ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՐԱՇՔԸ ՓՈԶՄԻՇ ԵՆ ԱՆԵԼՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հիշո՞ւմ եք՝ իշխանությունները վերջերս ինչ հրճվանքով ազդարարեցին տնտեսական ակտիվության, արդյունաբերության ոլորտում աննախադեպ աճի մասին: Նրանք կարողացել էին օր օրի դատարկվող ու աղքատացող երկրից թվանկարչության միջոցով կերտել զարգացող, տնտեսական աճ արձանագրող մի հրաշք, որին կնախանձեին աշխարհի տնտեսապես ամենահզոր երկրներն անգամ: Բայց արի ու տես, որ Տիգրան Սարգսյանի երջանկությունը երկար չի տեւելու. այս հրաշքի գլխին սեւ-մութ ամպեր են կուտակվում, ինչի արդյունքում այն փոզմիշ է լինելու:
Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը նվազեցրել է զարգացող երկրների ՀՆԱ-ի աճի կանխատեսումը: Ասել է թե՝ զարգացող երկրներում, իսկ Հայաստանը, ըստ իշխանությունների, վերջերս դարձել է այդպիսին, կդանդաղի աճը: Գործակալության վերլուծաբանների գնահատականներով՝ զարգացող երկրների ՀՆԱ-ն ընթացիկ տարում կաճի 5.2%-ով, իսկ հաջորդ տարի՝ 5.7%-ով: Մինչդեռ ապրիլին Moody’s-ը կանխատեսում էր ընթացիկ տարում 5.8%, հաջորդ տարի՝ 6% աճ: Տնտեսության աճն արգելակող գործոնների թվում նշվում են Եվրոպայի խորը ռեցեսիան, նավթի մատակարարման խափանումները՝ պայմանավորված աշխարհաքաղաքական խնդիրներով, եւ ԱՄՆ պետական ծախսումների կտրուկ նվազումը 2013թ. սկզբին: Իրավիճակը պատկերացնելու համար նշենք, որ սա միջազգային տնտեսական հեղինակավոր կազմակերպություններից մեկն է, որի զեկույցներն ուղենշային են: Ճիշտ է, Moody’s-ի կանխատեսումը միգուցե չդառնա համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի նոր ալիքի սկիզբ, բայց եւ անհետեւանք չի անցնի: Իսկ Հայաստանի դեպքում այս ամենի հետեւանքները կարող են լինել շատ վատ: Բանն այն է, որ Հայաստանի դեպքում այս գործոններին գումարվելու են նաեւ տեղական առանձնահատկությունները: Այնպես որ, Հայաստանի տնտեսությանը սպասվում է բավական մշուշոտ, անմխիթար հեռանկար:

Իսկ այդ ժամանակ դատարկ սենյակում
Իշխանություններն առայժմ չեն շտապում արձագանքել Moody’s-ի կանխատեսումներին: Ճիշտ այնպես, ինչպես ժամանակին վարչապետ Տիգրան Սարգսյանը հասարակությանը համոզում էր, թե ֆինանսատնտեսական ճգնաժամը կշրջանցի Հայաստանը: Բայց եղավ ճիշտ հակառակը. ճգնաժամը ոչ միայն չշրջանցեց Հայաստանը, այլեւ բավական լուրջ հետեւանքներ թողեց տնտեսության վրա՝ միանգամից հետընթաց գրանցելով բոլոր ոլորտներում: Կարծես թե հիմա կրկին նման վտանգի առաջ ենք կանգնած: Վտանգներ,     որոնց Հայաստանի տնտեսությունը պատրաստ չէ:
Շիվարած ու անտեղյակ
Երբ ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հայտարարել էր, թե ՀՀ արտաքին պարտքն իրականում 6,5 մլրդ դոլար է, կառավարության անդամները շատ էին զարմացել: Հետո ԱԺ նիստերի դահլիճում նրան էր մոտեցել ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն ու հետաքրքրվել՝ ինչ 6.5 մլրդի մասին է խոսքը: Բագրատյանն էլ պարզաբանել էր, որ ինքը նկատի ունի ոչ միայն պետական պարտքը, որը մոտ 4 մլրդ է, այլեւ ընդհանրապես ՀՀ համախառն արտաքին պարտքը, այդ թվում՝ մասնավոր ընկերություններինն ու բանկերինը:
Հիմա իշխանություններն իրենք են խոստովանում արտաքին պարտքի իրական չափերը, որն այս տարվա ընթացքում բավական ավելացել է՝ անցնելով 7 մլրդից: Ըստ ԱՎԾ հրապարակած տվյալների՝ ՀՀ համախառն արտաքին պարտքը կազմում է 7 մլրդ 344.6 մլն դոլար, որից միայն 3 մլրդ 786.3 մլն դոլարը՝ 51.6 տոկոսը, կառավարության ու ԿԲ պարտքն է, ասել է՝ արտաքին պետական պարտքը: Սա նշանակում է, որ Հայաստանն ուղղակի կքած է ծանր բեռի տակ: Բեռ, որ կուտակել է վարչախումբը՝ իր գոյությունն ապահովելու նպատակով:
Այս տարվա մեջ նվազել են ուղղակի ներդրումները: Առայժմ հրապարակված են 2012թ. առաջին եռամսյակի տվյալները, ըստ որոնց՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համաձայն՝ ներդրումները Հայաստանում նվազել են 52.3 մլն դոլարով՝ կազմելով 105.7 մլն դոլար: Ընդ որում, ուղղակի ներդրումները հիմնականում ուղղվել են հեռահաղորդակցության եւ հանքային արդյունաբերության ոլորտ:
Այնպես որ, առաջիկայում Հայաստանին բավական մեծ դժվարություններ են սպասվում:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս