրացնի:
-Մի առիթով նշել եք, թե կուզենայիք` Ձեր աշխատավարձն այնքան բարձրանար, որ միայն թատրոնում աշխատելով կարողանայիք ապրել: Ըստ Ձեզ, արդյոք երբեւէ նման բան հնարավոր կլինի Հայաստանում:
-Հայաստանում բոլոր ոլորտներում էլ աշխատավարձի ցածր լինելու խնդիրն առկա է: Կարծում եմ` նախ հարկավոր է ժողովրդին կրկին դարձնել թատերասեր, բացի այդ` պետք է նրան ֆինանսավորել այնքան, որ առանց մտածելու գա ու թատրոնի դրամարկղից գնի ուզած տոմսը: Այդ ժամանակ իմ աշխատավարձն էլ բարձր կլինի, եվ դերասանը վերջապես գոհ կմնա:
-Թատրոնի տված հոգեւոր սնունդի ներգործությունը կարո՞ղ է արդյունավետ լինել առօրյա հոգսերի մեջ թաղված հանդիսատեսի համար:
-Մենք շատ լավ հանդիսատես ունենք, ուղղակի, իրոք, նրա հոգսն է շատ: Ուզում եմ անհոգ հանդիսատես տեսնել: Մարդկանց աչքերում ուրախությունը քիչ է. դա կապված է սոցիալ-տնտեսական հարցերի հետ, պետության լուծելու խնդիրն է: Թատրոնը կարող է միայն մտավոր եւ հոգեւոր աշխարհը կայուն պահել:
-Հիմա մեր երկրում կա՞ մի խնդիր, որը որպես քաղաքացի Ձեզ շատ է մտահոգում:
-Ինձ անհանգստացնում է մեր սահմանների լարված դրությունը: Ուզում եմ, որ մեր զինվոր տղաները ծառայեն խաղաղ երկնքի տակ: Մեր երկիրը նորածնի նման պետք է խնամել, օգնել, անկախ այն հանգամանքից, թե ինչ մասնագիտություն ունես, որտեղ ես աշխատում: Կուզենամ որ երկրի ներսում ավելի հանդուրժող լինենք իրար նկատմամբ, քանի որ իրական թշնամին մեր երկրի սահմաններից այն կողմ է: Ամեն դեպքում ես լավատես եմ եւ գիտեմ, որ ամեն խնդիր դրական լուծում է ստանալու:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 

 

 

 
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին
նոր ստեղծված կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի նախագահին
Երեւանի Արամ Չոլակյան N 26 տան բնակիչներ՝
Լիպարիտ Մանուկյան,
Նատալիա Ավագյան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2007թ. նոտարական գրասենյակի կողմից կատարված պայմանագրով «ԳԱՊ բնակշին» ՍՊԸ-ի հետ կնքեցինք պայմանագիր, որի հիման վրա $ 134.160 դոլարի դրամարկղային մուտքի օրդերի անդորրագիր ստացանք: Մեր վճարված գումարը հաստատված է, որ օգտագործվել է Արամի փողոցի 72-80-ի հասցեի 16 հարկանի շենքի կառուցման համար: Այնուհետեւ բնակարանները բաժանվել են նույնիսկ այն շահառուներին, որոնց գումարը չի ներդրված շենքի կառուցմանը, Ֆորս մաժորի պատճառով դիմեցինք դատարան՝ ունենալով դատավճիռներ:
1.ԵԿԴ-ի գործ թիվ 2771\02\9 18.06.2010թ.
2. Վարչական դատարանի ՎԴ 4586\05. 08.12.2011թ..
3. Վարչական վերաքննիչ դատարանի որոշում 28 հունիսի 2012թ.
Ա.Ն. նախարարության ԴԱՀԿ-ի համապատասխան կառույցը 14.12.2009թ. մինչեւ 14-12.2012թ. կոռուպցիայի դրսեւորումներից ելնելով՝ չկատարեցինք դատավճիռների պարտավորությունները, այսինքն՝ բռնագանձում չկատարեցին: Այժմ տարբեր կառույցներ խորհուրդ են տալիս դիմել նոր դատավճիռների: Այսինքն՝ ցանկանում են խլված բնակարանս կամ մուծված գումարս չվերադարձնելու «արդարացի» միջոցներ փնտրել: Մեզ չի բավարարում այլ լուծում, քան վճիռներից ելնելով՝ կատարումը:
Ստիպողական հարկադիր այլ քայլերի մի՛ պարտադրեք:
Դիմողներ՝ Ն. Ավագյան, Է. Մանուկյան
09.03.2015

 

 
ՆՈՐ ՖԻԼՄ
Շուտով հայկական արտադրության ֆիլմերի շարքին կավելանա եւս մեկը. ռեժիսոր եւ սցենարիստ Մհեր Մկրտչյանը նկարահանում է «Հաջողակները» անվանումով նոր կինոնկար, որի շրջանակում մարդկանց զանազան պատմություններ միահյուսվում են եւ դառնում մեկ պատմություն: BRAVO.am-ի հետ զրույցում ֆիլմի դերակատարներից Նազենի Հովհաննիսյանը պատմել է իր մարմնավորած կերպարի մասին. «Նա քառասունն արդեն բոլորած կին է, որը, սակայն, չի դադարում մնալ աղջնակ եւ երազել մեծ ու մաքուր սիրո մասին: Նա կին է, որը չի ուզում զոհել իր ընտանիքը` առաջնորդվելով հարմարավետ կոմֆորմիզմով, այլ նախընտրում է առողջացնել այն, թեկուզ` կորուստների գնով»,-ասել է նա:

 

ԱԼ ՊԱՉԻՆՈՆ ԱՄՈՒՍՆԱՆԱԼՈՒ Է
Օրերս ամերիկյան հայտնի դերասան Ալ Պաչինոն սենսացիոն հայտարարություն է արել եւ ողողել ողջ մամուլն իր մասին լուրերով: Նա նշել է, որ առաջին անգամ պատրաստվում է ամուսնանալ 35-ամյա դերասանուհի Լյուսիլա Սոլեի հետ: Hollywood.com-ի փոխանցմամբ` 74-ամյա Ալ Պաչինոն խոստովանել է, որ շատ կցանկանար ամուսնանալ իր ընկերուհու` Լյուսիլա Սոլեի հետ: Ալ Պաչինոյի խոսքով` հավանաբար, երկրպագուները շուտով կլսեն իրենց հարսանեկան արարողության մասին լուրը:




Լրահոս