ԴԱՌԸ ՓՈՐՁ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր լրանում է  հայ-թուրքական արձանագրությունների հրապարակման երեք տարին:  Համայն հայության մոտ շոկ առաջացրած այդ արձանագրությունները, որոնցով հայկական կողմը պարտավորվում էր ընդունել գործող սահմաններն ու  ըստ էության քննարկման առարկա դարձնել Ցեղասպանության հարցը,  իշխանությունների կողմից ներկայացվում էին որպես հայկական  նախաձեռնողական արտաքին քաղաքականության  ձեռքբերում, քանի որ  արձանագրություններում հիշատակված չէր Ղարաբաղի հարցը, իսկ պատմական ենթահանձնաժողովի ստեղծման ու դրա  գործառույթների շրջանակն էլ բավական մշուշոտ էր: Բուռն քննարկումների ու Հայաստան- Սփյուռք լրջագույն պառակտման  հանգեցրած այդ արձանագրություններն այսօր սառեցված են. 2010թ. ապրիլի 22-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով Ազգային Ժողովում  դրանց հետագա ընթացքը կասեցվեց, քանի որ արդեն իսկ ակնհայտ դարձավ, որ Թուրքիան չի պատրաստվում վավերացնել այդ տխրահռչակ արձանագրությունները:  Եւ այսօր, հետահայաց  անդրադարձ կատարելով  երեք տարի առաջ  մեկնարկած գործընթացին, դժվար է  միանշանակ ասել` Հայաստանը դրանից շահեց, թե կորցրեց: Ամեն դեպքում, ակնհայտ է մի բան. իրավիճակը տարածաշրջանում եւ աշխարհում երեք տարի առաջ եւ այսօր միանգամայն տարբեր է: Ու, թերեւս, երեք տարի առաջ այն եզակի  պահն էր, երբ աշխարհաքաղաքական կենտրոնների շահերն առավելագույնս  մոտեցել էին: Ուստի  անկախ գրանցված արդյունքից, թերեւս  արժեր ձեռնարկել հայ-թուրքական գործընթացը, համենայնդեպս` գոնե փորձել, հետագայում  այդ հնարավորությունը չօգտագործած լինելու մեղադրանքներից  զերծ մնալու համար:
Առավել եւս, որ հայ-թուրքական արձանագրությունների գործընթացում արտաքին քաղաքականության առումով մեր երկիրը ոչինչ չկորցրեց, ինչ-որ տեղ անգամ  շահեց`  ցույց տալով, որ Հայաստանը ստանձնած   պարտավորությունները հարգող երկիր է: Այս գործընթացից, սակայն, զգալի կորուստներ ունեցանք ներքին միասնականության առումով: Որքան էլ փորձ արվի պնդել հակառակը, ակնհայտ է, որ Հայաստան-Սփյուռք հարաբերություններն այս գործընթացից հետո նկատելիորեն սառեցին, եւ անգամ  գործընթացի կասեցումից  երկու տարի անց չի հաջողվում մինչեւ վերջ  հանել այն սեպը, որը խրվեց Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ:  Հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված ամենամեծ կորուստը, սակայն, արձանագրվեց ուղիղ երեք տարի առաջ`  նախաստորագրված այդ փաստաթղթերի հանրային քննարկման ընթացքում: Երբ պարզ դարձավ, որ Հայաստանի գիտական  եւ մտավորական շրջանակները պատրաստ են «ադաբրյայմս»  անել  ցանկացած փաստաթուղթ, եթե իրենց այդպես հրահանգվի Բաղրամյան 26-ից: Դրա ամենավառ օրինակը ՀՀ ԳԱ ակադեմիայում ծավալված քննարկումն էր, որի ընթացքում ընդամենը երկու հոգի  հանդգնեցին   դեմ արտահայտվել այդ արձանագրություններին: Մնացածները, մոռանալով մինչ այդ հնչեցրած իրենց բոլոր «ռազմահայրենասիրական» կոչերը,  նետվեցին գովերգելու Ս. Սարգսյանի  «իմաստուն քաղաքականությունը»:   Ու նաեւ այս առումով հայ-թուրքական  գործընթացը թեկուզ դառը, բայց անհրաժեշտ փորձառություն էր մեզ համար:




Լրահոս